Հունվարի 23-ի առավոտյան պարզ դարձավ, որ Նավալնու կողմնակիցների ծրագրած քաղաքական իրադարձությունը կկայանա։ Ռուսաստանի արևելյան շրջաններից սկսեցին հաղորդագրություններ գալ այն մասին, որ մարդիկ տասնյակ քաղաքներում փողոց են դուրս գալիս, և նրանց թիվն ակնհայտորեն գերազանցում է կանոնավոր կերպով բողոքի ցույցեր անող ակտիվիստներին։ Վլադիվոստոկում հանրահավաքին մասնակցում էր ռուսական «YouTube»-ի ամենապոպուլյար (8.6 միլիոն բաժանորդ) ալիքներից մեկի հեղինակ Յուրի Դուդը: Այսպիսի լուրերից հետո Մոսկվայի, Պետերբուրգի, Եկատերինբուրգի ու Կազանի համար ցույց անելն արդեն փոքր-ինչ ավելի հեշտ դարձավ։ Ուրալում դեռ ուժեղ սառնամանիքներ են, և ռուսաստանյան քաղաքներից արվող հեռարձակումները ստեղծում էին մի պատկեր, որը ցանկանում ես պատմական անվանել․ ձյան մեջ շղթայված հսկայական երկիրը պատրաստվում է պայքարել իր ապագայի համար։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ մայրաքաղաքն ու փոքր քաղաքները բողոքի ցույց էին անում նույն օրը։ Երբ Մոսկվան վրդովվում է, շրջանները սովորաբար անտարբեր են մնում, և հակառակը։ Բայց ոչ հիմա։
Մարդիկ փողոց են դուրս եկել ոչ միայն հանուն Ալեքսեյ Նավալնու ազատության, այլև քանի որ արդարության հասնելու այլ եղանակ չեն տեսնում մի տեղում, որտեղ չկա ո՛չ դատարան, ո՛չ ընտրություններ։ Հունվարի 23-ին փողոցում կանգնած էր «ուրիշ միացյալ Ռուսաստան»․ շարժում, որտեղ մոսկվացիներն ու շրջանների բնակիչները վերջապես գտան ընդհանուր շահեր․ օրենքի գերակայություն, անձնական անվտանգություն բոլորի համար և վերջ կոռուպցիային։
Ցավոք, այս ամսաթվով էր նշանավորվում նաև «բելառուսական սցենարի» մեկնարկը։ Հասարակությունն այլևս նահանջելու տեղ չունի, քանի որ Նավալնու թունավորումն ու հրատապ դատը Խիմկիի ոստիկանության բաժանմունքում չեն կարող ընդունվել մարդկանց կողմից՝ բարոյական պատճառներով։ Նահանջելու տեղ չունեն նաև ուժայինները, ովքեր արդեն հավատացել են իրենց «կոշտ սցենարի» արդյունավետությանը․ հետևում Հաագան է։ Այս սցենարի զարգացումն ակնհայտորեն կդառնան «մոսկովյանի» օրինակով նոր քրեական գործերն ու բողոքի նոր ցույցերը։
Տեղերում, որտեղ ոստիկանությունը հրաժարվել է ցուցադրական դաժանությունից, ինչպես օրինակ Աստրախանում, հանրավաքը հանգիստ է անցել, անցյալ տարվա խաբարովսկյան ցույցերի օրինակով։ Փոխարենը, մոսկովյան ուժայինները հիմա հրատապ կերպով մգացնում են իրենց սաղավարտների ապակին, որ իրենց ոչ ոք չճանաչի։ Ցուցարարներին նման հանդերձանքով անանուն հետապնդելը, հավանաբար, շատ ավելի ապահով է համարվում։ Այս մանրուքը շատ բան է ասում ներկա իրավիճակում «ժողովրդի և ոստիկանության միասնության» մակարդակի մասին։
Հանրահավաքներին քիչ անչափահասներ կային, և նրանք հստակորեն մեծամասնություն չէին կազմում, ինչը, բնականաբար, չի խանգարի քարոզչությանը մոտակա օրերս սյուժեներ թողարկել այն մասին, թե ինչպես է ընդդիմությունն իբր հատուկ մահացու վտանգի ենթարկում երեխաներին՝ ոստիկանների մահակների տակ դնելով նրանց (կարծես այդ Նավալնու կողմնակիցները, այլ ոչ թե ուժայիններն են այստեղ դառնում բռնության աղբյուր)։ Քարոզչությունը, թերևս, իրոք որոշներին կհամոզի և կվախեցնի, իսկ մենք այլ բան կնկատենք․ հանրահավաքներն այլևս չեն իրականացվում այն հանրածանոթ առաջնորդների կողմից, ովքեր մարդկանց իրենց հետևից էին տանում 2000-ականներին և 2010-ականներին։
Սերունդները փոխվում են․ Ռուսաստանում մեծացել են հարյուր հազարավոր երիտասարդներ, ում համար ազատությունը հիմնային արժեք է։ Նրանց թիվը միայն կավելանա, երբ այսօրվա «տիկտոկերները» մեծանան։
Ցույցի պաշտոնական նպատակն Ալեքսեյ Նավալնու ազատ արձակումն էր, և դրան դեռ երկար կա։ Քաղաքական գործչի ազատությանը հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ցուցարարների թիվը մոտենա նրա հետաքննությունները դիտողների թվին։ Մինչ այդ պահը կրեմլյան ղեկավարությունը կշարունակի պնդել, որ երկիր է ժամանել սոսկ քրեական անցյալ ունեցող քիչ հայտնի մի բլոգեր։ Սակայն հունվարի 23-ի ցույցի մեկ նպատակ կարծես թե իրագործվել է․ բանտում Նավալնու առողջության կտրուկ վատանալու սցենարը հիմա անխոհեմ է թվում։
Կիրիլ Մարտինով
հոդվածի ռուսերեն բնագիրը՝ «Новая Газета»-ում
Հունվարի 23-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բողոքի տասնյակ հազարանոց ցույցեր էին սկսվել ի աջակցություն մահափորձից հետո Ռուսաստան վերադարձած և օդանավակայանից ձերբակալված Ալեքսեյ Նավալնուն։ Ձերբակալվել է նվազագույնը 2662 հոգի, այդ թվում՝ անչափահասներ։ Բերման են ենթարկվել նաև քաղաքական գործչի կին Յուլիա Նավալնայան և գործընկեր Լյուբով Սոբոլը։ Ցուցարարների շրջանում կան տասնյակ վիրավորներ։ Ոստիկանությունը որոշ քաղաքներում մահակներով ծեծում էր ոչ միայն ցուցարարներին, այլև լրագրողներին։ Բողոքի հաջորդ զանգվածային ցույցը նախատեսվում է հունվարի 31-ին։