Մոսկվայում ընթացող բողոքի ցույցերի առնչությամբ հուլիսի 30֊ին Քննչական կոմիտեն 2012 թվականից ի վեր առաջին անգամ քրեական գործ է հարուցել «զանգվածային անկարգություններ» հոդվածով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 հոգու։ Բոլորը, ինչպես և 2012 թվականի «Բոլոտնայայի գործի» դեպքում (հետընտրական ամենազագվածային հակակառավարական հանրահավաքները Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք – խմբ․), պատահականության սկզբունքով ընտրված մարդիկ են։ Մոսկովյան դատարանները նրանցից 9֊ին գրեթե անմիջապես կալանավորել են․ գործերը քննվում էին մեկը մյուսի հետևից՝ ավտոմատացված կարգով։ Մեղադրյալներից մեկը՝ Սերգեյ Ֆոմինը, ով գտնվում էր հետախուզման մեջ, օգոստոսի 8֊ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Հուլիսի 30֊ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հեռուստատեսությամբ անդրադարձել է մայրաքաղաքի խորհրդարանական ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման պահանջով խաղաղ հանրահավաքներին՝ որակելով դրանք որպես «կանխամտածված և լավ նախապատրաստված զանգվածային անկարգություններ», ինչին հաջորդել է Քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցման մասին հայտարարութունը։
Զանգվածային անկարգությունների գործը քննվում է Մոսկվայի Գլխավոր Քննչական կոմիտեում՝ 84 (!) քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից։
Անգամ մեծ թվով քննիչների ներգրավվածության պարագայում ապացույցների մասով քննչական կոմիտեն կաղում է։ Գործին կցված նյութերի համաձայն, հուլիսի 27-ին «անհայտ անձինք» «կազմակերպել են բողոքի ակցիայի ավելի քան 3500 մասնակիցների ժամանումը» քաղաքապետարանին հարող տարածք։ Վերջիններս՝ «տրվելով հակաօրինական կոչերին» և գործադրելով ֆիզիկակական ուժ, «ճեղքել են շրջափակումը և, դուրս գալով երթևեկելի գոտի, կաթվածահար արել երթևեկությունը»։
Հետաքննութությունը պնդում է, որ «անհայտ անձինք»՝ «որպես առիթ» օգտագործելով անկախ թեկնածուների գրանցման մերժման փաստը, կազմակերպում են «զանգվածային անկարգություններ»։
Հուլիսի 27-ի հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկվել մոտ 1400 քաղաքացի։ Ցուցարարների բնակարաններում զանգվածային խուզարկություններ են անցել, 79 հոգի ենթարկվել է վարչական տուգանքների։ Մոտ 50 հոգի կալանավորվել և դատապարտվել 3-ից մինչև 15 օրվա ազատազրկման։ Ձերբակալվել և վարչական գործերով 7-30 օրով կալանավորվել են նաև հանրահավաքին մասնակցող բոլոր անկախ թեկնածուները, բացի հացադուլի մեջ գտնվող Լյուբով Սոբոլից։ Քրեական գործ է հարուցվել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» դեմ։ Քննչական կոմիտեի որոշմամբ հանրահավաքի 10 մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություների մասին հոդվածով։
Օգոստոսի 2-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են Կիրիլ Ժուկովը, Իվան Պոդկոպաևը, Ալեքսեյ Մինյայլոն, Եգոր Ժուկովը և Սամարիդին Ռաջաբովը։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունել։
Անկախ թեկնածու Լյուբով Սոբոլի շտաբի կամավոր Ալեքսեյ Մինյայլոն, ով՝ ի սոլիդարություն Սոբոլի, հուլիսի 14-ից հացադուլի մեջ է, առհասարակ հանրահավաքին չի մասնակցել։ Նրա խոսքերով, հանրահավաքի օրը եղել է դատարանում, որտեղ ընթանում էր ավելի վաղ բերման ենթարկված Սոբոլի դատական նիստը։ Երեկոյան՝ նիստի ավարտից հետո, նա ցանկացել է միանալ ցուցարարներին, սակայն բերման է ենթարկվել ճանապարհին։ Այսինքն, հանրահավաքին այդպես էլ չի մասնակցել, բայց միևնույն է մեղադրվում է «զանգվածային անկարգությունների մեջ»։ Թեև պաշտպանության կողմը պատրաստակամություն էր հայտնել 1 մլն ռուբլի գրավ վճարել և Մինյայլոյի համար միջնորդել էին Մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Եկատերինա Շուլմանը և հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարևան, դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրան մինչև սեպտեմբերի 27-ը։
21-ամյա Սամարիդին Ռաջաբովը մեղադրվում է հուլիսի 27-ի հանրահավաքին ոստիկանի ուղղությամբ պլաստիկ շիշ նետելու մեջ։ Շիշը կպել է ոստիկանի վզին և «ֆիզիկական ցավ պատճառել»։ Ձերբակալության հիմնավորումների շարքում է նաև «հանցագործության վայրից փախուստի դիմելը»։ Պարզ չէ՝ ինչպես է Ռաջաբովը դիմել փախուստի, եթե ոստիկանության կողմից բերման է ենթարկել Տրուբնոյ հրապարակից։ Օգոստոսի 1-ին Ռաջաբովը հացադուլ էր հայտարարել։
Նույն հրապարակից նույն օրը բերման ենթարկված 25-ամյա Իվան Պոդկոպաևի տանը ոստիկանությունը հակագազ, գազապղպեղ, փոքրիկ մուրճ և դանակ էր հայտնաբերվել, ինչը հիմք էր դարձել զանգվածային անկարգությունների գործով նրան մեղավոր ճանաչելու համար։ Դատարանում Պոդկոպաևը բացատրել է, որ հակագազն օգտագործում է աշխատավայրում (մասնագիտությամբ տեխնիկ է), իսկ գազապղպեղը՝ շներից պաշտպանվելու համար։
28-ամյա Կիրիլ Ժուկովը ձերբակալվել է Տվերսկոյ հրապարակում Ռոսգվարդիայի ներկայացուցիչներից մեկի սաղավարտը գետնից բարձրացնելու պահին։ «Երիտասարդը կայուն եկամուտ չունի և փախուստի է դիմել դեպքի վայրից», – որպես մեղավորության ապացույց նշել է քննիչը։ Ժուկովը, ով ի դեպ նախկինում Ռոսգվարդիայում է ծառայել, դատարանի դահլիճում՝ վճռի ընթերցումից հետո, հացադուլ է հայտարարել։
Հասկանալի չէ՝ ինչում է մեղադրվում 21-ամյա վիդեոբլոգեր Եգոր Ժուկովը։ Այնուամենայնիվ, նրա մեղքը «հաստատվում» է գործին կից նյութերով և օպերատիվ խուզարկության արդյունքներով։ Ժուկովը Դմիտրի Գուդկովի շտաբից է, սովորում է Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում։ Ի աջակցություն Ժուկովի, Ներքին գործերի նախարարության շենքի մոտ միանձնյա պիկետներ էին կազմակերպվում: DOXA համալսարանական առցանց թերթի հաղորդմամբ, օգոստոսի 5-ին ոստիկանությունը բերման է ենթարկել 4 ուսանողի: Ոստիկանները նշել են, որ ձերբակալության պատճառը միմյանց պաստառներ փոխանցելն է, այդ դեպքում կատարվածը որակվում է որպես «զանգվածային միջոցառում»:
Հուլիսի 29-ին, երբ զանգվածային անկարգությունների հոդվածով քրեական գործը դեռևս հարուցված չէր, դատարանի որոշմամբ կալանավորվել էր Մերձմոսկվայում որպես պահակ աշխատող 48-ամյա Եվգենիյ Կովալենկոն։ Գործին կցված նյութերի համաձայն, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանական գրել ոստիկանի ուղղությամբ աղբաման նետելու մասին։ Պարզվում է, որ իրականում Եվգենին չի ընդունում զանգվածային անկարգությունները, առավել ևս իր մասնակցությունը դրանցում։
Նիժնի Նովոգորոդի ձախ ակտիվիստ 22-ամյա Վլադիսլավ Բարաբանովը մեղադրվում է հանրահավաքի ժամանակ «ցուցարարների ուղղորդված շարժը կազմակերպելու մեջ»։ Նրա մեղավորությունը հաստատվում է տուժողի ցուցմունքով և գործին կից այլ նյութերով: Նա կալանքի տակ կլինի մինչև սեպտեմբերի 27-ը։
25-ամյա Սերգեյ Աբանիչևը մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ թղթե բաժակ նետելու մեջ: Աբանիչևն իր մեղքը չի ընդունում։ Նա աշխատում է առևտրական կազմակերպությունում որպես մենեջեր, պնդում է, որ հուլիսի 27-ին կոշիկները տանում էր վերանորոգման: Աբանիչևի ազգականները ոստիկանությանը հայտնել են, որ նա քաղաքականությամբ առանձնապես չի հետաքրքրվում և հեռու է հանրահավաքներին մասնակցելուց:
Զանգվածային անկարգության մեջ մեղադրվում է նաև Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանող Դանիիլ Կոնոնը: Նրա մեղավորությունը հաստատող միակ «ապացույցը» Рен ТВ հեռուստաընկերության տեսանյութն է, որում Կոնոնը ձեռքերով փողոցի մարդկանց ցույց է տալիս, թե ուր գնացին մյուսները։ Նա մասնակցել է անկախ թեկնածու Իվան Ժդանովի համար կազմակերպված ստորագրահավաքին: Կոնոնի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատավճռի կայացումը երեք օրով հետաձգելու հետ կապված՝ նշելով որ Տեխնիկական համալսարանի մի շարք դասախոսներ և համալսարանի ռեկտորը համաձայնել են երաշխավորագրեր ներկայացնել: Միջնորդությունը մերժվել է:
Հետախուզման մեջ գտնվող տասներորդ մեղադրյալը՝ Սերգեյ Ֆոմինը, օգոստոսի 8֊ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Ակտիվիստը բացատրել է, որ չի ցանկացել ուժայիններին հնարավորություն տալ հայտարարելու, թե ինքը թաքնվում էր և «բռնվել է»։ Ինքն իրեն անմեղ է համարում և որոշել է ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։ Ֆոմինի խոսքով խուզարկությունից հետո մի քանի օրով հանգստանալու էր գնացել, բայց, իմանալով հետախուզման մասին, վերադարձել է։
Հիշեցնենք, որ Ֆոմինին՝ իրենց մեկ տարեկան երեխայի միջոցով շրջափակումից հանելու մեջ են մեղադրվում Ֆոմինի բարեկամուհի Օլգա Պռոկազովան և իր ամուսինը՝ Դմիտրին։ Նրանց սպառնում են ծնողական իրավունքներից զրկմամբ։