Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք է գրանցվել։ Իրականացվել է 6868 թեստավորում։
Համավարակի ողջ ընթացքում վիրուսը Վրաստանում 3071 կյանք է խլել։ Ընդհանուր առմամբ վարակվել է 253 816 մարդ, որից 243 396-ն արդեն առողջացել է։
Հակամաճարակային միջոցառումները ուժի մեջ կլինեն նաև փետրվարի 1-ից հետո։ Բաթումիում, Զուգդիդում, Փոթիում, Գորիում և Թելավիում, որտեղ կորոնավիրուսի ցուցանիշները նվազել են, աշխատանքը կվերսկսեն դպրոցներն ու հանրային տրանսպորտը։ Թբիլիսիում և Ռուսթավիում փետրվարի 1-ից կբացվեն առևտրական կենտրոնները, իսկ տրանսպորտն ու դպրոցները չեն գործի առնվազն մինչև մարտի 1-ը։ Բոլոր քաղաքներում փետրվարի 15-ից կբացվեն փակ շուկաները։
Ադրբեջանում հունվարի 24-ին կորոնավիրուսի 287 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է։ Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների թիվը 228 975 է, 3082 քաղաքացի մահացել է, 220 292-ը՝ ապաքինվել։ Այժմ հիվանդանոցային բուժում են ստանում 5601 վարակվածներ։
Հակահամաճարակային միջոցառումները ուժի մեջ են լինելու մինչև ապրիլի 1-ը։ Այսօրվանից, սակայն, Ադրբեջանում աշխատանքը վերսկսել են գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, խանութները, թանգարանները, պատկերասրահները։
2020 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշման համաձայն, Ադրբեջանում դիմակ չկրելու համար նախատեսված տույժը ձեռնարկությունների համար բարձրացել էր 1,5, պաշտոնյաների համար՝ 2 անգամ, կազմելով համապատասխանաբար 11 հազար (շուրջ 6470 դոլար) և 10 հազար (շուրջ 5880 դոլար) մանաթ։
Հայաստանում երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք (7․4%): Ունենք 224 առողջացած և 10 մահվան դեպք (8-ը’ կորոնավիրուսից, 2-ը՝ «այլ պատճառներով»)։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, ամբողջ աշխարհում մինչ այժմ գրանցվել է վարակման մոտ 100 միլիոն (99, 815 194) դեպք։ 2 140 100 մարդ մահացել է, 71 815 369-ը՝ ապաքինվել։