Home / Ազգային ժողով / Օլիգարխը՝ անձեռնմխելիության հնարավոր կորստից առաջ․ «Մեզ պետք է Արցախի միջազգային ճանաչում»

Օլիգարխը՝ անձեռնմխելիության հնարավոր կորստից առաջ․ «Մեզ պետք է Արցախի միջազգային ճանաչում»

Խորհրդարանն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, մի շարք քրեական գործերում նրան որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը։

Նիստին ներկա է 121 պատգամավոր․ Գագիկ Ծառուկյանը բացակայում էր, նա նիստերի դահլիճ եկավ առաջին ընդմիջումից հետո, ելույթ ունեցավ և դրսում սպասող ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնաց հերթական հարցաքննության։

Ծառուկյանը մեղադրանքներին ըստ էության չանդրադարձավ․ վերհաստատեց իր հայտնի հայտարարությունը՝ իշխանությունն ամեն ինչ ձախողել է, զբաղված է միայն ֆեյսբուքով, ծայրահեղ վիճակ է, համաճարակը ձախողված է։ Նշեց, որ Ծառուկյանը դիվիդենտներ չի հավաքում, իսկ ով նման բան ասի՝ «թող լինի վերջին մարդը, դավաճան կամ թուրք»։ Խոսեց միասնականության մասին՝ «24 ժամ պատրաստ ենք, ձեր ցավը տանենք, խնդիր կարգավորենք, լուծենք»։ Հայտարարեց, որ «ժողովուրդը խժռում է իր զավակներին»։ Հպանցիկ անդրադարձավ ԲՀԿ֊ի բաժանած նախընտրական ընտրակաշառքներին․ «Ծառուկյանը՝ ընտրակաշա՞ռք։ Թե բա՝ թուղթ ենք գտել։ Տո Ծառուկյանը գումար տվե՞լ է։ Կա՞ այդպիսի ապացույց։ Ձեր ցավը տանեմ, իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու՝ ես այս երկիրը սիրում եմ։ Ամեն ինչ արել եմ անշահադիտական։ Շահի համար անողը թող ադրբեջանցի լինի, թող թուրք լինի, թող դավաճան լինի»։

Հայտարարեց, որ երեք ամիս հետո սով է լինելու, խոսեց տնտեսական հեղափոխության, ներդրումների բացակայության, գույքահարկի, ֆեյքերի մասին, այն մասին, որ ինքը ազգի թշնամի չէ, իշխանությունների կողքին է եղել, համաճարակը տապալել են, սաղ ազգը հիվանդ է, ո՞վ է պատասխան տալու և այլն։

Հայտարարեց նաև, որ իրեն կանչելուց հետո իր որդուն են կանչել․ «Ծառուկյանը գալիս է։ Գոնե հարգանք ունեցեք, հայ եղեք, քրիստոնյա եղեք: Տղան թող մնա տունը տղամարդ: Հերը ստեղ ա: Հորը կամ կալանավորեք ժամանակավոր, կամ ինչ․․․ Բայց տղեն էնտեղ է, տղու վրա բան չկա»։

Խոստովանեց նաև՝ այո, գործարար եմ։ Հետո ինքն իրեն ուղղեց՝ գործարար չեմ, սեփականատեր եմ։

Հիշատակեց աղքատներին, հայտարարեց, որ մարդկանց պետք է փող բաժանեին, պետք է մարդկանց կոմունալները փակեին՝ ոչ թե անհատական, այլ մասայաբար։ Ծառուկյանին, ըստ Ծառուկյանի, ոչ պաշտոն է պետք, ոչ ճանաչում է պետք, «աստծո կամոք՝ ամեն ինչ ունի», եղել է սովորական բանվորի ընտանիքի տղա․․․ «Մարդու գլխին գործ են սարքում, չկա տենց մարդ, որ ես տված լինեմ։ Էսօր Ծառուկյանը խանգարում է։ Խանգարել եմ, խանգարելու եմ։ Էսօր դուք ունեք իշխանություն պահելու խնդիր»։ Նույնիսկ Արցախի հարցը հիշեց՝ «մեզ պետք է Արցախի միջազգային ճանաչում», «պետք է նա անի, ով կարող է անել», «ամոթ է»։

