Home / Առողջապահություն / Ինգուշիայում մինչև օրս կանանց թլպատման վիրահատություններ են իրականացվում

Ինգուշիայում մինչև օրս կանանց թլպատման վիրահատություններ են իրականացվում

Ինգուշիայի որոշ համայքներում լայնորեն կիրառվում է կանանց թլպատման արգելված պրակտիկան։ Իշխանությունները, իրավապաշտպանների փոխանցմամբ, բավարար ուշադրություն չեն դարձնում այս խնդրին։

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Օկսանա Պուշկինան մայիսի 5-ին խոստացավ ստուգել Մագասի մանկական հիվանդանոցներից մեկում կանանց թլպատման վիրահատությունների իրականացման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները։

Մագասի մասնավոր հիվանդանոցներից մեկում աղջիկների թլպատման մասին մայիսի 2-ին հաղորդագրություն էր հայտնվել «ՎԿոնտակտե» սոցցանցի «Подслушано. Феминизм. Кавказ» էջում։ Գրառման հեղինակի փոխանցմամբ, վիրահատությունն իրականցնում է մանկական գինեկոլոգի կողմից, բացառապես ծնողների համաձայնությամբ։ Արժեքը 2 հազար ռուբլի է։

Անանուն հրապարակման հեղինակը «Կավկազսկի ուզելի» թղթակցի հետ զրույցում պատմել է, որ այդպիսի վիրահատության ենթարկվել է իր բարեկամուհու դուստրը։ Գործն այժմ քննվում է դատարանում։ «Ես հետևում եմ գործի ընթացքին և մասնակցել եմ դատական նիստերից մեկին։ Թլպատումը հաստատել են երկու դատական փորձագետներ։ Հարցաքննության արձանագրության մեջ ․․․ [բժիշկն] ինքն էլ ընդունել է, որ իրականացրել է նման վիրահատություն: Հետագա նիստերի ժամանակ, սակայն, նա սկսել է հերքել մեղադրանքն ու անգամ պնդել, որ առաջին անգամ է լսում, որ թլպատման երևույթ գոյություն ունի»,- պատմել է գրառման հեղինակը։

Մագասի մասնավոր հիվանդանոցի աշխատակցուհին, ում մասին խոսվում էր հրապարակման մեջ, «Կավկազսկիյ ուզելի» հետ զրույցում ասել է, որ իրենց բուժհաստատությունում նման մանիպուլյացիաներ երբևէ չեն իրականացվել։ «Մենք այդպիսի վիրահատություններ չենք անում։ Առաջ էլ չէին անում։ Դա մեր ուղղվածության մեջ չի մտնում»,- հավաստիացրել է նա և հավելել, որ գրառման մեջ հիշատակված բժիշկն իրենց հիվանդանոցում երբևէ չի աշխատել։

Կանանց թլպատումը կանացի սեռական օրգանների դաժան և խեղիչ վիրահատություն է, որը հակասում է մարդու առողջության, անվտանգության և մարմնական անձեռնմխելիության իրավունքին։ Այժմ աշխարհում շուրջ 140 մլն կին կրում է թլպատման հետևանքները։

Ռոսզդռավնադզորի Ինգուշիայի հանրապետական վարչության աշխատակցի պնդմամբ, երկրում նման վիրահատություններն արգելված են։ «Այդ մեթոդը բուժհաստատություններում չի կիրառվում։ ․․․Ռուսական բժշկության մեջ նման վիրահատություններ չեն իրականացվում»,- նշել է նա։

Վարչության աշխատակիցը չի բացառել, որ թլպատման վիրահատություններ կարող են իրականացվել տնային պայմաններում, ինչը «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առողջության պաշտպանության մասին» օրենքի խախտում է։

2018-ի դեկտեմբերին Ռոսզռավնադզորը լրացուցիչ հիշեցում էր հրապարակել թլպատման վիրահատությունների արգելքի մասին, երբ մոսկվյան հիվանդանոցներից մեկի ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ այդ բուժհաստատությունը «կրոնական և ծիսական» հիմունքներով «կանանց թլպատման» ծառայություն է առաջարկում։ «Ծլիկի հեռացումը ներառված չէ թույլատրելի բժշկական ծառայությունների ցանկում, այդպիսի վիրահատությունը քրեորեն պատժելի է»,- հայտարարել էր վարչությունը։

«Հյուսիսային Կովկասի հանրապետություններում խեղիչ վիրահատությունների պրակտիկաներ․ հաղթահարման մարտավարություններ» զեկույցի համահեղինակ Սաիդա Սիրաժուդինովան պատմեց, որ զեկույցի հրապարակումից հետո իշխանությունները պատրաստ չէին երկխոսության։

«Արձագանքը զեկույցին զուտ բյուրոկրատական բնույթ ուներ։ Իշխանությունները հետաքրքրված չէին խնդրի քննարկմամբ կամ լուծումների մշակմամբ, այսպիսի դեպքերին լուրջ չեն վերաբերվում։ Քրեական գործեր չեն հարուցվել, քանի որ այդ ժամանակ ոստիկանություն ներկայացված հայցադիմումներ չկային։ Քչերը կարող են դեմ գնալ իրենց ընտանիքներին, ծնողներին»,- պատմում է Սիրաժուդինովան։

Նրա խոսքով, համայնքներում, որոնցում կանաց թլպատումը սովորական երևույթ է, հանրությունը կողմ է այդ պրակտիկային։ «Ովքեր էլ դեմ են՝ կարող են իրենց կարծիքն իրենց պահել։ Ոչ ոք չի համարձակվում ավանդույթներին դեմ խոսել», – բացատրում է Սիրաժուդինովան։

Ինգուշների մեծամասնությունն այսպիսի վիրահատական միջամտություններն անթույլատրելի է համարում, բայց չի համարձակվում խառնվել ուրիշների կյանքին։

««Իրավական նախաձեռնության» զեկույցները, որոնք հիմնում են ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տալիս, որ այս պրակտիկայի կիրառությունը կախված է տարբեր համայնքներին և ժողովուրդներին պատկանելությունից։ Խոսքն ամենևին եզակի դեպքերի մասին չէ։ Որոշ համայնքներում խնդիրը գրեթե համատարած բնույթ է կրում», – նշում է Սաիդան։

Նույն զեկույցի համահեղինակ, «Իրավական նախաձեռնության» ավագ իրավաբան Յուլիա Անտոնովան ևս ընդգծեց, որ իրենց հրապարակումից հետ որևէ քրեական գործ չի հարուցվել։ Իրենք շարունակել են հաղորդագրություններ ստանալ թլպատման վիրահատությունների իրականացման մասին, բայց ոստիկանություն դիմելու դեպքեր գրեթե չկան․ «Ակնհայտ է, որ մարդիկ դեռ վախենում են»։