Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով։ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար Հայաստանը 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Գումարը, ինչպես կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներգրավվել է նպաստավոր տոկոսադրույքով՝ 3.8% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով: Գործարքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ:
2021-ի բյուջեի նախագծով արդեն իսկ նախատեսված էր դեֆիցիտի ֆինանսավորում՝ միջազգային շուկայից 500 մլն դոլարի պարտատոմս ներգրավելու միջոցով: Ինչպես ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է նշում՝ «հաշվի առնելով մի շարք գործոններ»՝ ի սկզբանե նախատեսվածից 500 մլն-ի փոխարեն ներգրավվել է 750 մլն դոլարի պարտատոմս։
Երկրի պետական պարտքն, այսպիսով, այլևս մոտեցել է 9 մլրդ դոլարի շեմին:
Վարչապետն ու ֆինանսների նախարարը վստահեցնում են՝ սա Հայաստանի համար խիստ շահավետ գործարք է, որ պլանավորվել էր դեռևս ամիսներ առաջ։ Արտաքին պարտքի ավելացնումը, սակայն, նախևառաջ ենթադրում է, որ բյուջետային հատկացումները՝ ուղղված դրա սպասարկմանը, այսուհետ միայն աճելու են։ Իսկ եթե հաշվի առնենք Հայաստանի բյուջեի դեֆիցիտը (ծախսերը շարունակում են գերազանցել եկամուտները)՝ կարելի կռահել, որ աճելու են ոչ միայն սպասարկման ուղղված հատկացումները, այլև պարտքի չափը։
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետպարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար: 2019 թվականի վերջին համեմատ այն աճել է մոտ 647 մլն դոլարով։ Այժմ այն աճում է ևս 750 մլն-ով։
Նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերից դատելով՝ ստեղծված իրավիճակը կառավարությունը համարաում է տրամաբանական և անխուսափելի է։ Նախարարը, մասնավորապես, հավաստիացնում է՝ երկիրը, որն ունի պետբյուջեի դեֆիցիտ, չի կարող մտածել պետպարտքի՝ բացարձակ թվով նվազման մասին․ «Դա հնարավոր է միայն 0 դեֆիցիտի դեպքում» և նման քաղաքականություն Կառավարությունը չի վարել և, ամենայն հավանականությամբ, չի էլ վարի:
Այս տարվա ավարտին կառավարության պարտքը, ըստ նրա, կկազմի 66.3 %, այսինքն՝ կմոտենա 8.5 մլրդ դոլարի: Պետական պարտքը կկազմի 70 տոկոս՝ 8.9 մլրդ դոլար: Ըստ նախարարի, կարևոր գործոն է նաև փոխարժույթը, ուստի հստակ գնահատական տալ՝ որքան կկազմի պարտքը տարեվերջին, դժվար է:
Եթե պարտքը վերցվում է դոլարով, ապա սպասարկվում է այն դրամով։ Եվ եթե հաշվի առնենք դրամի՝ հատկապես հետ-պատերազմական շրջանի արժեզրկումը, պարտքը միայն մեծանում է․ պետական բյուջեից ավելի շատ դրամ է հատկացվում՝ պարտքը դոլարով մարելու կամ սպասարկելու համար։
«Պարտքի յուրաքանչյուր շեմ իր ռիսկն ունի», – նիստից հետո՝ լրագրողների հարցերին պատասխանելով, ասել է Ջանջուղազյանը:
«Զարգացող երկրներում 70-ից բարձր պարտք-ՀՆԱ սցենարը համարվում է բարձր ռիսկայնության, եթե բացակայում է պարտքի հետվերադարձի տեսլականը: Իհարկե, պետք է ջանք գործադրենք վերադառնալու ավելի ցածր շեմի, և պետք է մտածենք ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին», – ընդգծել է նախարարը:
Այս ամսվա վերջին, ըստ նրա, կունենանք 2020-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջին գնահատականը: Տնտեսական անկումն, նախարարի կարծիքով, կկազմի 7.9 տոկոս, իսկ 2021-ի համար կանխատեսված աճը՝ 3.2 տոկոս: