100-ից ավել քաղաքացիներ Ազգային անվտանգության ծառայության մոտից բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Ըստ ոստիկանության՝ արտակարգ իրավիճակի պայմաններում հավաքի մասնակցելու և ոստիկանի օրինական պահաջին չկատարելու պատճառով։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություններ էր կատարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա մի շարք կուսակիցների բնակարաններում։ Խուզարկությունից հետո Ծառուկյանը ուղեկցվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ ՄԻ շարք ԲՀԿ-ականներ բերման են ենթարկվել։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են ընտրողներին կաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, ինչպես նաև՝ ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, ապօրինի խաղատուն գործարկելու, պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:
Խուզարկությանը զուգահեռ Ծառուկյանի առանձնատան բակում բողոքի ցույց էր․ տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ԲՀԿ-ական պատգամավորներ, հավաքվել էին դղյակի մոտ՝ համերաշխություն հայտնելու իրենց առաջնորդին։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ Ծառուկյանին պատկանող«Արարատ ցեմենտ»-ի, «Կոնյակի գործարան»-ի, «Առինջ մոլ»-ի և մի շարք այլ կառույցների աշխատակիցներին հրահանգվել է միանալ ցույցերին։ Խուզարկությունից հետո Ծառուկյանը տեղափոխվել էր ԱԱԾ, ցույցը նոր թափով շարունակվեց ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ։
Արտակարգ դրության պայմաններում զանգվածային հավաք անելու և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու հիմնավորմամբ հարյուրից ավել քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խոումբը անմիջապես մեկնել է բաժիններ՝ բերման ենթարկվածներին իրավական աջակցություն ցուցաբերելու։
ԲՀԿ-ական պատգամավորներն ի նշան բողոքի փակել էին փողոցը։ Ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ խնդրեցին բացել այն, այնուհետ՝ հրեկով հեռացրեցին դեպի մայթ: Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը վատացել էր: Գեւորգ Պետրոսյանը հայտարարում էր, որ ոստիկանները բերման են պատգամավոր Ջանիբեկ Հարյապետյանին: Ոստիկանությունը հերքել է՝ Հայրապետյանը բերման չի ենթարկվել, պարզապես «հեռացրել է հավաքի վայրից»։ Բողոքի ցույցը շարունակվում է։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ իրավապահների գործողությունները որակել է որպես «իրավական տեռոր» և նշել․ «Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթի»։
Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն հունիսի 5-ին քաղաքական խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել, որը վարում էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նիստի ընթացքում Ծառուկյանը խոսում էր գործող կառավարության ձախողման և այն փոխելու անհրաժեշտության մասին։ Ծառուկյանի ելույթին նույն օրը անդրադարձել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը․ խոսնակը Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը պայմանավորել էր «մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»։
Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության այսօրվա հայտարարություններին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հիշեցրել է խոսնակի տարածած պարզաբանման մասին և նշել․ «ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։ Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է», – ֆեյսբուքի իր էջում գրել է Աղաջանյանը։
Գլխավոր դատախազը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորների, հնարավոր է, որ միջնորդի՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։