Home / Դատարան / Կաշառքի համար դատավորը դատապարտվեց 7, իսկ փաստաբանը՝ 2 տարի ազատազրկման

Կաշառքի համար դատավորը դատապարտվեց 7, իսկ փաստաբանը՝ 2 տարի ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:

Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, որը չի կարող գերազանգել 1 մլն 714 հազար 160 դրամը։ Փաստաբան Վահագն Դանիելյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման․ նրան մեղսագրվող կաշառք ստանալու օժանդակությունը վերաորակվեց որպես կաշառքի միջնորդություն։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանը, ըստ մեղադրանքի, քաղաքացի  Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու դիմաց 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին՝  Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Դատավոր, մեղադրանքի համաձայն, 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց քաղաքացուց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակարկելու արդյունքում այդ թիվը նվազել է․ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 1 224 400 դրամին համարժեք 2 500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ։

2019 թ. մարտի 27-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո Բենիկ Հարությունյանը կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է Գագիկ Հակոբյանին, ինչից անմիջապես հետո ստացված գումարը հայտնաբերվել և վերցվել է դատավորի մոտից։

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին։ Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձարագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Հակոբյանի լիազորությունները կասեցնելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյա, որը բավարարվել է։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել է: 

Փաստաբան Վահագն Դանիելյանը քննության սկզբնական շրջանում կալանքի տակ է եղել, ապա գրավով ազատ արձակվել: