Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, ապրիլի 29-ին հայտնեց ՀՀ Ոստիկանությունը՝ լրատվամիջոցներին կոչ անելով չճշտված տեղեկություններ չհրապարակել։
Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Գավառում հրաձգություն է եղել, զինվորական քննիչն ու նրա մեքենայում գտնվող ևս մեկ անձ սպանվել են։ Երկու կողմից վիրավորներ են եղել, որոնք շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց հիվանդանոց են եկել սպանվածների և վիրավորների հարազատները՝ մոտ 500 հոգի։ Վիճաբանությունը շարունակվել է, նրանց մի մասը ներխուժել է հիվանդանոց, ամեն ինչ ջարդուփշուր արել և, որպես վրեժխնդրություն սպանվածների համար, դանակահարել վիրավորներից երկուսին։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին չի հաջողվել վերահսկել իրավիճակը և կասեցնել հանցագործությունը։
Epress.am-ի հետ զրույցում Գավառի հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ, ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, կրակոցներից սպանվել են քննիչ Զորիկ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը՝ «Արջ» մականունով։ Վիճաբանությունն ի սկզբանե ծագել է Նորատուս համայքնի և Գավառի անչափահաս երեխաների միջև․ դեռահասները նույն ֆիտնես-ակումբն են հաճախում, նրանց միջև կոնֆլիկտ է եղել, որին հետագայում խառնվել են մեծերը և որը վերածվել է հրաձգության։ Քննիչ Պարոնիկյանը, ասում է մեր զրուցակիցը, «գողական չէր»։ Ինչպես է նա հայտնվել հակամարտության կիզակետում՝ հայտնի չէ։ Հրաձգությունից հետո սպանվածները և մոտ 5 վիրավորներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց․ «Եկել են հարազատները, ծանոթները։ Շատ-շատ են եղել, ասում են՝ ամբողջ հիվանդանոցը պատած էր։ Հիվանդանոցին վնասներ են հասցրել, ջարդել դռները, ապակիները, մտել ներս, սկսել փնտրել վիրավորներին։ Ասում են՝ դանակահարել են, կտրել են եղբայրեր Արմեն և Խաչիկ Հայթյանների կոկորդները։ Սկզբում ասում էին, որ նրանք մահացել են, հետո իմացա, որ մեկին շապօգնության մեքենայով իրիկունն են տեղափոխել Երևան, մյուսին էլ ավելի ուշ։ Անկառավարելի վիճակ է եղել, ոստիկանները չեն կարողացել ոչ մի բան անել։ Կարմիր բերետավորները մինչև Երևանից հասել են, ամեն ինչ արդեն եղել էր», – պատմում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքերով, Նորատուսն ու Գավառը լրիվ ոստիկանական հսկողության տակ է։ Փորձում են կանխել հետագա արյունահեղությունը։ Ինչքան մարդ է ձերբակալվել՝ չգիտեն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ դեպքի ժամանակ հիվանդանոցում է եղել նաև Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Ոստիկանությունը, սակայն, հերքում է Սարգսյանի՝ հիվանդանոցի մոտակայքում գտնվելու մասին տեղեկատվությունը։ Ըստ Ոստիկանության, ոստիկանապետն այդ պահին գտնվել է կրակոցների վայրում (համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում)։ Ոստիկանությունը հերքել է նաև տեղեկությունները, որոնց համաձայն երկու հոգի սպանվել է հիվանդանոցում։
Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանի փոխանցմամբ, բոլոր վիրավորների վիճակը այս պահին գնահատվել է որպես ծանր․ ունեն բազմաթիվ հրազենային վնասվածքներ, կոտրվածքներ։ Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցում գտնվող վիրավորներին հիվանդանոց ներխուժածները հասցրել են նաև ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածներում, ընթացքում նաև՝ սալջարդ վերքեր և այլն։ Հիվանդանոցում հարձակման ենթարկվածներից ոչ ոք չի մահացել։ Վիրավորվել է նաև հիվանդասենյակում վիրավորի հետ գտնվող խնամողը։ Ըստ Ավետիսյանի, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։
Սպանությունների դեպքի առթիվ, ըստ Քննչական կոմիտեի, քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Հիվանդանոցում տեղի ունեցածի առթիվ քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին և 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով: Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 5 անձ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ով Գավառի հիվանդանոցում շրջայց է կատարել, բազմաթիվ տուժածների մասին է հայտնել, որոնք գտնվում են Երևանի տարբեր բժշկական կենտրոններում։ Մի քանիսի կյանքը վտանգված է, ասել է նա։ Ըստ նախարարի, տվյալ պահին հիմնական մտահոգությունը կապված է բուժհաստատության բնականոն աշխատանքի վերականգնման հետ․ «Միանշանակ, դատապարտում ենք նման ցանկացած դրսևորում, հատկապես՝ բժշկական կենտրոններում, որտեղ փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնց հետևից հարյուրավոր մարդիկ եկել են, որ հաշիվներ պարզեն, այլև այստեղ բուժում ստացող բազմաթիվ այլ քաղաքացիներ»։ Ինչ վերաբերում է հիվանդանոցի պատերին, դռներին, պատուհաններին ու սանհանգույցներին հասցված վնասներին, նախարարը նշեց, որ դրանք արագ կվերականգնվեն՝ հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում:
Նշենք, որ դեպքին իրավապաշտպաններ ու հասարակական գործիչներ անդրադարձան՝ մատնանշելով իրավապահ համակարգում տիրող իրավիճակը, ոստիկանների վատ աշխատանքը և բարեփոխումների բացակայությունը։ Խոսվում է նաև ոստիկանապետի հրաժարականի անհրաժեշտության մասին։
– Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծել ոստիկանություն։ Զրոյից, – Ֆեյսբուքում գրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ եթե ոստիկանության մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ արյուն է թափվում, պետք չէ այլ արդյունք ակնկալել։