Home / Հայաստան / Քոչարյանական քարոզչամեքենան, «մեծ սուտը» և դավադրության տեսությունները

Քոչարյանական քարոզչամեքենան, «մեծ սուտը» և դավադրության տեսությունները

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Արմեն Գրիգորյանի հետազոտական հոդվածը վերհանում և վերլուծում է հետհեղափոխական շրջանում նոր թափ առած մեդիա-մանիպուլիացիաների և դավադրության տեսությունների ծագումն ու գործածումը՝ մեծապես կապելով դրանք պուտինյան Ռուսաստանի պետական քարոզչության հետ։

Հետազոտությունը, որոշ կրճատումներով, ստորև․

— Ապատեղեկատվությունը, կեղծ լրատվությունը և դավադրության տեսությունները վաղուց են ներմուծվել հայաստանյան քաղաքական դիսկուրս՝ համացանցի ի հայտ գալուց շատ առաջ: Երիտասարդների մի մասը կարող է պակաս տեղեկացված լինել որոշ իրողությունների վերաբերյալ, այնպես որ անկախության վաղ շրջանի կամ առհասարակ, 1990-ականների «մութ ու ցուրտ տարիներ» պիտակավորումը դեռևս երբեմն ազդեցություն է ունենում:

Միջին տարիքի մարդիկ հեշտությամբ կմտաբերեն պետության այն ժամանակվա ղեկավարների նկատմամբ տարված քարոզչական արշավը. նրանց մեղադրում էին հայկական ԱԷԿ-ը փակելու (այն իրականում փակվել էր ԽՍՀՄ կառավարության 1989թ. որոշմամբ) ու «մազութ ուտելու» և այդպիսով երկրում էլեկտրաէներգիայի պակաս առաջացնելու համար: Քարոզչության հիմնական թեման, այնուամենայնիվ, «Ղարաբաղը ծախելն» էր. այդպես էր քարոզչությունը պիտակավորում փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման առաջարկները:

«Ղարաբաղը ծախելու» հարցը, ի վերջո, այն ժամանակվա ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Ներքին գործերի և անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի և Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից օգտագործվեց որպես պատրվակ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին «պարտվողական» պիտակավորելու և 1998թ. հրաժարական պարտադրելու համար: Հազիվ թե պատահականություն է այն, որ այժմ կրկին «Ղարաբաղը ծախելը» քարոզչության գլխավոր թեմաներից է, որն օգտագործվում է Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և նրանց աջակիցների լրատվամիջոցների, ՀԿ-ների և այլ կառույցների կողմից՝ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ:

Չնայած նշված թեմաներով քարոզչությունը բնորոշ է հենց Հայաստանին, այդուհանդերձ, հնարավոր է զուգահեռ անցկացնել «մութ ու ցուրտ տարիների» և «վայրագ 90-ականների» մասին ռուսական պետական քարոզչության միջև, որով Վլադիմիր Պուտինի իշխանության ժամանակահատվածը ներկայացվում է որպես աննախադեպ կայունության և բարգավաճման դարաշրջան: Միևնույն ժամանակ, հայաստանյան Թավշյա հեղափոխության հակառակորդների կողմից օգտագործվող որոշ քարոզչական նարատիվների ծագումը և արտասահմանում նմանատիպ քարոզչության հետ զուգահեռները բավականին ակնհայտ են: Սույն հետազոտությունը դիտարկում է նմանատիպ նարատիվներից և քարոզչության մեթոդներից մի քանիսը:

ՄԵՐ «ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ» ՔԱՅՔԱՅՈՂ «ՉԱՐ ԱՐԵՎՄՈւՏՔԻ» ՄԱՍԻՆ ԴՐՈւՅԹԸ 

2019թ. դեկտեմբերի 20-ին կրթության բարեփոխման նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագծի դեմ իր էմոցիոնալ ելույթն ավարտեց «հայտնի մեջբերմամբ», որը, ինչպես պարզվեց, մի ծավալուն մեջբերում էր, այսպես կոչված, «Դալեսի պլանից», որն իբրև թե 1946թ. մշակվել էր ԱՄՆ ԿՀՎ ապագա ղեկավար Ալեն Դալեսի կողմից՝ ԽՍՀՄ-ի քաղաքացիների բարոյական արժեքները խաթարելու միջոցով ԽՍՀՄ-ը ոչնչացնելու համար:

Տիկին Զոհրաբյանը գուցե տեղյակ չէր, որ «Դալեսի պլանը», որը հրապարակվել է Ռուսաստանում 90-ականներին՝ դառնալով դավադրության տեսության հիմնաքար, իրականում հիմնված է Անատոլի Իվանովի 1971թ. հրապարակված, խորհրդային քարոզչության նմուշ «Հավերժական կանչ» վեպից մի հատվածի վրա: Նրա անտեղյակությունը կարող էր լինել դավադրության տեսություններով լի ռուսական հեռուստահաղորդումներ դիտելու ու քարոզչական այլ նյութերի ազդեցությանը ենթարկվելու, ինչպես նաև քննադատական մտածողության պակասի արդյունք:

Հատկանշական է, որ դավադրության տեսությունները դարձել են ռուսական քաղաքականության կարևոր մաս: Օրինակ, 2016թ. Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված մի համաժողովի ընթացքում ռուսական բանակի Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իր զեկույցի հիմքում դրել էր մի կեղծ մեջբերում իբր 2012թ. ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ Միթ Ռոմնիի ունեցած ելույթից. իբրև թե Ռոմնին միջոցներ էր առաջարկել ռուսական հասարակությունը բարոյազրկելու համար՝ ասելով՝ մենք տապալել ենք ԽՍՀՄ-ը և կտապալենք Ռուսաստանը»: Մեջբերումը «Դալեսի պլանի» որոշ հատվածների էր նման:

Արևմուտքի ենթադրյալ բարոյական անկումը, որը բնութագրվում է նյութապաշտությամբ, միասեռականությամբ և մեղսագործությամբ, արդեն շուրջ երկու տասնամյակ հայկական քաղաքական դիսկուրսում քարոզչության հիմնական թեմաներից է: 1996թ. Հայաստանը հայտ ներկայացրեց անդամակցելու Եվրոպայի խորհրդին և անդամակցեց 2001թ.: Այդ ժամանակվանից ի վեր որոշ քաղաքական գործիչներ ընդդիմանում էին միջազգային չափանիշների կապակցությամբ ստանձնած որոշ պարտավորությունների կատարմանը: Եղել են բազմաթիվ անհեթեթ պնդումներ առ այն, որ արևմտյան արժեքները հավասարազոր են «ավանդական» կրոնական համոզմունքների, այսինքն Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի ուրացմանը և սեռական այլասերվածություններին: Այդպիսի դատողությունը եզակի հայկական երևույթ չէր:…

…Հատկանշական է, որ երբ Ս. Սարգսյանի նախագահության օրոք ՀՀ կառավարությունը բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, եվրոպականացման ընդդիմախոսները, մասնավորապես, այսպես կոչված, «ծնողական կոմիտեն» և այլ կազմակերպություններ, հանդես գալով որպես «ներմուծված արևմտյան այլասերվածության պատճառով վտանգված ընտանեկան արժեքների պահապաններ», պնդում էին, որ եվրասիական ինտեգրումն ավելի նախընտրելի է, քանի որ Ռուսաստանը, ի հակադրումն Արևմուտքի, «ոչ ավանդական արժեքներ և անբարոյականություն» չէր խթանի:

Արևմտյան ժողովրդավարության պախարակմամբ զբաղվող մի հասարակական կազմակերպություն՝ Երևանի Գեոպոլիտիկ ակումբը (որի ղեկավարը նույն «ծնողական կոմիտեի» առաջնորդն էր), իր հայտարարություններից մեկում նշել էր. «Առկա է բախում աշխարհաքաղաքական բևեռների՝ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության ու իր դաշնակիցների միջև… Ներկայումս միայն այս արևելյան բլոկն է այս կամ այն կերպ մարտահրավեր նետում ապահումանիզացման արժեքներին»:

2013թ., երբ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի ակնկալվող ստորագրումից ամիսներ առաջ նմանատիպ քարոզչությունն իր գագաթնակետին հասավ, քննարկման էր դրված Օմբուդսմենի կողմից ներկայացված խտրականության դեմ օրենսդրական նախագիծը: ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներից մեկն այն քննադատեց բավականին բնորոշ բառապաշարով. «Անհերքելի իրականություն է, որ նշված օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: …օրինականացվելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատավորումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը… վերջնական բարոյազրկումը, որն անխուսափելի է միասեռականության օրինականացման դեպքում»:

Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու, փոխարենը ռուսաստանակենտրոն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու Ս. Սարգսյանի որոշումից հետո նմանատիպ քարոզչությունը ժամանակավորապես թուլացավ, այնուհետև կրկին ակտիվացավ 2015թ. մարտին Երևանում տեղի ունեցած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո, երբ ԵՄ ներկայացուցիչներն առաջարկեցին մշակել համագործակցության նոր մոդել: 

Ճակատագրի հեգնանքով Ս. Սարգսյանի առաջնորդած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Ռ.  Քոչարյանի համախոհները և մերձավորները Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցնելուց հետո արդեն բացահայտորեն դարձան հակաարևմտյան տրամադրությունների, հակագլոբալիզմի, սեքսիզմի և ազգային-պոպուլիստական հռետորաբանության հարակից այլ բաղադրիչների ջատագովներ: Տրամադրությունների նման փոփոխությունը, որը հանգեցրեց «մշակութային պատերազմ» հրահրողներին տրամադրված հսկայական ֆինանսական և մեդիա աջակցությանը (հայկական ԶԼՄ-ների հավանաբար շուրջ 80%-ը դեռ նրանց վերահսկողության տակ է), ինչն ակնհայտորեն պայմանավորված է բնակչությանն «ուղեղների լվացման» ենթարկելու և, ի վերջո, իշխանությունը վերանվաճելու մղումով: Սակայն հարկ է նշել, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին էլ նրա և իր արբանյակների արևմտյան արժեքներին և միջազգային պարտավորություններին նվիրվածությունը եղել է զուտ ձևական ու երեսպաշտական:

ՀԵՌՈւՍՏԱՏԵՍՈւԹՅԱՆ ԴԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉԱՄԻՋՈՑ

Հայաստանյան ներկայիս քարոզարշավը հիմնականում իրականացվում է նախկին ռեժիմի մեդիառեսուրսների, ՀԿ-ների և «քաղաքացիական ակտիվիստների» կողմից (վերջիններից ոմանց գործողություններին դեռ կանդրադառնանք): Այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, նրա առանցքային քարոզիչներից մեկի՝ Վիկտոր Սողոմոնյանի ռուսական RT-ի հետ համագործակցության մասին վերջերս տարածված լուրը լրացուցիչ պատճառ է հիշեցնելու ռուսական ԶԼՄ-ների, հատկապես՝ հեռուստատեսության քարոզչական դերի մասին:

Հարկ է նշել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հետխորհրդային երկրներին պարզապես անվճար չէր առաջարկվում. այն, ըստ էության, մի առաջարկ էր, որը չէր կարելի մերժել:…

Դժվար  չափազանցություն համարվի, որ 1990-ականներին և վաղ 2000-ականներին Հայաստանում և մի քանի այլ երկրներում միջազգային մի շարք նշանակալի հարցերի, ինչպես օրինակ, նախկին Հարավսլավիայում պատերազմի նկատմամբ հանրային տրամադրությունները մեծապես ձևավորվում էին ռուսական հեռուստատեսության ազդեցությամբ: Ռուսական լրատվամիջոցները նաև ջանք չէին խնայում համոզելու իրենց հանդիսատեսին, որ «գունավոր հեղափոխություններն» ԱՄՆ պետդեպարտամենտի կամ ԿՀՎ-ի կազմակերպած դավադրություններն էին, որ Իրաքում պատերազմը սկսվել է ԱՄՆ-ի կողմից նավթի պաշարները զավթելու ցանկության պատճառով (չնայած որ Սադամ Հուսեյնի տապալումից հետո ռուսական «Լուկօյլ» ընկերությանը բաժին հասավ Իրաքում ամենագրավիչ պայմանագրերից մեկը), որ Ռուսաստանի՝ արտասահմանում «հայրենակիցներին պաշտպանելու» գործողություններն արդարացի են, որ մեղքերի մեջ թաղված Արևմուտքը միգրանտների և միասեռականների կողմից ոտնակոխ է արվել և այլն…

ՀԱԿԱԱՐԵՎՄՏԱԿԱՆՈւԹՅԱՆ, ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈւՍԱՑՄԱՆ  ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՈւՄԸ

Հայ-ռուսական հարաբերություններին հասցված ենթադրյալ վնասը, որն ուղեկցվում է «ռուսատյացության» վերաբերյալ շահարկումներով, Ն. Փաշինյանի կառավարության ընդդիմադիրների կողմից սիրված նարատիվներից մեկն է: Նմանատիպ վերաբերմունք է որդեգրվել նաև վերջերս ընդդիմադիր ճամբարը համալրած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից․․․

․․․Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի զանազան աջակիցների կողմից դավադրության տեսությունների, անտրամաբանական և իմաստազուրկ պնդումների վրա հիմնված քարոզչությունը կրում է շարունակական բնույթ: Վերջին օրինակներից էր «Վետօ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի արձագանքն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ազգային բանակի օրվան նվիրված ուղերձին: Ա. Գրիգորյանի ուղերձը ներառում էր մի մեջբերում գեներալ Ջորջ Պատտոնից. «Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»: Դրա հիման վրա Ն. Մալյանը պնդել է, որ Ա. Գրիգորյանը հիանում է գեներալ Պատտոնով, քանի որ վերջինս «ռուսատյաց» էր: Մեկ այլ օրինակ էր «Ադեկվադի» ղեկավար Արթուր Դանիելյանի պնդումը, որ Թավշյա հեղափոխությունը «կազմակերպված էր դրսից, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխությունները, ինչպես նաև՝ արաբական գարնան իրադարձությունները»:

«Ռուսատյացության» նարատիվի և հակաարևմտականության այլ արտահայտությունների ծագումն արժանի է փոքր-ինչ ավելի մանրամասն վերլուծության:

«Չար Արևմուտքի» գաղափարը նկատելի էր դեռևս 1999թ. սկսած, երբ ՆԱՏՕ-ն ներխուժեց Կոսովո, եթե ոչ ավելի վաղ: Այն ուժեղ քարոզչական լիցք ստացավ ու առավել մեծ թափով սկսեց գործածվել ընտրակեղծիքների դեմ զանգվածային բողոքի ցույցերից սկիզբ առած և իշխանափոխության հանգեցրած «գունավոր հեղափոխություններից» հետո՝ Վարդերի հեղափոխությունը Վրաստանում (2003թ. նոյեմբեր), Նարնջագույն հեղափոխությունն Ուկրաինայում (2004թ. նոյեմբեր – 2005թ. հունվար) և Կակաչների հեղափոխությունը Ղրղզստանում (2005թ. մարտ): «Գունավոր հեղափոխությունների»՝ արևմտյան դավադրության արդյունք լինելու մասին պնդումները դարձել են ռուսական քարոզչության շարունակաբար կրկնվող հնարքներից մեկը, իսկ Ռուսաստանի իշխանությունը, փաստորեն, սկսեց հետխորհրդային երկրներում (հետագայում նաև՝ հենց Ռուսաստանում) տեղի ունեցող բոլոր բողոքի արտահայտությունները դիտարկել որպես Արևմուտքի խառնակչության և հակառուսական դավադրության արդյունք:

Նոր թրենդն անմիջապես որդեգրվեց նաև ռուսական զանգվածային մշակույթի կողմից՝ երբեմն հանգեցնելով զավեշտալի արդյունքների, ինչպես օրինակ, 2006թ. նկարահանված մի ֆիլմի դեպքում, որը պատմում էր, որ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի սպանությունն իբր կայսրությունն ապակայունացնել փորձող օտարածին միասեռականների խմբի կողմից կազմակերպված դավադրության հետևանք էր:

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին ներկայացված սպառնալիքի մասին պնդումները դեռևս հիմնված են խորհրդային նարատիվի վրա: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պնդել է, որ եթե Ռուսաստանը 2014թ. չբռնակցեր Ղրիմը, «ՆԱՏՕ-ի նավերը մի քանի ամիս անց կկայանեին Սևաստոպոլում»: Նման վերաբերմունքը հիշեցնում է 1968թ. Չեխոսլովակիային սպառնացող ամերիկյան կամ արևմտագերմանական մոտալուտ ներխուժման մասին խորհրդային փաստարկները, որոնք ԽՍՀՄ-ի ու իր արբանյակների կողմից իրական ներխուժման հիմնավորում դարձան, ինչպես նաև նմանատիպ այլ փաստարկներ, ինչպիսին է՝ «եթե չներխուժենք Աֆղանստան, դա կանեն ամերիկացիները և կսպառնան մեր սահմաններին»։․․․

․․․2012թ. մարտի նախագահական ընտրություններից առաջ Վ. Պուտինի աջակիցների կողմից տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում մասնակիցները շռայլորեն օգտագործեցին ռազմատենչ հռետորաբանությունը՝ Ռուսաստանն «արտաքին վտանգից» և դրան նպաստող ներքին «դավաճաններից» պաշտպանելու անհրաժեշտության մասին:

Վ. Պուտինն անձամբ երդվել է պայքարել «Ռուսաստանի ներքին գործերին միջամտության փորձերի» դեմ՝ մեջբերում կատարելով նապոլեոնյան պատերազմի մասին 19-րդ դարի բանաստեղծությունից. «Եկեք մեռնենք Մոսկվայի մատույցներում, ինչպես դա արեցին մեր եղբայրները», և հայտարարեց, որ «Ռուսաստանի համար պայքարը» կշարունակվի: Ընտրություններին ընդառաջ Վ. Պուտինը ծավալուն մի հոդվածում նաև պնդել է, որ Ռուսաստանի խնդիրները սերում են ԽՍՀՄ-ի՝ «փաստացի, հիմնականում 18-րդ դարում ձևավորված պատմական մեծ Ռուսաստանի» փլուզումից, որն ինչ-որ կերպ ուղղորդվել էր չար օտարերկրացիների կողմից: Բացի այդ նա նշեց ռուսական պետության՝ «եզակի քաղաքակրթության» առանձնահատուկ բնույթը:

Պուտինյան ռեժիմի կողմից ներդրված «ռուսատյացություն» տերմինը դարձավ համապարփակ՝ խառնելով անհանդուրժողականությունն էթնիկ ռուսների, ռուսախոսների և ռուսական պետության (կամ նրա վարած քաղաքականության) նկատմամբ: Դոնդուրեյը դա անվանեց մշակութային պայմանավորման արդյունք. «Պետությունը դարձել է երկրի, հայրենիքի, ժողովրդի, լեզվի, մշակույթի հոմանիշը: Եվ եթե դու դեմ ես այս պետությանը, ուրեմն դեմ ես ամեն ինչին, այդ թվում նաև՝ լեզվին»․․․

․․․Այսպիսով, Պուտինի՝ նախագահի պաշտոնին վերադառնալու պատրաստությունների ընթացքում բողոքի արտահայտությունները վերջինիս ստիպեցին իր լեգիտիմությունն ամբողջովին կառուցել հասարակությանը հայրենասիրության շուրջ մոբիլիզացնելու վրա: Իշխանության պահպանումը վտանգող ինստիտուցիոնալ բարեփոխումների և տնտեսական արդիականացման փոխարեն Պուտինը ձեռնամուխ եղավ իր իշխանության 12 տարիների ընթացքում քաղաքական ուղղվածության առավել նշանակալից փոփոխությանը… սկսեց իր ռեժիմի լեգիտիմության հիմքը տեղափոխել տնտեսական աճից… դեպի հայրենասիրական մոբիլիզացիա… Ռեժիմի քաղաքականությունը համապատասխան փոփոխության ենթարկվեց… նոր գաղափարական շրջանակի ի հայտ գալով՝ ներառելով հուզական ազգայնականությունը, սոցիալ-մշակութային պահպանողականությունը՝ անձնական ոլորտ ներխուժմամբ, խորհրդային ռեժիմի լեգիտիմացնող առասպելաբանությունը (մեծամասամբ՝ Երկրորդ աշխարհամարտին և Ստալինին վերաբերող), ռուս ուղղափառ եկեղեցին, որպես ազգային բարքերի առաջամարտիկ, ինչպես նաև ռուսական էթնիկ պատկանելությունը՝ որպես ռուսական պետության ողնաշար:

Ռուս հայտնի սոցիոլոգ Լև Գուդկովը «Նովայա գազետային» տված հարցազրույցում նշել է, որ 2011-2012թթ. զանգվածային ցույցերից հետո Ռուսաստանի քաղաքական համակարգը վտանգավոր կերպով շարժվեց տոտալիտարիզմի ուղղությամբ, ինչին զուգահեռ ընդունվեցին ընտանեկան հարաբերությունների, կրոնի, արվեստի, դպրոցական դասագրքերի, մամուլի ազատության և համացանցի նկատմամբ վերաբերմունքին առնչվող մի շարք սահմանափակող օրենքներ և կանոնակարգեր․․․

