2026 թ. նոյեմբեր 14, շաբաթ

Հայաստանի նոր նայողը ամերիկացի ռուսաստանցի է

Հայաստանում ստրատեգիկ կառույցներին տիրապետելու մրցավազքը ամերիկյան և ռուսական կապիտալների միջև կանգնել է տարօրինակ կոմպրոմիսի վրա։ Կոմպրոմիսի անունը Կոնստանտին Սոկոլով է։ Արմատներով ռուսաստանցի, բիզնեսներով ամերիկացի 52-ամյա գործարարը դարձել է Հայաստանի խոշորագույն ընկերությունների մենեջերը:

Ամենակարևորը՝ 2026 թվականի ամռանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նշանակել է Թրամփի ճանապարհը ֆինանսավորող TRIPP+ Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ։ Ադրբեջանի հիմնական մասը անկլավային Նախիջևանին կապող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը հայ-ադրբեջանական բանակցություններում կարևոր կռվախնձոր էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։ Սոկոլովը, այսպես, համակարգելու է այս «խաղաղության ուղու» ֆինանսավորումը։


Նրա ղեկավարած ֆոնդը միայն Հայաստանի հարավով անցնող ճանապարհով չի զբաղվելու, այլ նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանային ներդրումները և ստեղծել Անդրկասպյան առևտրային միջանցք, որը կընդգրկի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բոլոր ութ պետությունները։ Հիմնադրամի միջոցով ամերիկյան ընկերությունները կփորձեն հասանելիություն ստանալ նաև այս երկրներում առկա կրիտիկական միներալների պաշարներին։

Թրամփի նշանակումը քննադատել են ֆինանսական էթիկայի էքսպերտները. Սոկոլովը, ըստ նրանց, չի կարող ԱՄՆ շահերը ներկայացնել Հայաստանում, որտեղ ունի տասնյակ սեփական բիզնեսներ։ Դեմոկրատները պահանջել են Սոկոլովի նկատմամբ նախաձեռնել վստահելիության ստուգում, քանի որ նա չափազանց շատ կապեր ունի նաև Ռուսաստանում։

konstantin sokolov nikol pashinyan.jpg

Կոնստանտին Սոկոլովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 15․03․2024, աղբյուրը՝ primeminister.am

Կոնստանտին Սոկոլովը Հայաստանում հայտնվել է դեռ 2024-ին։ Նրա առաջին գնումը Viva Armenia օպերատորն էր՝ ռուսական MTS-ի դուստր ընկերությունը։ Բաժնեմասի 20 տոկոսը «որպես բարի կամքի դրսևորում» փոխանցվեց Հայաստանին, որի կառավարությունը դա բացատրեց կապի օպերատորի ստրատեգիական նշանակությամբ։ Մեկ տարի անց, սակայն, կառավարությունը որոշեց, որ կարող է հետ տալ իր մասնաբաժինը՝ այն վաճառելով հիմնական սեփականատիրոջը 50 միլիոն դոլարով։ Վաճառքը դեռ չի արվել։

2026-ի հուլիսին Սոկոլովը ձեռք բերեց նաև «Ռոստելեկոմ»-ի դուստր ձեռնարկության՝ OVIO-ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Երկու գործարքներն էլ կնքվել են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլիկո Գրուպ» (Fedilco Group Limited) ընկերության անունից։ Oֆշորային այս ընկերությունը Սոկոլովը կառավարում է իր չինացի գործընկերոջ՝ Չժե Չժանի հետ միասին։ Վերջինս 2021 թվականին գնել է նաև AMIO Bank-ի (այն ժամանակ՝ Արմբիզնեսբանկ) 75 տոկոս բաժնեմասը։

Ամենակարևոր գործարքը, սակայն, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի առքուվաճառքն էր 2026 թվականի սեպտեմբերին։

DEUTSCHE WELLE օրաթերթը գրում է. «Ամենաաղմկոտ գործարքը կնքվեց միտումնավոր լռության պայմաններում։ Մոտ 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար ունեցող այս հանքավայրը (մեծությամբ երկրորդն է Հայաստանում) նախկինում ձեռք էր բերել ռուսական պետական ​​VTB բանկը, որն այժմ արևմտյան պատժամիջոցների տակ է»։

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը 2022 թվականին հայտարարել էր, թե ​​VTB-ն «Ռուսաստանի ֆինանսական համակարգի կարևորագույն զարկերակն» է, դրա միջոցով Մոսկվան ֆինանսավորում է պատերազմը Ուկրաինայի դեմ։ Բանկի վրա դրվեցին սանկցիաներ։

Talking points memo ամերիկյան պարբերականի տեղեկություններով, ԱՄՆ-ն թույլ է տվել Սոկոլովին շրջանցել սանկցիաները, քանի որ նա մեծ նվիրատվություններ է արել անձամբ Դոնալդ Թրամփի և այլ հանրապետականների համար։ Օրինակ, Սոկոլովը ֆինանսավորել է Թրամփի հայտնի իդեան՝ քանդել Սպիտակ տան արևելյան պատը և այնտեղ պարահանդեսային դահլիճ կառուցել առանց Սենատի համաձայնության։ Բացի դա, նա 12 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի աջակիցների MAGA (Make America Great Again) ինկորպորացիային, ինչպես նաև՝ հարյուր հազարավոր դոլարներ հանրապետական ​​սենատորական կոմիտեին և առանձին հանրապետականներին:

