Ադրբեջանի նախագահը վստահեցնում է՝ ադրբեջանական արբանյակները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում կարևոր դեր են խաղացել և հնարավորություն տվել առցանց դիտարկել հակառակորդի տեղաշարժը։
«Երբ մենք արբանյակներ էինք ուղեծիր դուրս բերում, ոմանք հարցնում էին՝ ինչների՞ս է դա պետք։ Կյանքը ցույց տվեց, որ դա շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների կիրառումը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո մեզ ահռելի առավելություն է տալիս», – նախօրեին՝ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ հեռավար հանդիպմանը, նշել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական առաջին արբանյակը (Azerspace-1) տիեզերք է արձակվել 2013 թվականի փետրվարին: Կառուցվել է ամերիկյան Orbital Sciences Corporation ընկերության կողմից, տիեզերական տարածություն է տեղափոխվել եվրոպական Արիան 5 ծանր կրող հրթիռի միջոցով՝ ֆրանսիական Կուրու տիեզերակայանից։ Ծածկում է Եվրոպայի ողջ և Ասիայի ու Աֆրիկայի զգալի հատվածները: Կառավարվում է ադրբեջանական Azercosmos ընկերության կողմից, ունի հեռուստա- և ռադիոհեռարձակման, համացանցի հնարավորություններ։ Ծառայության ժամկետը կազմում է 15 տարի։ 2013-ի տվյալներով՝ արբանյակի վրա Ադրբեջանը շուրջ 202,6 միլիոն դոլար է ծախսել։
Հայկական բանակի համար պաշտպանիչ ցանցերը կարվում էին պատերազմի օրերին՝ կամավորության սկզբունքով (մանկապարտեզներում, դպրոցներում, թատրոններում․․․)։