Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը մասնակցել է զուգընկերոջ կողմից ծեծի ենթարկված և մահացած 43-ամյա Մարինեի հուղարկավորությանը, այս մասին գրառում անելով Ֆեյսբուքում․
«Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։
Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և, իհարկե, եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։
Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին, ինչպիսին բռնությունն է»։
Նշենք, որ ավելի վաղ խորհրդարանում իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորները խոսել են բռնության հերթական դեպքի մասին՝ կարևորելով համապատսխան օրենքի ընդունումը։
Մարինեին սպանել է նրա 28-ամյա զուգընկերը՝ մարտի 4-ին, Գյումրիում գտնվող նրա տան մեջ։ Տղամարդը ծեծել է նաև կնոջ 13-ամյա աղջկան։ Ծեծից մոտ 8 ժամ հետո կինը մահացել է։ Մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկները արձանագրել են Մարինեի մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան անգիտակից վիճակում՝ գանգուղեղային փակ վնասվածքներով, տեղափոխել հիվանդանոց։ Երեխան վիրահատվել է։ Վերջերս հայտնել են, որ աղջիկն արդեն սկսել է ինքնուրույն շնչել և որոշ բառեր արտաբերել։