1945 թվականի փետրվարի 13-ին բրիտանական ավիաուժերը հարձակվում են Դրեզդենի վրա։ Մի քանի օրվա ընթացքում բրիտանացիներն իրենց ամերիկյան դաշնակիցների հետ քաղաքի վրա շուրջ 4000 տոննա ավիառումբ են նետում։
Ռմբակոծության հետևանքով մահանում է ավելի քան 25 հազար մարդ՝ այրվածքներից կամ թթվածնի անբավարարությունից։
Դրեզդենը եզակի դեպք չէր։ Դաշնակիցները ռմբակոծում էին նաև Քյոլնը, Համբուրգն ու Բեռլինը՝ սպանելով հազարավոր մարդկանց ու հողին հավասարեցնելով ամբողջական շրջաններ։ Ռմբակոծությունների էին ենթարկվում նաև ճապոնական Տոկիո, Հերոսիմա, Նագասակի քաղաքները։
Սակայն հենց Դրեզդենի դեպքն է դառնում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ դաշնակիցների ամենահակասական քայլը։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն էր կասկածներ հայտնում օդային հարձակումից անմիջապես հետո քաղաքը ռմբակոծելու որոշման վերաբերյալ։
«Կարծում եմ, ժամանակն է վերանայել վախեցնելու նպատակով, բայց այլ պատրվակներով գերմանական քաղաքների ռմբակոծման հարցը», – գրել է Չերչիլը զեկուցային գրառումներից մեկում։
1945-ի փետրվարին Դրեզդենը Արևելյան ճակատից ընդհամենը 250կմ հեռավորության վրա էր։ Արևելյան ֆրոնտում նացիստական Գերմանիան դեռևս շարունակում էր դիմակայել հարձակվող խորհրդային ուժերին։ Պատերազմի վերջին ամիսներն էին։
Դրեզդենն այդ ժամանակ արդյունաբերական ու տրանսպորտային խոշոր հանգույց էր։ Այդտեղ գտնվող մի շարք գործարաններ զինամթերք էին արտադրում, ինքնաթիռների պահեստամասեր և այլ անհրաժեշտ արտադրատեսակներ։
Զորքերը, տանկերն ու հրետանին Դրեզդենով էին անցնում՝ ինչպես ցամաքով, այնպես էլ երկաթգծերով։ Ռազմական գործողություններից փրկված հարյուր հազարավոր գերմանացի փախստականներ ևս այդ ժամանակ Դրեզդենում էին։
Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով, այդ պահին Դրեզդենն ամենախոշոր գերմանական քաղաքն էր, որ դեռ չէր ռմբակոծվել։
Դաշնակիցների ռազմաօդային հրամանատարությունը որոշել էր, որ Դրեզդենի վրա ավիահարձակումը կարող է օգնել Կարմիր բանակին՝ խանգարելով նացիստական ստորաբաժանումների դեպի արևելք տեղաշարժին։
Հինգ տարվա ընթացում բրիտանացիների կողմից Գերմանիայի տարբեր քաղաքների ռմբակոծությունները հաճախանում էին ու ավելի ուժեղ դառնում։ Ինքնաթիռներից նետում էին թե՛ ֆուգասային, թե՛ հրկիզող ռումբեր․ առաջինները շինություններ էին պայթեցնում, մյուսներն ավիրում էին լայնամասշտաբ հրդեհներով։
Նախորդ ավիահարձակումների արդյունքում մի քանի գերմանական քաղաքներ արդեն հողին էին հավասարեցվել։
Դրեզդենի ուղղությամբ ավիահարձակումը սկսվում է փետրվարի 13-ին։ Առաջին 25 րոպեների ընթացքում բրիտանական ինքնաթիռներն արդեն ավելի քան 1800 տոննա ռումբ էին գցել քաղաքի վրա։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ընդունված ձևով, ամերիկյան ավիացիան բրիտանականին հաջորդում էր ցերեկային ժամերին։
