Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ, Իմ Քայլը խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։
Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին», – նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ադեկվադ միաբանության անդամ, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն, իր հերթին, միաբանության մեկ այլ անդամի՝ Արթուր Դանիելյանի լուսանկարն է հրապարակել հետևյալ մեկնաբանությամբ․ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը պատմեց, որ զբոսնելիս է եղել, երբ հանդիպել է Դանիելյանին։ Վերջինս միայնակ չէր եղել։ Ամենայն հավանականությամբ, ենթադրեց պատգամավորը, Ադեկվադի երկու այլ անդամների հետ էր․
– Մեկին ճանաչում եմ դեմքով։ Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով, ամենայն հավանականությամբ, նրա քիթն է վնասվել։ Իմն էլ մի քիչ քիմքիս մասը։
Ըստ Սիմոնյանի՝ նրանցից երկուսը փորձում էին բաժանել իրենց։ Հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ եք, պատգամավորն ասաց, որ այժմ իրավապահների հետ է։
Երեկ էլ, երբ Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից, դիմելով Լուսավոր Հայաստան խմբակցության անդամներին, Միքայել Մինասյանին հիշատակեց, արժանացավ Էդմոն Մարուքյանի կոշտ արձագանքին, երկուստեք վիրավորանքներ հնչեցին։