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՈՃԻՆ ՀԱՏՈՒԿ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ. ՈւՂՂԱԿԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՄԸՆԿՆՈ՞ւՄ 

Տարիներ առաջ ռուս հայտնի լրագրող, «Կոմերսանտ» օրաթերթի հիմնադիր Վլադիմիր Յակովլևը հակիրճ նկարագրել է քարոզչական հատուկ մեթոդները, որոնք սովորել էր գաղտնի դասընթացներում՝ Մոսկվայի պետական համալսարանում ուսանելիս:․․․

․․․Յակովլևը մասնավորապես անդրադարձել է «նեխած ծովատառեխ» մեթոդին, որը կիրառվում է մարդկանց վարկաբեկելու համար: Այն օգտագործվում է սկանդալային կեղծ մեղադրանքների վերաբերյալ հանրային քննարկումներ սադրելու համար, որոնց արդյունքում ոչ միայն մեղադրվողի ընդդիմախոսները, այլև կողմնակիցներն էլ ակամայից նպաստում են մարդու անունն անհիմն մեղադրանքի հետ կապելուն: Արդյունքում բարի համբավը կարող է տևական ժամանակով վնասվել: Մեկ այլ արդյունավետ մեթոդ է «մեծ սուտը». լսարանին այնպիսի մի ահավոր սուտ է մատուցվում, որ գրեթե անհնար է հավատալ, որ այն կարող է սուտ լինել: Դա հարուցում է հուզական տրավմա, որը վերածվում է երկարատև համոզմունքի, որն էլ դիմակայում է տրամաբանական և բանական փաստարկներով փորձությանը:

90-ականներին էլեկտրաէներգիայի սղության վերոհիշյալ խնդրին վերաբերող ոմանց համառ համոզմունքը տեղավորվում է նկարագրված սխեմայի մեջ. մի կողմից, որոշ նախկին պաշտոնյաների անունները դեռևս երբեմն ասոցացվում են չհիմնավորված մեղադրանքի հետ (որը, ի դեպ, հերքվել է հատուկ քննության արդյունքում), իսկ մյուս կողմից՝ էներգետիկ ճգնաժամի պատճառների մասին ուղեղներում տպավորված ստերը դեռ որոշ չափով պահպանվում են: Հատկանշական է, որ խնդրի վերաբերյալ սուտ պնդումները պարբերաբար կրկնվում էին՝ ամրապնդելով հասարակության իռացիոնալ վերաբերմունքը:

Ներկայումս ևս նկատելի են «մեծ ստի» որոշ դեպքեր: Տիպիկ օրինակներից են որոշ «քաղաքացիական ակտիվիստների» և այլ դերակատարների պնդումները, թե իբր կառավարությունը մտադիր է օրինականացնել միասեռ ամուսնությունները Եվրոպայի խորհրդի՝  կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի կոնվենցիայի միջոցով (Ստամբուլյան կոնվենցիա), «Ղարաբաղը ծախելու» ու իբրև թե ՀՀ կառավարության կողմից Արցախին սպառնացող վտանգի մասին պնդումները, այսպես կոչված՝ «Սորոսի ցանցի» դեմ քարոզչությունը և այլն:

․․․Միանգամայն հատկանշական է, որ Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին սպասարկող ցանցի անդամները հղում են կատարում մեկը մյուսի շահարկումներին՝ դրանք ներկայացնելով որպես հաստատված փաստեր:

Ընդհանուր առմամբ, լուսանցքային լրատվամիջոցներում տեղադրված կեղծիքները մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներում վերահրապարակելու հին մեթոդը ևս մնում է պահանջված: Սոցիալական ցանցերը, բլոգները, տեսանյութերի սփռման տեխնոլոգիաներն առավել հեշտացրել են այդ մեթոդի օգտագործումը: Սոցիալական ցանցերում կատարված գրառումների կամ ասեկոսեների վերահրապարակումն ընդհանուր առմամբ դարձել են նշված ցանցի նախընտրած գործելակերպը. այն թույլ է տալիս զանազան անհիմն պնդումները տարածել իրենց բազմաթիվ լրատվամիջոցներով: ․․․