Քաղաքի խաղաղ բնակչությունը շչակների ձայներից սարասափահար եղած թաքնվել էր պատսպարաններում։ Հենց առաջին հարվածից հետո էլեկտրականությունն անջատվում է, ինչի պատճառով մարդիկ նորից իրենց բնակավայրեր են վերադառնում՝ ռմբակոծության երկրորդ ալիքից անմիջապես առաջ։
Չոր ու շոգ եղանակի պատճառով ուժեղ հրային բուք էր սկսվել։ Շատերը կրակից փախչում էին, բայց մահանում թթվածնի անբավարարությունից։
Ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտն այդ ժամանակ գերեվարված էր Դրեզդենում։
«Սպանդանոց համար 5 կամ երեխաների խաչակրաց արշավանքը» վեպում Վոնեգուտը ռմբակոծված Դրեզդենը համեմատում է լուսնի լանդշաֆտի հետ․ «Դրեզդենը լուսնի էր նման՝ զուտ միներալներ։ Քարերը շիկացել էին։ Ամենուր մահ էր»։
Այս գործողության ընթացքում բրիտանացիները վեց ռմբակոծիչ են կորցրել, որոնցից երեքը՝ իրենց իսկ նետած ռումբերից։ Ամերիկյան կողմը մեկ ինքնաթիռ էր կորցրել։
Նացիստական Գերմանիայի Պրոպագանդայի նախարարությունն առիթից օգտվելով հայտարարում է, որ Դրեզդենում իրականում ռազմարդյունաբերական համալիրներ չկան․ այն պարզապես մշակութային կենտրոն է։
Քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն, զոհվել էր շուրջ 25 հազար մարդ (այդ թվի հետ համաձայնում են նաև ժամանակակից պատմաբանները)։ Նացիստների պնդմամբ, սպանվել է ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչ։
Բրիտանիայում Դրեզդենը հայտնի էր որպես զբոսաշրջային կենտրոն, ինչի պատճառով պաշտոնյաների մի մասը կասկածի տակ էր դնում ավիահարձակման նպատակահարմարությունը։
«Ըսոշիեյթիդ պրես» գործակալության այդ ժամանակ հրապարակած հոդվածում ասվում էր, որ դաշնակիցներն այդ ռմբակոծություններն իրականացրել են վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Ամերիկացի ու բրիտանացի ռազմական ստրատեգները, սակայն, պնդում են, որ այս ռմբակոծությունն անհրաժեշտ էր արդյունաբերական ենթակառուցվածքներն ու տրանսպորտային համակարգը կաթվածահար անելու համար։
Դրեզդենի ռմբակոծության մասին քննարկումները շարունակվում են մինչև հիմա։ Պատմաբանները փորձում են հասկանալ՝ Դրեզդենի ռմբակոծությունը նացիստներին իրոք խանգարե՞ց, թե՞ պարզապես հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձավ, այն էլ՝ պատերազմի վերջերում։
Ի տարբերություն դեսանտային գործողությունների, այս դեպքում բարդ է գնահատել գործողության նշանակալիությունը պատերազմը հաղթելու գործում։
Շատերը պնդում են, որ սա պարզապես դաշնակիցների բարոյական հաշվեհարդարն էր, եթե ոչ՝ ռազմական հանցագործություն։ Ուրիշների կարծիքով, նմանատիպ ռմբակոծությունները նացիստական Գերմանիայի դեմ իրականացվող հերթական գործողություններից էին ընդհամենը։
Պատմության այս շրջանը հաճախ է շահարկվում դավադրության տեսությունների սիրահարների, ծայրահեղ աջերի ու էքստրեմիստների կողմից, որոնց թվում Հոլոքոսթը հերքողներ անգամ կան։ Նրանք զոհերի մասին տվյալներն ընդունում են նացիստական մեկնաբանությամբ ու Դրեզդենի ռմբակոծության օրը նշում որպես ողբերգական իրադարձություն։
աղբյուրը՝ Բի-բի-սի-ի ռուսական ծառայություն