Արմավիրի մարզի բնակիչ Տիգրան Բալայանի իրավունքները ոտնահարվել էին 2018 թ.-ի իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. հունվարի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ֆինանսների նախարարության: Փաստաբանը պահանջում էր ճանաչել Տիգրան Բալայանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը և փոխհատուցել նրան ապօրինի քրեական հետապնդման արդյունքում պատճառված բարոյական վնասը:
Տիգրան Բալայանը 2018 թ. ապրիլի 22-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին՝ 2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով և նույն օրն էլ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել՝ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (… զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):
2018-ի ապրիլի 23-ին Տիգրան Բալայանն ազատվել էր ձերբակալումից՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ 2018 թ. ապրիլի 30-ի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբան Ա. Զալյանը դատարանում պնդում է, որ փաստացի Տիգրան Բալայանը 1 օր գտնվել է անազատության մեջ, իսկ 2018 թ. ապրիլի 22-30-ը՝ 8 օր, նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում: Վկայակոչելով Հայաստանի Սահմանադրության մի շարք հոդվածներն ու միջազգային օրենսդրությունը՝ նման իրավիճակներում փոխհատուցում տրամադրելու մասին, մասնավորապես՝ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որով երաշխավորվում է յուրաքանչյուրի անձնական ազատության իրավունքը, փաստաբանն իր հայցում ֆինանսների նախարարությունից պահանջել էր փոխհատուցում՝ 1, 653, 450 դրամի չափով՝ որպես բարոյական վնաս, որը քաղաքացին կրել է ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու հետևանքով: Փոխհատուցման վերոնշյալ չափի պահանջը Զալյանը հիմնավորել է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով:
Դատարանն ընդունել է, որ գործով առկա է ոչ նյութական վնասի հատուցման հիմքը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման արդյունքում կրած հոգեկան տառապանքը` հիմք ընդունելով այն, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է քաղաքացու՝ 1 օր անազատության մեջ գտնվելը: Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները բավարար են` հաստատված համարելու ոչ նյութական վնասի հատուցման հիմքի առկայությունը, հետևաբար նաև՝ Տիգրան Բալայանի՝ 1 օր անազատության մեջ գտնվելու և մինչ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու պահը պատճառված բարոյական վնասների հատուցումը:
Բարոյական վնասի փոխհատուցման չափի՝ 1.653.450 դրամի հետ կապված, դատարանը որոշ վերապահումներ է ունեցել՝ գտնելով, որ պահանջը ենթակա է մասնակի բավարման:
Իր դիրքորոշումը դատարանը հիմնավորել է քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով՝ մասնավորապես առանձնացնելով 5-րդ հոդվածը՝ դատարանը որոշում է ոչ նյութական վնասի հատուցման չափ՝ հաշվի առնելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքները:
Նկատի առնելով, որ Տիգրան Բալայանն անազատության մեջ գտնվել է 1 օր, ղեկավարվելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով, հաշվի առնելով նրա հոգեկան տառապանքի բնույթն ու տևողությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, 2020 թ. փետրվարի 4-ին կայացրել է վճիռ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի հայցը բավարարել մասնակի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման չափ սահմանելով 500.000 դրամը: