2001 թվականին բանակում մահացած 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի մոր՝ Անահիտ Մկրտչյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ և սահմանել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի, և 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:
ՄԻԵԴ հաղորդագրության համաձայն, զինծառայող Արայիկ Մկրտչյանը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ գլխին արձակված կրակոցից, գումարտակի հրամանատարի գրասենյակում: Պաշտոնական վարկածը եղել է ծառայակցի կողմից անզգույշ սպանությունը։ Զինվորի մայրը, սակայն, վստահ է, որ որդուն սպանել է հրամանատարը, ով շարունակաբար նվաստացրել է նրան և փողեր շորթել:
Հարուցված քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ սպանության մեղադրանք էր առաջադրվել Արայիկ Մկրտչյանի ծառայակցին: Վերջինս նախաքննության և դատավարության ընթացքում ընդունել էր իր մեղքը։ Գործը, այնուամենայնիվ, դատարանի կողմից 3 անգամ վերադարձվել եր քննության՝ վկաների ցուցմունքների և փորձաքննությունների արդյունքների միջև հակասությունների, թերի նախաքննության հիմքով։ Հերթական վերանայման ընթացքում տրված հարցաքննության ժամանակ՝ 2011 թվականին, սպանության մեջ մեղադրվող ծառայակիցը հերքել է նախկին ցուցմունքները և նշել, որ դրանք տվել է սպառնալիքների ներքո՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար:
Քննությունը մինչ օրս շարունակվում է։ Վերջին անգամ քրեական դատավարությունը կասեցվել է 2019-ի մարտին, քանի որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում պետք է մեղադրանք առաջադրվի: Քննիչները չեն կարողացել հայտնաբերել մահացածի մարմնին ոչ-հրաձգային վնասվածքների ծագումը, որոնք, ըստ փորձագետների, չէին կարող կրակոցից հետո ընկնելու հետևանք լինել, ոչ էլ հրազենը, որից արձակվել էր կրակոցը:
Անահիտ Մկրտչյանը դիմել էր ՄԻԵԴ։ Եվրոպական դատարանը որոշել է, որ Մկրտչյանի որդու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը: