հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ժողովուրդն այլևս չի սիրում նախագահ Պուտինին

Ժողովուրդն այլևս չի սիրում նախագահ Պուտինին

Երեկ երեկոյան Մոսկովյան դատարանը վճռեց ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու պայմանական պատիժը փոխարինել իրականով։ Քաղաքական գործիչը տարիների վաղեմություն ունեցող «Ив Роше»-ի գործով դատապարտվեց 3․5 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով տնային կալանքի տակ անցկացրած ամիսները, Նավալնին բանտում կմնա 2 տարի 8 ամիս։

Խարդախության հոդվածով հարուցված գործը, որով Նավալնին այժմ դատվում է, ավելի վաղ` 2017-ին, հասել էր ընդհուպ մինչև Եվրոպական դատարան, որը (վերա)հաստատել էր, որ քրգործը հարուցվել է «քաղաքական դրդապատճառներից» ելնելով, իսկ դատավարությունը՝ անցել կոնվենցիոն իրավունքների խախտմամբ՝ փաստացի հանցակազմի բացակայության պայմաններում։ 

Ալեքսեյ Նավալնու դատավճռի հրապարակումից անմիջապես հետո ռուսաստանյան խոշոր քաղաքներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ սկսվեcin։ ՕՎԴ ինֆոյի տվյալներով, մինչև այժմ բերման է ենթարկվել 1438 քաղաքացի, որոնցից 1170-ը՝ Մոսկվայում։ Կան տասնյակ վիրավորներ։

Նավալնու ազատազարկման և դրա հետ կապված համառուսական բողոքի ցույցերին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, հրապարակախոս Կիրիլ Մարտինովը։ Անդրադարձի կրճատ թարգմանությունը՝ ստորև։

․․․Ինչո՞ւ այսպես ստացվեց։ Նախ պետք է պատասխանել հարցին՝ ինչու առաջ Նավալնուն ոչ մի կերպ չէին կարողանում նստեցնել, իսկ հիմա նստեցրին։ Պատասխանը բարդ չէ․ նախկինում մտածում էին, որ Նավալնուն բանտ նետելը չի օգնի անձնական և հարատև իշխանության համար պայքարում, իսկ հիմա կարծում են՝ կօգնի։ Եվ անգամ սպանությունը, ինչպես պարզ դարձավ անցյալ տարվա դեպքերից, հիանալի ծրագիր էր համարվում։

Ի՞նչ է փոխվել վերջին տարիներին։ Ճշմարտանման հիպոթեզ գտնելը դժվար չէ․ ժողովուրդն այլևս չի սիրում նախագահ Պուտինին։ Նրա իշխանությունը կառուցվել էր սպեցիֆիկ ժողովրդական սիրո վրա, և ինչ֊որ պահի մոսկովյան օդանավակայաններում շատերն էին ուզում Պուտինի դիմանկարով խորհրդանիշային իրեր գնել։ Էլ չեն ուզում։ Հենց ժողովրդական պաշտամունքի սուբլիմացիային էին ուղղված Կրեմլի բոլոր փիար-ակցիաները՝ սկսած «ուղիղ միացումից, որի ժամանակ հրաշքներ են տեղի ունենում», մինչև սթերխով թռիչքն ու վարչապես Մեդվեդևը, ում ֆոնին այդքան հեշտ էր հերոս երևալ։ Այս ամենն անցյալում է։

Նորմալ կյանքն այստեղ [Ռուսաստանում] ավարտվել է 2014-2015 թվականներին, երբ սանձազերծվել էր այդ խայտառակ պատերազմն ընդդեմ խոշորագույն սլավոնական հարևանի։ Բռնությունն անխուսափելիորեն ռազմաճակատից թիկունք է վերադառնում, այս ֆենոմենը հիանալիոեն նկարագրվել է պատմագետների կողմից։ 2015 թվականին թրիգեր կարող էր դառնալ Նեմցովի սպանությունը, բայց այն ժամանակ բռնության կարիք առանձնապես չկար, քանի որ նախագահին սիրում էին։ Այժմ նախագահի ու ժողովրդի միջև միայն մահակներն են մնացել։