Bloomberg-ը գրում է՝ VTB բանկից Թեղուտի պղնձամոլիբդենայինը գնելու համար Սոկոլովը մրցել է ռուսական և չինական ընկերությունների հետ։ Նրա ընկերությունը հաղթող է ճանաչվել, քանի որ, ըստ Սոկոլովի, ներկայացրել է 228,5 միլիոն դոլարի գնային առաջարկ։

konstantin sokolov nikol pashinyan (2).jpg

Սոկոլովը՝ մեջտեղում, 15․03․2024, աղբյուրը՝ primeminister.am

«Թեղուտ» հանքավայրի տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 80 հազար տոննա խտանյութ։

Հանքավայրը շահագործվում է 2013-ից։ Այն հիմնադրել է գործարար Վալերի Մեջլումյանի «Վալլեքս գրուպը»՝ ռուսական VTB բանկի ֆինանսավորմամբ։ Դանիական կենսաթոշակային հիմնադրամը ևս 62 միլիոն դոլարի վարկեր է տրամադրել հանքին՝ պայմանով, որ Թեղուտի շահագործման համար կգնվի դանիական տեխնիկա։ 2017-ին Դանիան դադարեցրեց իր աջակցությունը՝ հայտարարելով, որ «Վալլեքս գրուպը» չի պահպանում բարձր բնապահպանական ստանդարտներ։ 

Դանիական ֆոնդը իր հայտարարության մեջ հիշատակել է, մասնավորապես, Շնող գետի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրները և Ալավերդու պղնձաձուլարանում աշխատանքային պայմանների վատթար վիճակը։ 2018 թվականի հունվարին «Վալլեքսը» ժամանակավոր դադարեցրել է հանքի շահագործումը՝ ընդունելով, որ պոչամբարի պատվարի հետ խնդիր կա և այն կարող է փլուզվել։

Թեղուտի վերաբերյալ բնապահպանական մտահոգություններից ոչ մեկն էլ նոր չէր։ Հանքարդյունաբերական այդ պրոյեկտը սկսվել է 357 հեկտար անտառի հատմամբ։ Թեղուտի հանքի դեմ էր առաջին մեծ բնապահպանական շարժումը 2010-ականներին։


Քանի որ «Վալլեքս գրուպը» չէր մարում վարկերը, VTB-ն 2018 թվականին իր վերահսկողության տակ է վերցրել ակտիվները և վաճառքի հանել դրանք։ Մինչ այժմ արտադրանքի մեծ մասն արտահանվել է Չինաստան, որի հետ գործող պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին։ Դրանից հետո Սոկոլովը նախատեսում է արտադրանքն ուղղել դեպի ԱՄՆ՝ կնքելով նոր առևտրային պայմանագիր։ «Այս գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևորագույն հանքային ռեսուրսները ԱՄՆ մատակարարման շղթաներին հասանելի դարձնելն էր», — նշել է ամերիկացի գործարարը։

Սոկոլովը նախատեսում է տարեկան արտադրությունը հասցնել 120–130 հազար տոննա խտանյութի, որը կպարունակի շուրջ 26–28 հազար տոննա պղինձ։ Նրա խոսքով՝ արտադրական նոր հզորությունները շահագործման կհանձնվեն 2030 թվականին, դրանք ամբողջ հզորությամբ կաշխատեն սկսած 2031-ից։

konstantin sokolov mher grigoryan.jpg

Սոկոլովը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, 15․03․2024, աղբյուրը՝ primeminister.am

Գործարարը նշել է, որ այժմ դիտարկում է տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների հետ կապված ավելի լայն նախագծեր, մասնավորապես՝ էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի արտադրության և կարևորագույն հանքային ռեսուրսների ոլորտներում։ Հայաստանի կառավարությունն արդեն մեկ տարի է՝ փորձում է խլել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ ՀԷՑ-ն արդեն ունի պետական կառավարիչ և ճանաչվել է հանրային գերակա շահ։ 


«Մեր պլանը հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք», — ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

Սոկոլովը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, կրթություն ստանալուց հետո՝ 21 տարեկանում, տեղափոխվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաք։ «Սոկոլովի գործարար կարիերայի մասին հանրային տիրույթում գրեթե տեղեկություններ չկան մինչև 2025 թվականը, երբ նա 100 միլիոն դոլարի նվիրատվություն կատարեց Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցին (University of Chicago Booth School of Business): Սոկոլովը Բութի շրջանավարտներից է։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում նրա գործունեության մասին հասանելի եզակի փաստերից մեկը հանդիպում է 2014 թվականին՝ դպրոցի շրջանավարտների համար նախատեսված ամսագրում հրապարակված մի հոդվածում։ Այնտեղ նշվում է, որ նա Ռուսաստանում ղեկավարել է ներդրումային ընկերություն ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ փոխկապակցված մարդկանցից մեկի հետ միասին», — գրել է ամերիկյան Talking points memo-ն։