Պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողները կստանան 500 հազար դրամի չափով միանվագ սոցիալական աջակցություն: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա՝ հունվարի 27-ի նիստին։
Շահառու են համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված՝ բուժհաստատություններում օգնություն և սպասարկում ստացած այն անձինք, որոնք չունեն հաշմանդամության խումբ/ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ, տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև կամավորները, աշխարհազորայինները: Թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, անցել են բուժման փոքր ժամանակ, բայց այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել: Սրանով փորձում ենք նաև կորցրած ժամանակի սոցիալական խնդիրները կարգավորել», – նշել է Առաքելյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ ծրագրից կօգտվի շուրջ 6000 քաղաքացի։ Հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողները, որոնց թիվը, ըստ Առաքելյանի, չի գերազանցում 1000-ը, ծրագրից չեն օգտվելու: Այս պահին 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն ու ստացել հաշմանդամության կարգ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը:
Գումարը կտրամադրվի առավելագույնը 10 օրվա ընթացքում: