Home / Բանտ / Նավալնին բանտում վատացել է․ Ռուսաստանը պատրաստվում է հուժկու հանրահավաքի

Նավալնին բանտում վատացել է․ Ռուսաստանը պատրաստվում է հուժկու հանրահավաքի

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին գաղութում բժշկական քննություն է անցել։ Վիճակը գնահատվում է բավարար, այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Վլադիմիրի մարզի Պատժի իրագործման դաշնային ծառայությունից։

Նախօրեին, քաղաքական գործչի փաստաբանները հայտնել էին, որ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նրանց խոսքով, անցյալ շաբաթվանից ընդդիմադիրը բողոքում է մեջքի ու ոտքերի ցավերից։ Փաստաբանների պնդմամբ, Նավալնուն երկու անգամ «Իբուպրոֆեն» ցավազրկող են տվել։

Փաստաբաններ Օլգա Միխայլովան և Վադիմ Կոբզևը երեկ պատմել են, որ նշանակված օրը իրենց չեն թույլատրել հանդիպել Նավալնուն։ Սա առաջին նման դեպքն է Պոկրովի գաղութ տեղափոխվելուց հետո։ 

Քրեակատարողական հիմնարկի ադմինիսդրացիան մուտքի արգելքը բացատրել է «կանոնակարգային միջոցառումներով»։ Դեռ երեկ, Նավալնու թիմակիցները մտավախություններ ունեին, որ հանդիպման չեղարկման պատճառը կառող է ընդդիմադիր գործչի հոսպիտալացումը լինել, ինչը հիվանդանոցի ադմինիստրացիան փորձում է թաքցնել։

Անազատության մեջ գտնվող Նավալնու թիմը օրերս հայտարարել է նոր ակցիայի մասին։ «Հաջորդ փողոցային հավաքը մենք կկազմակերպենք այն ժամանակ, երբ հավաքվի 500 000 մարդ, ով պատրաստակամություն է հայտնում մասնակցել ցույցին», – ասվում է Նավալնու ազատ արձակման պահանջի համար ստեղծված կայքում։ Կայքի միջոցով կարելի է ստորագրել և հայտարարել, որ պատրաստ ես մասնակցել։ Այս պահին ցույցին մասնակցելու համար գրանցվել է 238 227 մարդ։