«Աստված պահապան բոլորին։ Դուք որոշեք։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ժամանակավոր բան է։ Մի ամիս, երկու ամիս, ավել չի տևելու։ Դուք կանգնած եք անդունդի առաջ։ Ես հիմա գնում եմ Ազգային անվտանգության ծառայություն։ Թազա գործեր կան, նորից կանչել են քննության», – եզրափակեց պատգամավորը և հեռացավ ցուցմունք տալու։

Գլխավոր դատախազն ավելի վաղ՝ նիստի մեկնարկին, ներկայացրել էր միջնորդությունը:

Արթուր Դավթյանը ներկայացրել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու օժանդակելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործի մանրամասները: Թեև վերջին օրերին հաղորդվել է Ծառուկյանին վերաբերող երեք տարբեր քրեական գործերի հարուցման մասին, Դավթյանն իր միջնորդությունում անդրադարձավ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերին:

Սկսեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առնչվող քրեական գործի նախապատմությունից։

Ըստ ԱԱԾ քննչական վարույթում քննվող գործի` քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահը՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր և առանձնապես խոշոր կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է մի շարք գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը։

Բացի այդ, Վերմիշյանը 5 հազար դոլարի չափով կաշառք է ստացել շին֊ և կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևան շին» ՓԲԸ֊ի խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանից` վաստակավոր շինարար կոչմանն արժանանալու համար։

Վերջինիս ընկերությունում կատարված խուզարկության ընթացքում էլ հայտնաբերվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գեղարքունիքի մարզի ընտրական շտաբների նախընտրական միջոցառումների, ծախսերի, այդ թվում՝ բաժանված ընտրակաշառքների վերաբերյալ։ 

Ըստ դատախազի` այդ հաշվետվության մեջ եղել են փաստաթղթեր` 17 914 ընտրողի հաշվով 40 % կորստով վերնագրով, որտեղ նշված են Ծառուկյանի հանձնարարությամբ բաժանված գումարների չափերը․ Լ. Աբրահամյանին՝ 4 միլիոն 600 հազար դրամ,  ակտիվիստներին` 34 միլիոն 388 հազար դրամ և այլն: Դավթյանի խոսքով` քրեական գործի ապացույցների համակցությունը բավարար է Ծառուկյանին հարուցված գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Քրեական գործի մանրամասները ներկայացնելուց հետո՝ Գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն։

Հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ֊ական և ԼՀԿ֊ական պատգամավորները հիշեցրեցին պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի նախորդ միջնորդության մասին․ Գլխավոր դատախազը հեղափոխության ժամանակ միջնորդել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար և կասեցրել միջնորդության ընթացքը՝ փոխվարչապետի հրահանգով։ Քաղաքական տեռոր իրականցնելու մեղադրանքներ հնչեցին նաև։ ԲՀԿ֊ական Նաիրա Զուրաբյանը դիմեց միջազգային հանրությանը, իրավապաշտպաններին, դեսպանատներին՝ կոչ անելով արձագանքել ստեղծված իրավիճակին։ ԼՀԿ֊ական Մանե Թանդիլյանի մոտ էլ հարց առաջացավ՝ ինչու միայն ԲՀԿ֊ն, արդյո՞ք դատախազը ՀՀԿ֊ի բաժանած ընտրակաշառքների մասին չի իմացել։

Վերջին հարցին Դավթյանը պատասխանեց՝ իրենք չեն փնտրում որևէ անուն կամ քաղաքական ուժ, պարզապես մեկ այլ գործի շրջանակներում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է փաստաթղթերի տրցակ:

«Երբ ձեռք են բերվում ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ, անալիզ չի արվում՝  որ քաղաքական ուժին կամ որ թվականին է վերաբերում: Ընտրակաշառքին չառնչվող գործով Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի հանցակցի ընկերության շենքում խուզարկություն է կատարվել, և հայտնաբերել են փաստաթղթեր»,- ասաց Դավթյանը:

Առավոտից ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ծառուկյանի կողմնակիցները՝ հիմնականում, նրան պատկանող տարբեր հիմնարկների աշխատակիցները։ Նրանց մեծ մասը բերման է ենթարկվում՝ արտակարգ դրության պայմաններում հավաք անելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11-ի դրությամբ բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի: