Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հայրության արձակուրդ սահմանող օրենսդրական նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից առաջարկված նախագիծը խորհրդարանում ստացել է 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:
Օրենքի նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ այսուհետ նորածին երեխա ունեցող հայրերը հնարավորություն կունենան երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Օրենքի շնորհիվ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող, խնամող անձանց աշխատանքային իրավունքներն ավելի պաշտպանված են դառնում․ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի: