հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / «Ավելի լավ է ծեծեին»․ Նավալնուն տանջում են ամենադաժան գաղութներից մեկում

«Ավելի լավ է ծեծեին»․ Նավալնուն տանջում են ամենադաժան գաղութներից մեկում

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, լրատվամիջոցների պնդմամբ, տեղափոխվել է Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքում գտնվող № 2 Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ-2)։

Պոկրովի ՔԿՀ-ն Ռուսաստանի չորս ամենադաժան «կարմիր» գաղութներից է, որում վերահսկողությունն ամբողջությամբ Պատժի իրագործման դաշնային ծառայության (ՊԻԴԾ) և նրանց ենթակա դատապարտյալների ձեռքում է։

Znak.com-ն այս քրեակատարողական հիմնարկի բարքերի ու պայմանների մասին խոսել է նացիոնալիստ Դմիտրի Դեմուշկինի հետ։ Վերջինս ՔԿՀ-2-ում հայտնվել էր «Ռուսական երթի» լուսանկարով կիսվելու համար․ նրան մեղադրանք էր առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով՝ «Ատելության կամ թշնամանքի հրահրում»։

«Պատիժը կրելու չորս տեղ կա, որ ամենադաժանն են համարվում․ Կրասնոյարսկ, Կարելիա, Օմսկ, Պոկրով։ Նավալնուն՝ ըստ օրենքի, կարող էին միայն Պոկրով ուղարկել։ Հոդվածն այնքան լուրջ չէր, որպեսզի կարողանային Կենտրոնական դաշնային շրջանից դուրս գտնվող կալանավայր ուղարկել», – պատմում է Դեմուշկինը։

Վերջինիս խոսքով, ՔԿՀ-2-ի դատապարտյալները նախ երկու շաբաթանոց կարանտին են անցնում, հետո տեղափոխվում ուժեղացված վերահսկողության Ա բաժին (ռուսերեն՝ «сектор усиленного контроля А (СУКА))․ «Այնտեղ մնալը շատ ծանր է․ ձեռքերը միշտ մեջքի հետևում, գլուխը՝ կախ։ Արգելվում է խոսել, նստած օրորվել, շարժվել, թեքվել։ Կարելի է միայն նստել, կանգնել, կատարել հրամանները։ Երկու ժամը մեկ պետք է հաշիվ տալ ու քո մասին զեկույց ներկայացնել։ Գիշերները ժամը մեկ լապտերով գալիս արթնացնում են՝ զեկույցի համար»։

Ակտիվիստները (դատապարտյալներ, ովքեր իրականացնում են վերահսկողությունը ադմինիստրացիայի բացակայության ժամանակ՝ վաղաժամկետ ազատ արձակման հույսով) իրենց մոտ գրանցում են դատապարտյալների ամեն բառը, հետո այդ գրանցումներով տետրակը փոխանցում բանտապաններին ու տեսուչներին, պատմում է Դեմուշկինը։

«Նավալնուն այնտեղ չեն ծեծի, բայց ավելի լավ կլիներ ծեծեին։ Երբ ինձ նոր էին ՔԿՀ-2 տարել, միանգամից հարցրեցին․ «Ինչպե՞ս ես վերաբերվում Վլադիմիր Պուտինին»։ Զարմացած պատասխանեցի․ «Ձե՞զ ինչ։ Բացասաբար»։ Ասացին․ «Ուրեմն քո համար այստեղ դաժան կլինի»», – հիշում է նախկին դատապարտյալը։

Դեմուշկինը ՔԿՀ-2-ի հատուկ վերահսկվող բաժնում անց է կացրել ութ ամիս։ Պատմում է, որ սաստիկ ցուրտ էր, նորմալ չէին կերակրում․ «105 կիլոգրամից հասել էի 60-ի, կողերս երևում էին»։

Պոկրովի կալանավայրի դատապարտյալները հեռախոսակապից ու ինտերնետից օգտվելու որևէ հնարավորություն չունեն․ հարազատների հետ կարող են հաղորդակցվել միայն գրավոր նամակների միջոցով։ Դրանք փոխանցող իրավապահները հաճախ դեն են նետում նամակները կամ փոխանցում են մի քանի ամիս ուշացմամբ։ «Շաբաթական 15 րոպե էին թույլատրում նամակ գրելու վրա ծախսել։ Ստացվում էր, որ մի նամակ գրելու համար մի քանի շաբաթ է պետք։ Գուցե հիմա ավելի շատ ժամանակ են տրամադրում, բայց այն ժամանակ 15 րոպե էր», – պատմում է Դեմուշկինը։

«Դեռ մի քանի շաբաթ առաջ էի ասում, որ Նավալնուն հավանաբար հենց Պոկրովի կալանավայր կտանեն։ Վանգայություն էի արել փաստորեն։ ․․․Այնպիսի պայմաններ են Պոկրովում, որ երազում ես ծեծեն, բայց հանգիստ թողնեն։ ․․․Սարսափելի բաներ են կատարվում կալանավայրում, անգամ պատմել չեմ կարող։ Ես բավարար աջակցություն չունեի, դրա դեմ պայքարելու համար։ Ալեքսեյը, կարծում եմ, ունի»։

Հայտնի է, որ ՔԿՀ-2-ը ներքնազգեստ է մատակարարում Պատժի իրագործման դաշնային ծառայության (ՊԻԴԾ) կարիքների համար։

Պետական գնումների պաշտոնական կայքին հղվելով, The Insider-ը գրում է, որ 2018 թվականի Պոկրովի գաղութը ՊԻԴԾ-ից տղամարդկանց վերնաշապիկների, վարտիքների և փոխանների պատվեր է ստացել։ ՊԻԴԾ Վլադիմիրի մարզի պաշտոնական կայքում կա դատապարտյալների պատրաստած ապրանքների հատուկ կատալոգ։ Հագուստից բացի կալանավորները նաև փայտյա կահույք, կոշիկներ ու այլ տեքստիլային ապրանքներ են արտադրում։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մոսկվայի Սիմոնովի դատարանի որոշմամբ, «Իվ Ռոշեի» գործով Նավալնու պայմանական ժամկետը փոխարնվել է իրականով։ 1.5 ամիս «Մատրոսկայա տիշինա» քնչական մեկուսարանում պահելուց հետո Նավալնուն տեղափոխել են Պոկրովի համար 2 քրեակատարողական հիմնարկ։ Տնային կալանքի տակ և մեկուսարանում անց կացրած ժամանակահատվածները հանած՝ Նավալնին գաղությում անց կկացնի 2.5 տարի։