հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գործել՝ ոչ թե քննարկել մահափորձ վերապրած քաղբանտարկյալի բարոյական կերպարը

Գործել՝ ոչ թե քննարկել մահափորձ վերապրած քաղբանտարկյալի բարոյական կերպարը

«Փետրվարի 25-ին Amnesty International-ը բանտարկության մեջ գտնվող ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն զրկեց խղճի բանտարկյալի կարգավիճակից։ Այդ քայլը, առանձին վերցրած, կոպիտ սխալ էր, որը կեղեքում է ռուսական ժողովրդի պայքարն ընդդեմ պուտինիզմի։ Եթե միջազգային ուշադրությունը առաջվա պես կենտրոնացած լինի միայն անձերի՝ և ոչ թե բողոքային շարժման վրա, այն կսկսի խոչընդոտել Ռուսաստանում ընդդիմադիր շարժման զարգացմանն ու կարգելակի ժողովրդավար աշխարհի պատասխան ռեակցիան ընդդեմ պուտինական ավտորիտարիզմի», — The Washington Post-ում գրում են պաշտոնաթող փոխգնդապետ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Ալեքսանդր Վինդմանը և Մարդու իրավունքների պաշտպանության Ֆոնդի ու Renew Democracy Initiative-ի ղեկավար Գարրի Կասպարովը։

․․․Ռուսական անվտանգության ծառայությունները գիտեն, որ ավելի հեշտ է ստվեր գցել և ոչնչացնել մարդուն, քան՝ շարժումը։ Amnesty-ի հայտարարությունը օժանդակություն էր Կրեմլի համար՝ շարքից հանելու վերջին գրեթե մեկ տասնամյակի Պուտինի ռեժիմի ամենալուրջ մարտահրավերը։

․․․Նավալնու շուրջ քննարկումներ սկսվեցին։ Ոմանք պնդում են, որ Նավալնուն պետք է Խաղաղության Նոբելյան մրցանակ տալ, համեմատում են Մահաթմա Հանդիի ու Նելսոն Մանդելայի հետ։ Ուրիշները, հակառակը, կասկածի տակ են դնում նրա անձնական ու քաղաքական համոզմունքները՝ կապված հատկապես էթնոազգայնականության ու Ուկրաինայի հետ։ Գովաբանությունն ու քննադատական ուշադրությունն արդարացված են, բայց շեղում են։ Այս քննարկումների անցկացումը ներկա պահին սայլը ձիուց առաջ է դնում։ Ի վերջո ռուսները կարող են նախագահի թեկնածու ընտրել այնպիսի մարդու, ինչպիսին Նավալնին է, բայց պուտինյան Ռուսաստանում ազատ ու անկախ ընտրությունները հորիզոնից շատ հեռու են։ Հարցը հիմա այն է, ՝ե դու կո՞ղմ, թե՞ դեմ ես ավտորիտարիզմին։ Աջակցությունը Նավալնուն, որպես քաղաքական թեկնածու, պարտադիր պայման չէ Նավալնու ազատությունը կաև ժողովրդավարական Ռուսաստան պահանջելու համար։

․․․ Որպես Պուտինի հավանական ժողովրդավար փոխարինող, Նավալնու շուրջ անձի պաշտամունք չպետք է լինի։ Դա կենսական կարևորություն ունի, հաշվի առնելով այն, որ առանց առաջնորդի բողոքի ակցիաները միջին ռուսաստանցու մոտ ավելի շատ ապրումակցում են առաջացնում։ Երկու մարդկանց միջև հանուն իշխանության մղվող պայքարի փոխարեն, ընդդիմության առաջնորդի նկատմամբ իրականացված սպանության փորձն ու անարդար բանտարկությունը պետք է դիտարկվեն հակաավտորիտար շարժման շրջանակներում։

․․․ Առողջ ժողովրդավարական ճակատի ձևավորման համար, ընդդիմությունը պետք է գոյատևի ու ծաղկում ապրի նաև Նավալնու բացակայության պայմաններում։ Կա իրական հավանականություն, որ Նավալնին կմահանա ազատազրկման մեջ։ Շարժումը չի կարող մահանալ նրա հետ, հակառակ դեպքում նրա վերադարձը Ռուսաստան անիմաստ կլինի։

․․․ Միջազգային ուշադրության ֆոկուսը պետք է դառնան այն ռուսաստանցիները, ովքեր դիմանում են ցրտերին, մահակների հարվածներին ու ձերբակալություններին՝ պայքարելու համար հանուն ձայնի իրավունքի։ Ավելի քան 20 տարի անց ռուսաստանցիները, հատկապես՝ երիտասարդ սերունդը, հոգնել է Պուտինից ու համատարած կոռուպցիայից, հիասթափվել է իր ազատությունների էրոզիայից ու այնպիսի զգալի ձախողումներից, ինչպիսիք են սննդամթերքների և կոմունալ ծառայությունների գների աճը։ Նրանք պայքարում են հանուն ուրիշ ճանապարհ ընտրելու ազատության, ոչ թե Նավալնուն Կրեմլի բարձունք հասցնելու համար։

«Շարժման և ոչ թե անձի վրա ուղղված նոր ֆոկուսով արևմուտքը պետք է ուժեղացնի իր աջակցությունը ազատ ու ժողովրդական Ռուսաստանին», – կարծում են հրապարակման հեղինակները՝ արևմտյան ժողովրդավարական երկրներին կոչ անելով դադարեցնել Պուտինի ռեժիմի հետ համագործակցությունները։ Մասնավորապես, Գերմանիան, Վինդմանի և Կասպարովի կարծիքով, պետք է վերանայի պաշտոնական Մոսկվայի հետ գործնական հարաբերությունները «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործով։ «…Ամերիկյան ու բրիտանական պաշտոնյաներն արդեն, ըստ հաղորդագրությունների, ծանրութեթև են անում լրացուցիչ պատժամիջոցները՝ որոնք կվերաբերվեն ինչպես սովորական օլիգարխներին այնպես էլ Ռուսաստանի սուվերեն պարտքին ու «Հյուսիսային հոսք-2»֊ին»։

«Եթե մենք ժողովրդավարական երկրների շրջանակում անհաջողություն կրենք, Պուտինը, նրա օլիգարխներն ու նրա մաֆիոզ պետական համակարգի մյուս ծառայողները կիմանան, որ ժողովրդավարության արտահայտումները կարող են ճնշել ծեծի, ձերբակալությունների ու սպանությունների միջոցով, և մենք հանցակիցներ կդառնանք։ Պահը գործողություններ է պահանջում, ոչ թե քննարկումներ»

Աղբյուր՝ The Washington Post