Home / Հայաստան / Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում պահանջեցին ազատ արձակել Պուտինի հակառակորդին

Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում պահանջեցին ազատ արձակել Պուտինի հակառակորդին

Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում այսօր բողոքի ցույցեր էին։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ սատարելու մահափորձից հետո Ռուսաստան վերադարձած և օդանավակայանից ձերբակալված Ալեքսեյ Նավալնուն։

Նավալնու շտաբը հայտարարել էր, որ բողոքի ցույցեր են լինելու ավելի քան 60 քաղաքներում։ Ընդդիմության առաջնորդներից և տարածքային շտաբերի համակարգողներից մոտ 40-ը, այդ թվում՝ Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը, իրավաբաններ Գեորգի Ալբուրովը և Վլադլեն Լոսը, ձերբակալվել են նախապես․ ըստ լրատվականների, թիրախային ձերբակալությունները շարունակվում են նաև հունվարի 23-ի ընթացքում։

Վաղ առավոտից (Երևանի ժամանակով) հանրահավաքներն ու քայլերթերը մեկնարկել են Սիբիրում, ավելի ուշ՝ նաև կենտրոնական, հարավային Ռուսաստանում։ «ОВД-инфо»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի 114 քաղաքներում տեղի ունեցած ցույցերից բերման է ենթարկվել նվազագույնը 2662 հոգի, որոնցից 1045-ը՝ Մոսկվայում, 378-ը՝ Սանկտ Պետերբուրգում։

Նավլանու տարածքային շտաբների տասնյակ անդամներ ձերբակալված են․ շատերի նկատմամբ դատարանն արդեն իսկ կալանավորման որոշում է կայացրել։ Բերման է ենթարկվել Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան։ Ձերբակալվել է նաև Լյուբով Սոբոլը։ Տիպային է, օրինակ, Կուրգանի շտաբի համակարգողի հապճեպ կալանավորումը․ բերման ենթարկված Ալեքսեյ Շվարցի դատական նիստը անցել է սկայպով՝ անմիջապես ոստիկանական բաժանմունքից։ Հեռավար կոնֆերանսին միացած դատավորը վճռել է նրան կալանավորել 30 օրով։

Պրովինցիալ քաղաքներում իրադրությունն ավելի հանգիստ էր, խոշոր քաղաքներում ոստիկանությունը հիմնականում կոշտ է գործել։ Վլադիվոստոկում, օրինակ, քաղաքացիական հագուստով սադրիչները բախում են հրահրել, որին հաջորդել են բռնի ձերբակալությունները։ Մոսվայում և Սանկտ Պետերբուրգում տեղ-տեղ ծեծուջարդ էր․ մահակների տակ էին ընկնում ոչ միայն ցուցարարները, այլև լրագրողները։

Մոսկվա, ոստիկանները «ապահովում են ցուցարարների անվտանգությունը»

Լրատվամիջոցները հայտնում են հարյուրավոր վարչական և տասնյակ քրեական գործերի մասին։ Կառավարական լրատվամիջոցները օրվա ընթացքում էին «ցուցարարների գործողություններից տուժած» տասնյակ իրավապահների մասին։ Քրեական գործերի մեծ մասը հարուցվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Վարչական ակտերը՝ տարբեր հիմքերով։ Բողոի ցույցերը համարվում էին «չատոնված»։

Մեդիազոնա, Մոսկվա, ցուցարարները «բռնության են ենթարկում» իրավապահներին

Կան բերման ենթարկված երեխաներ։

Ցուցարարների շրջանում կան տասնյակ վիրավորներ։

 

Ռուսական լրատվականների հաղորդմամբ՝ այսօրվա բողոքի ակցիաները ռեկորդային էին ոչ միայն մասնակիցների քանակի, այլև դրանց աշխարհագրության տեսանկյունից։ Հստակ թվեր չեն նշվում։ Ըստ Reuters-ի, միայն Մոսկվայում փողոց է դուրս եկել շուրջ 40 հազար մարդ (BBC-ին նշում է, որ նվազագույնը 25 հազար)։ Զանգվածային ցույցեր են եղել անգամ այն քաղաքներում, որտեղ օդի ջերմաստիճանը մոտ էր -30-ին։ Դաշտային հարցումների համաձայն («Мониторинга актуального фольклора», «Белого счетчика»)՝ ցուցարարների մոտ 40%-ը նշել է, որ ընդդիմության հանրահավաքներին մասնակցում է առաջին անգամ։

Ընթացիկ թարմացումները հրապարակվել են Epress.am-ի տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam