2026 թ. նոյեմբեր 16, երկուշաբթի

Իրանի կրկնագրերը

Վիեննալեն՝ աշխարհի ամենասինեֆիլական փառատոններից մեկը, միշտ մեծ ուշադրությամբ է հետևել Արևմտյան Ասիայի կինոյին։ Փառատոնի այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում իրանական կինոն։ Տեղի ունեցավ Աբաս Քիարոստամիի «մանկական ֆիլմերի» (1970–1981) և լիբանանցի ռեժիսոր Ժոսլին Սաաբիի «Իրանը՝ ուտոպիայի ճանապարհին» (1980) վավերագրական ֆիլմի հետհայաց ցուցադրությունը։

Հիմնական ծրագրում ընդգրկված էին նաև Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոյի, Մարիամ Թաֆաքորիի, Մանի Հաղիղիի, Բանի Խոշնուդիի և Մոհամադ Ռասուլոֆիի նոր ֆիլմերը, որոնք Epress.am-ի համար գրախոսել է կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը։

South-of-Tehran (1).jpg 

South-of-Tehran (2) (1).jpg 

Թեհրանի հարավ
South of Tehran

Բրազիլացի մեծ ռեժիսոր Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոյի կարճամետրաժ ֆիլմը սկսվում է այսպես․ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին ծխում է Նյու Յորքի կինոթատրոններից մեկի մոտակայքում, անցորդները մոտենում են նրան, որ լուսանկարվեն և ինքնագիր վերցնեն։ Երիտասարդներից մեկը վերադառնում է մի քանի անգամ, ապա բերում է նաև ընկերոջը։  Դասական տեսարան իրանական կինոյից՝ բեմադրության և վավերագրության արանքում։

Փանահիի արտակադրային ձայնն ընթացքում պատմում է իր մանկության և պատանեկության մասին․ հարավային Թեհրանի կինոթատրոնները, Սփիլբերգի Երրորդ աստիճանի սերտ շփումներ ֆիլմի ցուցադրությունը, ժամանակները, երբ ամբողջ հարևանությունը հավաքվում էր բակի միակ հեռուստացույցի առջև։

Փանահին նստում է մեքենան։ Նա ուսումնասիրում է Մանհեթենի փողոցները: Եվս մեկ վիզուալ մոտիվ իրանական կինոյից՝ հայացք մեքենայի պատուհանից։ Կինոթատրոններ, նորից կինոթատրոններ։ Ինչ-որ պահի հասկանում ենք, որ մեր առաջ այլևս Նյու Յորքը չէ։ Փանահին արդեն ոչ թե ուղևորի նստատեղին է, այլ իր հայտնի Տաքսու ղեկին։ Ժամանակներն ու վայրերը մեկտեղված են։ Նյու Յորքը դառնում է Թեհրանի, Մենդոնսա Ֆիլյոյի ֆիլմը՝ Փանահիի ֆիլմի կրկնակը։

Ghazal-e Sorkh (2) (1).jpg 

Ghazal-e Sorkh (1) (1).jpg 

Կարմիր գազել
Ghazal-e Sorkh

1971 թվականին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին մեծաշուք տոնակատարություններ էր կազմակերպել Պարսկական կայսրության 2500-ամյակի առթիվ։ Միապետեր, նախագահներ, հարյուրավոր բարձրաստիճան հյուրեր, Ֆրանսիայից հրավիրված խոհարարներ և սպասարկող անձնակազմ՝ հսկայական խնջույք երկրում, որի բնակչության մի զգալի մասն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ։ 

Շահն ինքն իրեն համարում էր Կյուրոս Մեծի ժառանգորդը և ոչ մի միջոց չէր խնայում սեփական հզորությունը ժապավենի վրա հավերժացնելու համար։ 1971-ին նրա պատվերով նկարահանված Flame of Persia ֆիլմում պարսկական քաղաքակրթության, կայսրության փառավոր անցյալի և ժամանակակից Իրանի ձեռքբերումների մասին պատմում էր ոչ ավել, ոչ պակաս՝ Օրսոն Ուելսը։

Մարիամ Թաֆաքորիի Կարմիր գազել կինոէսսեն վերադառնում է այդ կադրերին ավելի քան կես դար անց։ Շահական շքեղ կինոխրոնիկան համադրվում է մինչհեղափոխական իրանական ֆիլմերի (մասնավորապես, Արբի Հովհաննիսյանի և Արապիկ Բաղդասարյանի աշխատանքների) հետ, որոնք բոլորովին այլ Իրան են պատկերում։ Հակադրվելով Օրսոն Ուելսին՝ Թաֆաքորին հրաժարվում է արտակադրային ձայնից: Փոխարենը էկրանին հայտնվում են գրություններ՝ անձնական հիշողություններ, հատվածներ արխիվային փաստաթղթերից և մամուլի հրապարակումներից։ Թաֆաքորին ներկայացնում է ՍԱՎԱԿ-ի՝ շահական գաղտնի ոստիկանության, բանաստեղծների, արվեստագետների և ուսանողների բանտարկության պատմությունները. ռեժիսոր Քերամաթ Դանեշյանը, որը Դովլաթաբադ ֆիլմում վավերագրել էր «նավթի ուղու» կողքին գտնվող աղքատ գյուղի կյանքը, 1974 թվականին մահապատժի ենթարկվեց շահի դեմ դավադրության մեղադրանքով։

«Հսկաները այս տարի չեն գա», — սրտնեղում էր շահամետ «Քեյհան» թերթը։ Իրանում բռնաճնշումների դեմ բողոքելով՝ 1976 թվականին արտասահմանցի արվեստագետները միացել էին «Շիրազի» արվեստի փառատոնի բոյկոտին։ Երկիրը, որն աշխարհահռչակ արվեստագետների էր հրավիրում և հսկայական գումարներ ծախսում միջազգային մշակութային միջոցառումների վրա, միաժամանակ արգելում էր իրանցի հեղինակների ստեղծագործությունները, հետապնդում և սպանում նրանց։

Թաֆաքորիի ֆիլմն աշխատում է որպես հեգնալից հիշեցում։ Իսլամական Հանրապետության դեմ բողոքի ցույցերում որոշ շրջանակներ փորձում են արթնացնել նոստալգիան շահի իշխանության տարիների հանդեպ։ Շահի որդին՝ Ռեզա Փահլավին, դարձել է իրանական ընդդիմադիր սփյուռքի խորհրդանիշներից մեկը։ Ոմանք նրան նույնիսկ փրկիչ և գահի օրինական ժառանգորդ են համարում։

I Deserve A  Lover (2).jpg 

I Deserve A  Lover (1) (1).jpg 

Ես արժանի եմ սիրածի, որի ամեն վերելքից երկնքում մոլեգնում են հրեղեն աղետներ
I Deserve a Lover Whose Every Rise Sets Fiery Dooms Raging Across the Skies

Ռումիի գազելից ոգեշնչված վերնագիրը հնչում է որպես կանադական պոստռոք ալբոմի կամ ճապոնական անիմեի անուն։

Ձեռնոցներով ու բժշկական դիմակներով մարդիկ աղբի սև տոպրակներ են բերում անտիկվար իրերով լի սենյակ։ Տոպրակների մեջ հնամաշ, կոտրտված, անպիտան առարկաներ են։ Դրանց մի մասը կհամալրի թավրիզցի արվեստագետներ Նասեր Բախշիի ու Ռողայե Նաջդիի հսկայական հավաքածուն։ Տասնամյակների ընթացքում նրանք ստեղծել են մոռացված կյանքերի մի ամբողջ թանգարան։ Հայտնի կամ անհայտ մարդկանց լուսանկարներ, նամակներ, անձնական փաստաթղթեր, առարկաներ, որոնց նշանակությունն այլևս ոչ ոք չի հիշում։

Հաղիղիի արտակադրային ձայնը պատմում է, որ ֆիլմը պիտի բոլորովին այլ կերպ սկսվեր։ Իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժել են նկարահանող խմբի հյուրանոցային համար և առգրավել նկարահանված նյութերը, քանի որ կադրերում առանց հիջաբի կին է պատկերված եղել։ Լարված սաունդթրեքն ու հսկող տեսախցիկների ձայնագրությունները պարանոյիկ թրիլերի մթնոլորտ են ստեղծում։ Հաղիղին, ինչպես իրանցի շատ այլ ռեժիսորներ, սիրում է միստիֆիկացիաներ։ Ակամա մտածում ես՝ այս ամենն իրակա՞ն է, թե՞ հերթական խաղ իրականության հետ։

