ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցներն ընդունել են, որ հուլիսի 27-ին Մոսկվայում «զանգվածային անկարգությունների» գործով ձերբակալված Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանող Եգոր Ժուկովը չէր տեսանյութում, որը հիմնական ապացույցն էր հանդիսանում։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել երիտասարդի փաստաբան Իլյա Նովիկովը։
Վերջինիս խոսքով՝ ի սկզբանե սխալ էր թույլ տրված եղել։ Բերման ենթարկվածին ներկայացված առաջին հիմքը կապված էր այն բանի հետ, որ նրան շփոթել էին տեսանյությում երևացող երիտասարդի հետ, ով, քննության կարծիքով, «խմբավարում էր ամբոխը»։
Փաշտոնապես քննության դիրքորոշումը փաստաբանին դեռ չեն հայտնել, սակայն նա ընդգծեց, որ տեսել էր համապատասխան փաստաթղթերի պատճենները։
«Եվ սկսվում են տարօրինակ կողմնային մանյովրներ, զրույցներ այն մասին, թե իբր կա տեսանյութ, որտեղ նա նաև ձեռքով նշան էր անում, դա կարող է ինչ֊որ բան նշանակել», ֊ հավելել է փաստաբանը։
Նովիկովն ակնարկեց քննության՝ Ժուկովին ԶԼՄ-ներում վարկաբեկելու հետ հնարավոր կապը։ Ըստ նրա՝ «երկրորդ սորտի մեդիաներում» նյութեր են հայտնվել այն մասին, որ «Ժուկովն այդքան էլ պարզունակ չէ, նա հեղափոխություն էր անում Հայաստանում»։ Դրա մասին, մասնավորապես, գրել էր riafan.ru-ն, որը «կրեմլյան խոհարար» Եվգենի Պրիգոժինի «տրոլերի ֆաբրիկայի» մաս է կազմում։
«Ստուգեք նրա անձնագիրը, գոնե նշանները։ Սա շատ է նման ղեկավարության առջև արդարանալու փորձի, երբ ղեկավարությունը հարցնում է՝ ձեզ մոտ ի՞նչ վիճակ է Ժուկովի հետ կապված», ֊ մասնավորապես, ասել է Իլյա Նովիկովը։
Հուլիսի կեսից Մոսկվայում ամեն շաբաթ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ կապված այն բանի հետ, որ իշխանությունները հրաժարվել են քաղաքի խորհրդարանի ընտրություններում գրանցել անկախ թեկնածուների։ Ակցիաներին չինովնիկները բռնաճնշումներով են պատասխանել, այդ թվում՝ քրեական գործերի տեսքով։ Հուլիսի 27-ի ցույցը ցրելիս, ուժայինները բերման են ենթարկել մոտ 1400 հոգու։ Գործի էին դրվում մահակներ և էլեկտրաշոկերներ, որի հետևանքով տուժել է մոտ 80 հոգի։ 88 բերման ենթարկվածներ վարչական կալանքի էին ենթարկվել՝ 3-ից 30 օր ժամկետով։ Հարյուրավոր մասնակիցներ ենթարկվել էին մինչև 150 հազար ռուբլի տուգանքի։