Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն ազատ է արձակվել 2 մլն դրամ գրավի դիմաց: Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը, որտեղ այս պահին քննվում են Հեբոյանին և փաստաբան Վահագն Դանիելյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ նրանց պաշտպանների բողոքները: Հեբոյանի պաշտպանների հաղորդմամբ՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացվել է 2020 թվականի տարեվերջին:
Դատավորը 2019 թվականի նոյեմբերին մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու մեջ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Նույն գործով մեղադրյալ, փաստաբան Վահագն Դանիելյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրան վերագրվող կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվել է կաշառքի միջնորդության: Դանիելյանը քննության սկզբնական շրջանում կալանքի տակ է եղել, ապա գրավով ազատ արձակվել
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքները Վերաքննիչ դատարան են ներկայացվել 2019-ի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ Հեբոյանը, ըստ մեղադրանքի, քաղաքացի Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու դիմաց 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին՝ Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Դատավորը, մեղադրանքի համաձայն, 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց քաղաքացուց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակարկելու արդյունքում այդ թիվը նվազել է․ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 1 224 400 դրամին համարժեք 2 500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ։
ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։
Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին։ Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձարագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Հակոբյանի լիազորությունները կասեցնելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել է: