Home / Ազգային ժողով / «Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց ԱԺ նիստը և հայտնեց իր նախաձեռնությունների մասին

«Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց ԱԺ նիստը և հայտնեց իր նախաձեռնությունների մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր որոշեց բոյկոտել նիստը և լքել դահլիճը՝ հայտարարելով, որ երեկվա իրադարձությունները քաղաքական հաշվեհարդար են իշխանությունների հետ անհամաձայնություն հայտնած Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Ավելի ուշ խմբակցությունը հայտարարեց երկու նախաձեռնությունների մասին։ Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը, ինչպես նաև հայտարարեցին կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

Երեկ խորհրդարանը՝ գաղտնի քվեարկությամբ, համաձայնություն տվեց կուսակցության առաջնորդի, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ։

Ինքը՝ Ծառուկյանը, մեղքը չէր ընդունել և (19 րոպեների ընթացքում) խոսել մեծամասամբ քրեական գործերին ուղղակիորեն չվերաբերող իրադարձությունների մասին, կիսվել ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող մտքերով և գնահատականներով։

Մինչդեռ, Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:

Մինչ այդ գլվախոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց ազատությունից զրկելու մասին միջնորդության հիմքերը։ Թեև վերջին օրերին հաղորդվել է Ծառուկյանին վերաբերող երեք տարբեր քրեական գործերի հարուցման մասին, Դավթյանն իր միջնորդությունում անդրադարձել էր միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերին։