Հունվարի 23-ին ու 31-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ սատարելու մահափորձից հետո Ռուսաստան վերադարձած և օդանավակայանից ձերբակալված Ալեքսեյ Նավալնուն։ Բողոքի ցույցերն ուղեկցվում էին զանգվածային ձերբակալություններով ու ոստիկանների հետ բախումներով։
Ի՞նչն է իսկապես նոր այս բողոքի ցույցերում։ Colta.ru-ի այս հարցին պատասխանել է փիլիսոփա Օքսանա Տիմոֆեևան։
Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ ողջ երկիրն ընդգրկող շարժումը հեղափոխական բնույթ ունի, բայց պետք է հասկանալ, որ սա ոչ թե կողմ, այլ դեմ շարժում է։ Տարածված կարծիքը, թե մարդիկ պարզապես ուզում են մի արքային փոխել մյուսով՝ ավելի երիտասարդ ու համակրելի, թյուր է, բայց հենց այդպես են դիրքավորում տարատեսակ ԶԼՄ-ները՝ թե՛ իշխանամետ, թե՛ ազատական, թե՛ ռուսական, թե՛ արևմտյան։ Եթե բողոքի մեդիա դիրքավորումը կենտրոնացած չլիներ Ալեքսեյ Նավալնու անձի վրա՝ որպես դրա միակ առաջնորդ, ապա այս շարժումը գուցե ավելի զանգվածային լիներ։ Բողոքի մասնակիցներից շատերի համար Նավալնին առաջնորդ չէ, նա չէ, ում կուզեին տեսնել որպես նախագահ՝ Պուտինի փոխարեն, շատերի համար Նավալնին մեծաթիվ քաղբանտարկյալներից մեկն է՝ մաթեմատիկոս Ազատ Միֆտախովի և նկարչուհի Յուլիա Ցվետկովայի հետ մեկտեղ։
Ներկայիս բողոքի տարբերկիչ գիծն այն է, որ Բելառուսի օրինակն աչքերի առաջ ունենալով, մարդիկ կորցնում են դրական փոփոխությունների հույսը, բայց մնում է վերջին անսպառ ռեսուրսը՝ հուսահատությունն ու զայրույթը։ Մարդիկ դուրս են գալիս, քանի որ չեն կարողանում համակերպվել տեղի հետ, որն իրենց նախանշել է գործող իշխանությունը։ Պատահական չէ, որ այս բողոքի գլխավոր երգերից է IC3PEAK խմբի «Пусть все горит»-ը («Թող ամենը վառվի»)։ Հուսահատությունն ու զայրույթը գերակշռում են վախը։ Մեր դեպքում այդ քաղաքական աֆեկտներն անհավանական մոբիլիզացնող ուժ ունեն՝ համախմբելով ամենատարբեր հայացքների մարդկանց՝ ձախերին ու աջերին, ազատականներին ու պահպանողականներին, լիբերտարիաններին ու անարխիստներին։ Շարժումը ներառել է ողջ երկիրը, որի տարասեռ ու բազմազգ բնակչությունը միաժամանակ իրեն դրսևորում է որպես քաղաքական կամքի սուբյեկտ։
Արդարադատության համակարգի ամբողջական կոլապսի ֆոնին, որի գագաթնակետն էին սահմանադրության փոփոխումն ու ուժայիններին անսահման իշխանության տրամադրումը, իշխանությունն ընդգծում է, որ օրենքը լրիվ իր կողմից է։ Ցանկացած պահի մեզանից յուրաքանչյուրին կարող են կամայական ժամկետով նստացնել՝ սարքովի գործով։ Այս ժեստի պատասխանը մարդկանց՝ օրենքից դուրս գործելու պատրաստակամությունն է, որը՝ բռնաճնշումների ուգնացման հետ աճելու է ու նոր ձևեր գտնի՝ բողոքը բաց արտահայտելուց բացի։
Հունվարի 31-ին օրենքի ներկայացուցիչը ցուցարարին էր ուղղել իր վրա հաշվառված զենքը։ Այդ ժեստն անդառնալիության կետ է․ իշխանությունը ցուցադրում է սպանելու իր պատրաստակամությունը։ Դա կարելի է ահաբեկչության հայտարարություն համարել։ Ընդ որում, իշխանությունը հրաժարվում է ժողովրդի հետ ցանկացած երկխոսությունից, ամբողջությամբ անցնելով ուժային մեթոդների (աշխատանքից ազատման դեպքեր, սպառնալիքներ, ձերբակալություններ, կտտանքներ)։ Զորքերը քաղաքներ մտցնելը՝ ինչպես նշել էին գրեթե բոլոր անկախ դիտորդները, փաստացի օկուպացիա է, այնպես որ խաղաղ բողոքը քաղաքային գերիլիայի նման մի բանի վերածվելու ներուժ ունի (մարդիկ սառույցի վրայով փախչում են պատժողներից, գտնում են գրավված քաղաքային տարածությունների յուրացման, քաղաքականապես բնակահարմար դարձնելու ձևերը)։
Ամենակարևոր տարբերությունը նախորդ բողոքներից․ վախը մարդկանց չի կագնացնում։ Ոչ միայն Նավալնին է կամերային նայելով ասում «ես չեմ վախենում», այլև տատիկն է գվարդիայի ծառակցին դեմքին ասում․ «Ես ձեզնից չեմ վախենում»։ Ահա Ալեքսանդր Գաբիշևի խոսքերը, ում փորձում են կոտրել պատճիչ հոգեբուժության մեթոդներով․ «Վախենալ պետք չէ։ Ա՛յդ ժամանակներն ու հանգամանքները չեն։ Խիզախությունը սարեր է շրջում։ Ես չեմ վախենում։ Գուցե վաղը (ինչը շատ հավանական է) բռնեն ու սպանեն ինձ։ Ես դրան պատրաստ եմ։ Այո, կարծում եմ, կփորձեն սպանել, որովհետև չցանկացա ենթարկվել ու չլռեցի»։
Լենինի կարծիքով, մարդկանց նման պատրաստակամությունը հեղափոխական իրավիճակի նշաններից է։ Պատահական չեն շատերը հիշում 1917-ը․ «Կորչի՛ թագավորը» պաստառները տեղին են անգամ նրանց համար, ովքեր պատմություն չգիտեն։
Հունվարի 23-ի ու 31-ի երթերին գնալիս, ծանոթներիցս ոմանք իրար ասում էին․ «Աստված մեզ հետ»։ Ի՞նչ է սա նշանակում։ Մարդիկ խաղաղ երթի գնալիս հասկանում են, որ կարող են չվերադառնալ։