Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին վկայի դատավարական կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության` յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնել է ՔԿ կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։
«Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով»,- նշել է Եգանյանը:
ՔԿ ներկայացուցիչը նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբյանը, վկայի դատավարական կարգավիճակով, Քննչական կոմիտե է հրավիրվել 2020 թվականի դեկտեմբերի 14-ի ծանուցագրով, սակայն նրա փաստաբանը խնդրել է այցը հետաձգել՝ Հակոբյանի անձնական խնդիրներով պայմանավորված, և Սյունիքի նախկին մարզպետը հարցաքննության է հրավիրվել 2021թ. հունվարի 29-ին: