«Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից վերսկսվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը։
Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրերով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածներինը՝ 1263, կառավարության այսօրվա նիստին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ճամփորդելու այս մոդելը, որի շուրջ պայմանավորվել էին Ռուսաստանի և Բելառուսի հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր։ Ժամկետի խնդիրը, ըստ փոխվարչապետի, Ռուսաստանի կառավարության երեկվա որոշմամբ այլևս կարելի է լուծված համարել․ փետրվարի 15-ից օրական 4 կանոնավոր չվերթ է լինելու՝ 2 ուղղություններով։
Ծրագրի պահանջներից մեկը ՔՈՎԻԴ-բացասական թեստի առկայությունն է։ Ուղևորները թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջ պետք է պարտադիր թեստավորվեն։ Ընդ որում՝ թեստավորումը պետք է իրականացվեր «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում նշված լաբորատորիաներից մեկում․ թեստի պատասխանն ավտոմատ արտահայտվում է բջջային հավելվածում և հաստատվում QR կոդով։
Փաշինյանի հաղորդմամբ, խոչընդոտներ, որոնց մասին վերջին օրերին գրում էին տեղական լրատվականները, ընդամենը 7 քաղաքացու դեպքում են առաջացել․ «Դրանք տեխնիկական բնույթի խոչընդոտներ են եղել»։ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նրանք Ռուսաստան են մեկնել QR կոդի թղթային տարբերակով, ինչը կասկածներ է առաջացրել ՌԴ սահմանապահների մոտ․ «Դա կապ չունի հավելվածի աշխատանքի հետ։ Հավելվածի միակ խնդիրը երեխաների տվյալների համալրումն էր»։
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ թեստավորումը պետք է իրականացվի հավատարմագրված լաբորատորիաներում։ Առողջապահության նախարարը հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել էր 2 լաբորատորիաների ներգրավմամբ, այժմ դրանց միացել է ևս 6-ը։ Լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում։