2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պատերազմը վերապրածներին անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրվի

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմին մասնակցած մարդկանց հոգեբանական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ նախագիծը։

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ուստի անհրաժեշտ են վերականգնողական միջոցառումներ թե պատերազմին ուղղակիորեն առնչվող մարդկանց, թե ընդհանուր բնակչության համար։

Թիրախային խմբերը ձևավորվել են ըստ խնդրի լուծման հրատապության և տրամադրվելիք հոգեբանական օգնության առաջնահերթության։

Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝


  • անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

  • գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

  • ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

  • զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.

  • ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

  • տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ)

  • ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):


Նախատեսվող ծառայություններն են՝

  • անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

  • խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

  • առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

  • հոգեբանների շարժական խմբերի ծառայություն (մինչև 8 սեանս).

  • հոգեբանական թեժ գծի ծառայություն.

  • ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն.

  • էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն:


Ծրագիրը նախատեսվում է սկսել որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ մոտ 6 ամսվա ժամկետում։