Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հունվարի 19-ին երկու ժամանոց ֆիլմ է թողարկել Սև Ծովի ափին գտնվող շքեղ մի պալատի մասին, որն ինչպես ինքն է պնդում, պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ֆինանսավորվում իրեն շրջապատող մարդկանց կողմից։ Անցյալում շատ ԶԼՄ-ներ ևս այդ համալիրն անվանել են «Պուտինի պալատ»։
«YouTube»-ում հրապարակված ֆիլմի նախաբանում ընդդիմադիր գործիչը նշում է, որ հետաքննության մտահղացումը դեռ բեռլինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է ունեցել, սակայն որոշել են նյութն իր Ռուսաստան վերադառնալուց հետո հրապարակել։
«Մենք չենք ուզում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, թե վախենում ենք իրենից, կամ թե ես իր ամենաահավոր գաղտնիքի մասին պիտի արտասահմանից պատմեմ»։
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը պալատի մասին հրապարակմանը չի ծանոթացել, սակայն «ըստ էության՝ դա ճիշտ չէ»։
Ֆիլմից բացի՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը» (ФБК) ստեղծել է կայք, որտեղ կարելի է ավելի մանրամասն կերպով ծանոթանալ հետաքննության տեքստին։
17 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող պալատը, որը Նավալնին անվանում է «Ռուսաստանի ամենամեծ մասնավոր բնակելի տուն», գտնվում է Գելենջիկ քաղաքից ոչ հեռու։ Հետաքննության մեջ նշվում է, որ պալատի բոլոր այցելուներին խստորեն արգելվում է իրենց հետ բերել տեսախցիկ ունեցող անգամ ամենահասարակ հեռախոս, իսկ տարածք մուտք գործող ավտոմեքենաները անցնում են ստուգման մի քանի անցակետով։
Պալատից բացի փակ տարածքում կա նաև ծածկված սառցե դղյակ, եկեղեցի, շուրջ 2500 քառակուսի մետրանոց ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն։
Բուն պալատի տարածքը կազմում է 68 հեկտար, սակայն դրան շրջապատող 7000 հեկտար տարածքը փակ է և գտնվում է ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) վարչության ենթակայության տակ։ Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ այդ տարածքներն օգտագործվում են որպես որսատեղիներ։ Այս տարածքները վարձում է «Комплекс» ընկերությունը, որին պատկանում նաև հենց պալատը։
Հետաքննության մեջ նշվում է, որ ԱԴԾ արգելում է անգամ ձկնորսությամբ զբաղվել այդ տարածքների հարևանությամբ։ Տարածքի վրայով ինքնաթիռների թռիչքները ևս արգելված են։
Հետաքննության մեջ ներկայացված է պալատի ընդհանուր հատակագիծը, որից կարելի է ենթադրել, որ այնտեղ կա մի քանի շոգեբաղնիք, լողավազան, վարսավիրանոց, ձմեռային այգի և երաժշտական հյուրասենյակ։
Նավալնու հրապարակած լուսանկարներում, որոնք իր պնդմամբ, վերանորոգման ժամանակ արել են աշխատողները, երևում է նաև պալատի կահույքը։ Հատկապես աչքի են ընկնում 2 միլիոն ռուբլի կատալոգային արժողությամբ բազմոցն ու 4 միլիոն արժողությամբ սեղանը։
Լուսանկարներում կարելի է տեսնել միանգամից մի քանի սենյակ․ ոսկե մոնոգրամներով զարդարված սպիտակ պատերով, գրադարանը, վառ կարմիր վարագույր ու բեմահարթակ ունեցող մի սենյակ, որը «ФБК»-ում անվանում են նախագահի սեփական «տնային կինոթատրոնը», ինչպես նաև «նարգիլե բար», փոքրիկ բեմով, իսկ մեջտեղում՝ ձողով։
Դրանից բացի, պալատում կա խաղատուն, ինչպես նաև պարային գորգ՝ խաղային ավտոմատներով և խաղալիք մեքենաների համար ուղիներով։ Իսկ այդ մեքենաները ցուցադրված են հատուկ դարակաշարերում։
Պալատի միայն մեկ ննջասենյակի մակերեսը կազմում է 260 քառակուսի մետր։
Ինչպես պնդում է «Проект» պարբերականը, Սև ծովի ափ ժամանելիս Պուտինը պաշտոնական հանդիպումներն անցկացնում է Սոչիի «Бочаров Ручей» կեցավայրում, բայց ինքը հաճախ մնում է Գելենջիկում և ոչ պաշտոնական շփման համար պալատ հրավիրում իրեն մոտ կանգնած մարդկանց։
Պալատի և դրա ֆինանսավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ Նավալնու տեսանյութում։
Հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադարձած Ալեքսեյ Նավալնուն հունվարի 18-ին դատապարտեցին 30 օրվա ազատազրկման։ Վերջնական դատավճիռը կկայացվի հունվարի 29-ին։ Նավալնու աջակիցները պլանավորում են հունվարի 23-ին զանգվածային բողոքի ցույցեր իրականացնել ամբողջ երկրով մեկ։ Պուտինի առանձնատան ու դրա հիմքում ընկած կոռուպցիոն սկանդալների մասին ֆիլմն ակտիվորեն շրջանառվում է սոցիալական ցանցերում։ Երգիչներ, դերասաններ, և այլ մեծ լսարան ունեցող մի շարք հանրահայտ մարդիկ փողոց դուրս գալու կոչեր են անում։