Հազիվ մի պատմություն սկսած՝ Հաղիղին անցնում է մյուսին։ Ռեժիսորն անընդհատ փոխում է նաև պատմելու եղանակը։ Արվեստագետների մասին վավերագրական պատմությունն աստիճանաբար վերածվում է չինական արկղի՝ կատակերգական և դետեկտիվային դրվագներով, քաղաքական ակնարկներով, մեկը մյուսի մեջ թաքնված պատումներով։ Ֆիլմը նման է գլխավոր հերոսների արխիվին՝ երփներանգ հավաքածու, որում դժվար է նույնիսկ հասկանալ, թե ինչն է մի երևույթը կապում մյուսին։

Հաղիղիի «վունդերկամերում» կարելի է գտնել աստղագիտական գծապատկերներով զարդարված ալբոմներ։ Անհայտ հեղինակի «գրաֆոմանիան» հիշեցնում է Վոյնիչի ձեռագիրը։ Իրանից ԱՄՆ արտագաղթած տղամարդու լուսանկարներից կարելի է երևակայել նրա կյանքի պատմությունը։

Ո՞ր պահին է հավաքորդությունը վերածվում մոլուցքային կուտակման։ Բախշին և Նաջդին խոստովանում են, որ արդեն վախենում են դատարկ պատերից։ Նրանք պատրաստ են պահել և պահպանել նույնիսկ ցուցանմուշների վրա նստած փոշու հատիկները։

Ֆիլմը վիճում է ինքն իր հետ, մինչև վերջ չի կողմնորոշվում՝ հերոսներն իրեն դո՞ւր են գալիս, թե՞ չէ։ Բավական է՝ նրանցից մեկը մի միտք արտահայտի, հաջորդ տեսարանն արդեն կասկածի տակ է դնում այն։ Բախշին դաջվածքները համեմատում է դիմակների հետ, որոնք մարդուն հեռացնում են ինքն իրենից։ Հաջորդ կադրում մարդիկ ցույց են տալիս իրենց դաջվածքներն և պատմում, թե ինչ է թաքնված դրանց հետևում։ Ճապոնական հիերոգլիֆներ, տիեզերանավ Քրիստոֆեր Նոլանի Ինտերստելար ֆիլմից, փոքրիկ կարմիր կետ, քաղաքական կարգախոս։ Մեկի համար դա անմեղ զվարճանք է, մյուսի համար՝ շատ անձնական բան։ Տպավորություն չի ստեղծվում, թե դաջվածքները որևէ մեկին կտրում են իրա «ես»-ից։

Ֆիլմի վերջում էլ է հնչում Հաղիղիի արտակադրային ձայնը։ Այս անգամ՝ դաժան իրականությունը պարզապես արձանագրելու համար։ 2026 թվականի ձմռանը Իրանում հազարավոր ցուցարարներ են սպանվել ուժայինների կողմից։ Այնուհետև հազարավոր մարդիկ զոհվել են ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։ Թիրախավորված շենքերից մեկում պահվում էին նաև ֆիլմի առգրավված տեսանյութերը:

Elegy (1) (1).jpg 

Elegy (2) (1).jpg 

Elegy (3) (1).jpg 

Ողբերգ մոռացվածների համար՝ անվերջանալի պատերազմի մասին
Elegy for the Forgotten, on an Endless War

Բանի Խոշնուդիի կարճամետրաժ ֆիլմը հավաքված է ամենատարբեր աղբյուրներից՝ արխիվային լուսանկարներ, հատվածներ դասական իրանական ֆիլմերից, համացանցից վերցված ուղղահայաց տեսանյութեր (մի հեռախոսի կամեռան նկարահանում է մեկ այլ հեռախոսի էկրանը՝ պատկերին ավելացնելով ևս մեկ շերտ)։

1980-ականների Իրան-Իրաքյան պատերազմի կադրերին հաջորդում են 2026 թվականի հակակառավարական ցույցերի ճնշման և ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների տեսագրությունները։ Էկրանին հայտնվող ինտերտիտրերը ձևակերպում են ֆիլմում արդեն տեսանելի ֆարոքիական գաղափարները․ պատկերներն ունեն քաղաքական նշանակություն, դրանք կարող են նաև մանիպուլացնել, «ո՞վ է նկարահանում, ո՞վ է տարածում և ո՞վ է որոշում, թե ինչ պիտի տեսնենք և ինչ չպիտի տեսնենք»:

Խոշնուդիի չհղկված մոնտաժը նման է դիմադրության հուսահատ ժեստի: Քաղաքական ասելիքը խեղդվում է անելանելիության զգացողության մեջ: Վերջաբանի փոխարեն՝ կադր Ամիր Նադերիի Վազորդից: Որբ տղաները փլատակների և աղբի միջից ինչ-որ պիտանի բան են փորձում գտնել: Խոշնուդին նվիրում է ֆիլմը մոռացվածներին՝ երեխաներին և աշխատավորներին, որոնք պատերազմ չեն ուզել:

Sense of Water (2) (1).jpg 

Sense of Water (3) (1).jpg 

Ջրի զգացողություն
Sense of Water

Մոհամադ Ռասուլոֆի՝ Իրանից դուրս նկարահանված առաջին ֆիլմը ստեղծվել է Displacement Film Fund-ի աջակցությամբ: Գլխավոր հերոսը՝ իրանցի վտարանդի գրող Ալին, ապրում է Գերմանիայում։ Նա չի կարողանում ստեղծագործել օտար լեզվով։ Ռասուլոֆը խոստովանում է, որ 2024 թվականին Իրանը լքելուց հետո բախվել է նույն խնդրին։

«Ջրի զգացողություն» արտահայտությունը կապված է ֆիլմի ամենահետաքրքիր գաղափարներից մեկի հետ։ Ալիի սիրեցյալը՝ Նազանինը, նրան գերմաներեն է սովորեցնում անմիջական զգացողությունների միջոցով. «տաքը»՝ թեյով լի բաժակին դիպչելով, «թթուն»՝ կիտրոնի հյութի համն առնելով։ Բառը յուրացնելու համար այն պետք է փորձառել։ 

Ֆիլմի պարսկերեն վերնագիրը՝ Jens-e Aab (جنس آب), բառացի թարգմանվում է որպես «ջրի բնույթը» կամ «ջրի հատկությունը»։ Միջազգային Sense of Water-ում շեշտը դրվում է սուբյեկտիվ զգացողության վրա։ Ֆիլմի վերնագիրն ինքը ենթարկվում է լեզվական փոխակերպումների՝ թարգմանության ընթացքում ձեռք բերելով նոր իմաստ։

Հերոսը ժամանակի ընթացքում յուրացնում է գերմաներենը։ Բայց կարոտը և մեղքի զգացողությունը նրան հանգիստ չեն տալիս։ Նա որոշում է վերադառնալ Իրան՝ չնայած երկարատև բանտարկության վտանգին։

Ալին վիրտուալ իրականության ակնոցներով դիտում է Տարկովսկու Նոստալգիայի կուլմինացիոն տեսարանը․ Յանկովսկու հերոսը փորձում է վառվող մոմը ձեռքին անցնել ցամաքած լողավազանի միջով։ Իտալիայում հայտնված ռուս բանաստեղծի կերպարում իրանցի գրողը տեսնում է ինքն իրեն։ Ռասուլոֆը ինքնանույնականանում է Տարկովսկու հետ, որի համար Նոստալգիան հայրենիքից դուրս նկարահանված առաջին ֆիլմն էր: 

Լեզվի մասին նուրբ դիտարկումներն ուղեկցվում են Ռասուլոֆին բնորոշ ոճական թերություններով՝ սենտիմենտալ երաժշտություն, սերիալային գունամշակում, ոչ համոզիչ դերասանական խաղ։ Այնուամենայնիվ, Ջրի զգացողությունն ավելի հաջողված է, քան ռեժիսորի նախորդ գործը՝ Սուրբ թզենու սերմը, որը մեծ աղմուկ հանեց երկու տարի առաջ: Պաթոսն ու կեղծ խորիմաստությունն այստեղ ավելի քիչ են, բայց ամենակարևորը՝ նոր ֆիլմը նախորդից անհամեմատ ավելի կարճ է։ Մոտ չորս անգամ։

***

Կաննով, Երևանով և Նյու Յորքով անցնող փառատոնային շրջագայությունից հետո Ջաֆար Փանահին 2026-ի գարնանը վերադարձավ Իրան՝ չնայած նրա դեմ կայացված դատավճռին, որն ուժի մեջ էր մտել նախորդ տարեվերջին, և երկրում շարունակվող պատերազմին։ Հոկտեմբերին, երբ Վիեննալեում ցուցադրվում էր Թեհրանի հարավ ֆիլմը, իրական Թեհրանում Փանահին դատապարտվեց ազատազրկման՝ ևս հինգ տարի և մեկ ամիս ժամկետով:

Ալեքսանդր Մելյան