Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի փետրվարի 1-ից․ կառավարությունը գործարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը։
Գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համապատասխան որոշումն արդեն կայացրել են։
«Ծրագիրը մեկնարկում է փորձնական կարգով մինչև մարտի 1-ը, բայց կարծում ենք, որ գործնականում այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն արդեն անցել է և հաջող է անցել», – ասել է վարչապետը։
Նախօրոք թեստավորվելը պարտադիր է. ուղևորները պետք է ունենան сovid-19 թեստի բացասական արդյունք (թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա)։
«Քաղաքացին ներբեռնում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որից հետո նշված լաբորատորիաներից մեկում թեստավորվում է` թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջ: Եթե թեստի պատասխանը բացասական է, պատասխանն արտահայտվում է բջջային հավելվածում․ մեր օդանավակայանում դա QR կոդով հաստատվում է, ինչպես նաև Ռուսաստանի օդանավակայանում է հաստատվում և նա ազատ ճամփորդում է», – հավելել է Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ նախափորձարկման արդյունքով այն արդեն գործարկվել է, իսկ փետրվարի 1-ից կմտնի ուժի մեջ։