ՌԴ Արդարադատության նախարարությունն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը դասել է արտասահմանյան գործակալի գործառույթներ կատարող ոչ առևտրային կազմակերպությունների շարքին։ Ըստ նախարարության՝ Հիմնադրամի՝ ոչ առևտրային կազմակերպության հատկանիշներին համապատասխանելը հաստատվել է գերատեսչությանը կից Գլխավոր վարչության կողմից անցկացրած վերահսկողության ընթացքում, որը դրա գործունեությանն էր վերաբերում։
Ստուգման մանրամասների մասին դեռևս չեն հայտնում։ «Վեդոմոստի» պարբերականը հարցում է ուղարկել նախարարություն՝ իմանալու համար, թե Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հատկապես ո՞ր գործունեությունն է համարվել քաղաքական և ինչպիսի՞ օտարերկրյա ֆինանսավորում է ստացել կազմակերպությունը։
Հիմնադրամի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշն իր Թվիթերի էջի միջոցով տեղեկացրել է, որ կառույցը երբեք օտարերկրյա նվիրատվություններ չի ստացել։ «Այս որոշումը նույնպիսի ճնշում է մեզ վրա և մեր գործունեությունը կասեցնելու փորձ, ինչպիսին է թվացյալ «փողերի լվացման» մասին գործը»։
Նավալնին համոզմունք է հայտնել, որ տվյալ որոշումն ընդունվել է Պուտինի ուղիղ հրամանով, և նախարարության գործողությունները բացարձակապես անօրինական են։
Ոչ առևվտրային կազմակերպությունն օտարերկրյա գործակալների ցուցակ է ընկնում այն դեպքում, եթե ֆինանսավորում է ստանում արտասահմանից և քաղաքական գործունեություն է ծավալում։
Արտասահմանյան գործակալի կարգավիճակը հավելյալ պարտավորություններ է սահմանում կազմակերպության համար․ այն պետք է ավելի հաճախ հաշվետվություններ ներկայացնի Արդարադատության նախարարությանը, բոլոր նյութերի վրա և կայքում նշի արտասահմանյան ճանաչվելու մասին։ Տվյալ նշումի բացակայության պարագայում ոչ առևտրային կազմակերպությունը կարող է տուգանվել։
Ըստ օրենքի՝ օտարերկրյա գործակալները չեն կարող մասնակցել ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացին, հանրաքվեներ նախաձեռնել, ինչպես նաև ընտրական քարոզարշավներին և հանրաքվեներին մասնակցել։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը 2011-ին Ալեքսեյ Նավալնու կողմից ստեղծած հիմնադրամ է, որի հիմնական գործունեությունը կայանում է հետաքննությունների անցկացման, ինչպես նաև ռուսաստանյան իշխանության բարձրագույն մարմիններում կոռուպցիայի բացահայտման մեջ։ Հիմնադրամը միավորում է Նավալնու բոլոր նախագծերը և զբաղվում այդ գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ դրամահավաքով, ընդ որում, Նավալնին հրաժարվել էր անանուն նվիրաբերումներից։