[լրացում․ – 18։11] Քիչ առաջ խորհրդարանը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի (երկրորդ) միջնորդությանը։
Ավելի վաղ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ Ծառուկյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ:
Քվեարկություններին մասնակցում էին միայն «Իմ քայլը» դաշինքը (88 պատգամավորներից 86-ը, բացակա էր միայն Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը) և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու որոշումներն ընդվել են միաձայն։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում:
Գլխավոր դատախազն ավելի վաղ ներկայացրել էր միջնորդության հիմքերը։ Թեև վերջին օրերին հաղորդվել է Ծառուկյանին վերաբերող երեք տարբեր քրեական գործերի հարուցման մասին, Դավթյանն իր միջնորդությունում անդրադարձել էր միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու դեպքերին։ Դավթյանը նշել էր՝ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առնչվող կաշառակերության գործով խուզարկություններից մեկն ընթանում էր «Երևան շին» ՓԲԸ նախագահ Վազգեն Պողոսյանի ընկերությունում, ում կաշառք տալու համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել։ Խուզարկության ժամանակ էլ հայտնաբերվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության և մասնավորապես՝ ընտրակաշառք բաժանելու զանգվածային դեպքերի վերաբերյալ: Ինչն էլ հիմք է դարձել հետագա գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների, և քրեական գործի հարուցման համար։
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում մեղը չէր ընդունել և (19 րոպեների ընթացքում) խոսել էր մեծամասամբ քրեական գործերին ուղղակիորեն չվերաբերող իրադարձությունների մասիմ, կիսվել ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող մտքերով և գնահատականներով։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հաջորդիվ քննարկվելու է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի երկրորդ միջնորդությունը` համաձայնություն տալ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն։