Զյուզինոյի Պաշտպանության նախարարության պատգամավորների խորհրդի պատգամավոր, rusmirror.ru-ի խմբագիր Ալեքսանդր Զամյատինի անդրադարձը Ալեքսեյ Նավալնու ձերբակալությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։
Նավալնու մասին ընդունված է խոսել բարոյական-էթիկական եզրույթներով․ նա «խիզախ մարդ է», ով պատմում է «ողջ ճշմարտությունը» Պուտինի ու նրա շրջապատի մասին՝ «մարտահրավեր նետելով» դաժան ավտորիտար ռեժիմին։ Այս շարադրանքով, իհարկե, բանտարկման վճիռը մեզ վրա բարոյալքող ազդեցություն է թողնում․ նրա ֆիզիկական ազատազրկումը թվում է ուղիղ անդիմադրելի բռնություն հենց մե՛ր վրա։ Շատերի համար հիմա փողոցում տառացիորեն այդպես է։
Բայց այդ էպիկ պատումից բացի կա նաև այլ հայացք տեղի ունեցողին, որն ավելի շատ լավատեսություն է ներշնչում և օգնում է հող շոշափել հետագա աշխատանքի համար։ Նավալնին ոչ միայն պատմություն է «իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի» բացահայտման մասին, այլև քաղաքական շարժման մոդել, որին կարելի է մասնակցել և որից շատ բան կարելի է սովորել։
Կողքից ակնհայտ չէ, բայց քաղաքականության մեջ ընկղմված մարդիկ այս կամ այն կերպ հասկանում են դա․ Նավալնին ու նրա թիմը ստեղծել են Ռուսաստանի ժամանակակից պատմության ամենահաջողված քաղաքական մեքենան։ Լինում են ընտրական քաղաքական գործիչներ, ովքեր ընտրություններից առաջ հայտնվում են՝ թափ հավաքելու հաշվարկով, ճիշտ բաներ խոսում ու անհետանում (պայմանական Գուդկովը կամ Յավլինսկին)։ Լինում են ապստամբներ, ովքեր տարերային ըմբոստության են սպասում (մատով ցույց չտանք)։ Նավալնու շարժումը սկզբունքորեն այլ քաղաքական մոդել ունի։ Այն կառուցված է հասարակական աջակցության և կազմակերպչական ռեսուրսների անընդհատ երկարաժամկետ աճի վրա, որը տեղի է ունեցել վերջին տասը տարիներին։ Մի կողմից, դա միանգամայն ոչ բռնի շարժում է, մյուսից՝ այն խորհրդարանական չէ և կախում չունի արհեստական ընտրական ցիկլերից։
Յուրաքանչյուրը, ով մտածել է մեր քաղաքականության մեջ փոփոխությունների հասնելու մասին, բախվել է սովորական ձևաչափերի անհնարինությանը․ մեզ մոտ հնարավոր չէ կուսակցություն հիմնել, փաստացի հնարավոր չէ մասնակցել մեծ ընտրությունների, կամայական մանիֆեստները, կոալիցիաներն ու ծրագրերը զրոյական ազդեցություն են ունենում։ Իսկ նավալնին գտել է ձևը՝ շրջանցելու այս խոչընդոտներն ու պարբերական քաղաքական աշխատանք կազմակերպելու։ Դրա համար էլ տենց սատկացնում են։
Այս դիտակետից երևում է, որ ահռելի ռեպրեսիվ ճնշումը, որն ընկել է Նավալնու ու մեր վրա հիմա, այդ աճի օրինաչափ արդյունքն է, ընդդիմության զարգացման բնական պատմական փուլ։ Նրա պատմությունը ասպետի՝ վիշապի դեմ արշավի մասին չէ (որը կարծես ձախողվեց), այլ այն մասին, որ ուժեղ քաղաքական կազմակերպությունները հնարավոր են անգամ մեր պայմաններում, դրանց պետք չէ սպասել, պետք է ստեղծել՝ երկար ճանապարհի տրամադրվելով։ Լինում են շրջաններ, երբ պետք է համախմբվել ու հարձակվել, լինում են կոշտ հակազդեցության շրջաններ, բայց ժամանակի ամենամեծ մասը պետք է հատկացնել մեթոդիկորեն ու համբերատարորեն հող մշակելուն։
Իհարկե Նավալնու մոդելը լուրջ թերություններ ունի։ Առաջին հերթին ուժեղ կախվածությունը նրա անձից ու խարիզմայից, որն այժմ լիարժեք կարող ենք զգալ նրա բացակայության պայմաններում։ Հնարավո՞ր են արդյոք քաղաքական շարժման այլ մոդելներ։ Այս հարցը մեզ է ուղղված։ Բայց դրան անցնելու համար, պետք է հնարավորինս շուտ դուրս գալ էպիկ ողբերգությունը վերապրելու վիճակից ու սկսել մտածել նույնքան մարտավարական ու համակարգային, որքան իր շարժումը մտածում է Նավալնու թիմը։