Պոպուլիստական ինքնակալության փլուզման ընթացքում ինչ֊որ պահի երկրում իշխանությունը զավթվել է ուժայինների խմբի կողմից։ Այստեղ ես ոչ մի հատուկ ներքին տեղեկություն չունեմ, բավական է շուրջը նայել։ Ամեն ինչ, սկսած դպրոցներում «քաղհսկիչների» ի հայտ գալուց մինչև անդամալուծված դատական համակարգն ու արգելափակված քաղաքները, մատնանշում է Լյուբյանկայի մտածողների ֆիրմային կառավարման ոճը։ Տեղի ունեցողի գաղափարական հիմնավորումը, աշխարհի պատկերը, որով այժմ թելադրվում է «ապագայի կերպարը», կապված են այն փաստի հետ, որ «քաղաքական առաջնորդները» սեփական պրոպագանդայով են փսխում։ Նրանց այլևս չեն սիրում, սահմանվել է «այն հիանալի ժամանակաշրջանի ավարտը», երբ երկրից և երկում կենդանի մնացած ամեն ինչից անվերջ վարձ էր դուրս բերվում։ Ու նրանք հավատում էին, որ մեղավորը օտարերկրյա թշնամիներն ու լրտեսներն են։ Ղեկավարությունն անթերի է ու հավերժական, սա՝ խելքը գլխին լինելու պարագայում, պարզապես անհնար է չսիրել։ Բայց կան նրանք, ովքեր վնասում են, և այդպիսիք, չգիտես ինչու, շատանում են։

Վճռական քայլ է արվել դեպի պինոչետյան Ռուսաստան, որում «ներքին թշնամիներին» մարզադաշտեր են տանում, քանի որ պահելու ուրիշ տեղ չկա։ Դեռևս մարզադաշտերի փոխարեն երթուղային ավտոբուսներ են օգտագործում, որոնցում մարդիկ ժամերով մնում են բանտի դարպասների մոտ։ Առաջիկա տարում այստեղ ծրագրվում է ոչնչացնել ամեն ինչ՝ մեդիան, կրթությունը, օրինական մասնակցությունը քաղաքականությանը և ձեր կյանքի ցանկացած արժանի գործ։

Խաղադրույքների մասշտաբը չտեսնողների առանցքային սխալն այն է, որ նրանք որոշել են, որ եթե ուշադրություն չգրավեն ու լռեն՝ հնարավոր կլինի գոյատևել այս դժվարին ժամանակներում, հարմարվել մի կերպ։ Դա ճղճիմ պատրանք է, ժամանակն է հրաժեշտ տալ դրան։

Ողջ ճշմարտությունը այն մի բուռ ուսանողների հետ է, ովքեր դուրս են եկել Մանեժային՝ իրենց մարմիններով՝ անզեն ու վտիտ, գունավոր ծիծաղելի վերարկուներով կռվելու հանուն իրենց ու մեր ապագայի։ Եթե դուք նրանց կողքին չեք, փորձեք ուժ գտնել ու չլռել։ Բախվելով անարդար դատարանի, աշխատավայրում մատնության, պետական բռնության՝ մի՛ լռեք։

․․․Վերջին տասնամյակներին մարդկանց հանդուրժողականությունը բռնության նկատմամբ կտրուկ նվազել է, և հիմա քչերն են պատրաստ հանգիստ նայել, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում կնոջ փորին։

Գաղափարաբաններին, ովքեր որոշել են կոնկրետ և հստակորեն կառավարել մեզ, այդ մասին չեն հայտնել, բայց  2021 թվականին նույն պետության մեջ բռնարարների հետ լուռ գոյատևելը նույնքան անտանելի է, որքան անտանելի է լուռ հետևելը ծեծին՝ սեփական տան մեջ։

Եթե չլռենք՝ հույս դեռ կա։