Home / Ազգային ժողով / ԱԺ փոխխոսնակը վերլուծեց հեղափոխական կառավարության գործունեությունը

ԱԺ փոխխոսնակը վերլուծեց հեղափոխական կառավարության գործունեությունը

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խորհրդարանի ամբիոնից հարց է բարձրացրել այն մասին, թե ի՞նչ է արել հեղափոխական կառավարությունը, որպեսզի հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացված նյութական ունեցվածքը, ինչպես նաև ամփոփել կատարված աշխատանքը՝ հիշատակելով Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարաններով ապահովելը, անցումային արդարադատությունն ու տնտեսությունը։

– Ամեն տարի հեղափոխական կառավարության հաշվետվությունը քննելիս, ես ուզում եմ կառավարության գործունեությունը դիտարկել հետևյալ տեսանկյունից․ ինչքանո՞վ է մեզ հաջողվել տվյալ մեկ տարվա ընթացքում պետությունը, որը կեղեքող, հարստահարող, կեղծող ռեժիմի ձեռքում էր, վերադարձնել հանրությանը։ Եթե այլ խոսքերով ասեմ, ապա ի՞նչ է արել կառավարությունը, որ հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացված նյութական ունեցվածքը, կամ, այս պարագայում, երևի, պետք է ավելի շատ խոսենք՝ ի՞նչ հաստատուն մեխանիզմներ են ձևավորվել այս նպատակի համար, և ի՞նչ է արել կառավարությունը, որ այս ընթացքում հանրային աշխատանքով ստեղծված բարիքից արդարացի բաշխում կատարվի, որից կօգտվի հենց հանրությունը։

Իհարկե, չեմ կարող անդրադառնալ արվածի և դեռ անելիքների ամբողջ ծավալին, բայց ամենահիմնականները պետք է արձանագրեմ։ Եվ այսպես, նախ․ ի՞նչ է արվել պետությունից, այսինքն՝ հանրությունից գողացված նյութական ունեցվածքը վերադարձնելու հարցում։ Էստեղ շատ խոսվեց, բայց իսկապես կարևոր է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Ճիշտ է՝ այս տարի ընդունվեց, բայց մեծապես Արդարադատության նախարարության նախորդ տարվա աշխատանքի արդյունքն էր։

Առիթ ունեցել եմ ասելու, որ առաջիկա տարիներին անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ, և արձագանքներն արդեն լսում ենք։ Պարզ է, որ ապօրինի հարստացածները, որ իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել այդ ամեն ինչի մեջ․ հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը։ Խուսափելու են պատասխանատվությունից։ Սակայն, առանց արդարության վերականգնման մեր երկրում չի մարելու հանրային դժգոհությունը, չի վերականգնվելու իրական հանրային համերաշխությունը։ Իրավական համակարգն օբյեկտիվորեն չի կարող պարզել տասնամյակների ընթացքում ամեն մի ունեցվածքի ծագման մեխանիզմը, բայց կարող է յուրաքանչյուրիս հարց տալ․ «Որտեղի՞ց է ծագել ունեցվածքը»։ Եվ ոչ ոք չպետք է կարողանա խուսափել այս հարցի պատասխանից։ Ես կարծում եմ, որ սա այն օրենքներից է, որը հաջողություն ունենալու դեպքում, մեզ համար կոնկրետ օրինակներով բացահայտելու է մեր անցյալը։ Մենք առերեսվելու ենք մեր անցյալի հետ։ Եվ կարևորում եմ, որ այս օրենքը, սակայն, վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև օգնելու է անցյալի սխալները չկրկնելու հարցում։ Ուրեմն, գործի է դրված համակարգային բարեփախման մի մեխանիզմ։

Մյուս տարի ազգային ժողովում կլսենք այս օրենքի կատարման հաշվետվությունը և, վստահ եմ, ողջ հանրությունը՝ ինչպես և ես, մեծ սպասումներ ունի։

Երկրորդ․ 2019 թվականին կառավարությունը ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը, իմ պատկերացմամբ, արժանացավ հանրային շահի համար ամենապահանջատեր կողմի՝ քաղաքացիական հանրույթի հավանությանը։ Այստեղ նորից ասվեց, հիշեցնեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ստեղծվի մյուս տարի, որը կունենա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմ, մասնագիտացած անձնակազմ, և կոմիտեն դարձյալ հաշվետու է լինելու ազգային ժողովին, նաև՝ վարչապետին։

Դատական և իրավապահ համակարգի խնդիրների մասով, իհարկե, արձանագրումների պակաս անցյալ տարում չի եղել։ Եվ հատկապես այս ոլորտների բարեփոխումների հետ կապված մեծ սպասելիքներն են մղում մարդկանց կառավարության գործունեությունը հաճախ բացասական իմաստով անվանել «թավշյա»։

Բայց ես ուզում են ներկայացնել իրականությունը։ Իրավապահ համակարգի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասից վերադարձվել է մոտ 46 մլրդ դրամ։ Բացի այդ, հաճախ խոսվում է, թե մոռացվեց անցումային արդարադատությունը։ Այստեղ հաստատվեց․ նախարարն ասաց, որ շրջանառության մեջ է դրվելու շուտով փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենք, և ստեղծվելիք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ընտրական գործընթացների, քաղաքական հետապնդումների, գույքի հարկադիր օտարումների և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Ես իսկապես հույս եմ տածում, որ հեղափոխական օրակարգերին ծառայող ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը և փաստահավաք հանձնաժողովի հիմնումը, եթե ոչ ամբողջ ծավալով, ապա հիմնականում կտան մեզ մեր անցյալ կյանքի իրական պատկերը և արդարության վերականգնման հնարավորությունը։

Շատ է խոսվում նաև վեթինգի մասին՝ դարձյալ մեղադրելով մեղմ կամ ոչ վճռական լինելու մեջ։ Դատական օրենսգրքի վերջին փոփոխություններով դատական համակարգում ներդրվեց դատավորների բարեվարքության գնահատման համակարգ, որը ենթադրում է դատավորի գույքային դրության և գույքի օրինականության ստուգում, որին կարող է և պետք է հետևի կարգապահական վարույթի հարուցում մինչև լիազորությունների դադարեցում։ Նման համակարգ նախատեսվում է գործարկել նաև դատախազների և քննիչների գույքային դրության և գույքի օրինականության ստուգման հարցում։ Որոշ դատավորներ, քննիչներ, դատախազներ՝ չկարողանալով օրինական եկամուտներով հիմնավորել գույքի ծագումը․ ստիպված են լինելու հեռանալ համակարգից, և գուցե նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման օրենքի շրջանակներում զրկվել անօրինական գույքից։

Հաջորդ դիտարկումս վերաբերում է տնտեսությանը։ Տնտեսությունն այն առանցքային ոլորտն է, որի մի մասը կամ գուցե մեծ մասը զավթված է եղել քաղաքական հովանավորություն և դերակատարություն ունեցող անձանց կողմից, որոնք ստեղծել են մենաշնորհներ, ունեցել արտոնություններ, ազդել են քաղաքական գործընթացների վրա, հատկապես՝ ընտրությունների ժամանակ։

Նույնիսկ աղմկահարույց կոռուպցիոն գործերի բացահայտման դեպքում, ես չեմ կարող ասել, որ նախկին տնտեսական կառուցվածքի ազդեցությունն ամվողջությամբ չեզոքացված կլինի։ Հաշվի առնելով, որ հազարավոր մարդիկ, ամբողջական համայնքներ՝ աշխատելով համայնքներում, որոնց սեփականատերը մասնակցում է համապետական և համայնքային ընտրություններին՝ չունենալով այլընտրանքներ, հայտնվում են այս կամ այն չափով կախյալ և անազատ վիճակում։

Բայցևայնպես, պետք է ընդունենք, որ տնտեսության ազատագրումը երկարատև գործընթաց է և այսօր պետք է խոսենք ո՛չ թե հասած նպատակի մասին, այլ այդ ուղղությամբ արված քայլերի։ Եվ ուրախ եմ, որ անցյալ տարի ստեղծվել է 82 փոքր և միջին ձեռնարկություն, որոնք աջակցություն են ստացել պետությունից, և նրանց հաջողության գրավականը միայն ազատ մրցակցային պայմաններում բացառապես սեփական գործարար հմտությունն ու օրինական գործունեությունն է։

Տնտեսական ներառական գործունեության համատեքստում մենք պետք է դիտարկենք նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությունը՝ որպես անհատական տնտեսական և նաև քաղաքական ազատության կարևոր նախապայման։ Այս առումով կարևորում եմ աշխատանքի տեսչության վերագործարկման մասին կառավարության հետ մեր համատեղ որոշումը։ Այն հասցված էր չնչին գործառույթներով անուժ մարմնի դեռ 2013-ից, և նորացող տեսչությունը կկարողանա աշխատանքային իրավունքների տեսանկյունից վերահսկողություն սահմանել 2021 թվականից։

Աշխատանքային իրավունքների խնդիրները, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ դարձան հատկապես համաճարակի հետ կապված ճգնաժամային օրերին։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին այն մասին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։

18-19 թվականներին ասվեց, որ ստեղծվել է 87 հազար աշխատատեղ։ Ինձ համար աշխատողի իրավունքի պաշտպանությունը ուղիղ կապ ունի նախանշված նպատակի, այն է՝ ներառական տնտեսական գործունեության հետ։

Եվ անցնելով Բ կետին՝ հանրության ստեղծած արժեքի արդարացի բաշխմանը, հակիրճ ասեմ․ կարևոր ձեռքբերում է, որ աղքատությունը և ծայրահեղ աղքատության ցուցանիշն է նվազել։ Այլևս չթվարկեմ այն մարդկանց խմբերը, որոնց աշխատավարձը, նպաստը, կենսաթոշակը ավելացել է։ Այս գործընթացը ակնկալում ենք, որ շարունակական է լինելու։ Միայն ուզում եմ հիշել երեք խմբի մարդկանց, որոնց հետ կապված պետության պարտավորությունը տասնամյակներով չէր իրագործվում։

2019 թվականի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած և մոտ երեսուն տարի անօթևան մնացած 297 ընտանիքներին բնակարան տրամադրելու ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել։ Անցյալ տարվա բյուջեով 112 ընտանիք արդեն ընթացիկ տարում ստանում էր բնակարանների վկայականները և այս տարի ևս 185 ընտանիքի բնակարանային կարիքների համար նախատեսված է 2.1 մլրդ դրամ։

Երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունն անցյալ տարում հատկացրել է 1.3 մլրդ դրամ, իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020 թվականի բյուջեով նախատեսված ևս 3 մլրդ դրամ՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ։

Եվ վերջինը․ մեկնարկել է նաև մանկատան շուրջ երեք հարյուր շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով կառավարության որոշմամբ անցած տարի հատկացվեց 1.9 մլրդ դրամ։ Արդեն 133 անձ ստացել է բնակարան ձեռք բերելու վկայական, որի խոստումը ստացել էր 2003 թվականին։

Այս բոլոր նշածս հանրային խմբերի անտունությունը մեր երկրի՝ տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշան էր։ Այժմ մենք շրջում ենք այդ էջը։