Home / Շուկա / ԿԸՀ-ն թույլատրեց պատգամավորի թեկնածուի ազատազրկումը

ԿԸՀ-ն թույլատրեց պատգամավորի թեկնածուի ազատազրկումը

Ընտրակաշառարքների հետ կապված քրեական գործերն ու ձերբակալությունները շարունակվում են։ Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունն այսօր կաշառք տալու և ստանալու վերաբերյալ երեք հաղորդագրություն են տարածել, որոնցից երկուսով պատգամավորության թեկնածուներ են անցնում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  բավարարել է ընտրություններին մասնակցած դաշինքներից մեկի պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելուն համաձայնություն տալու՝ Դատախազության միջնորդությունները:

Գլխավոր դատախազութան հաղորդմամբ՝ տվյալ դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև այդ դաշինքի պատգամավորության թեկնածու էր, Արթիկի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողների տվել է 10 000-ական դրամ կաշառք։

Դեպքերի առթիվ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ։ Հունիսի 21-ին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուն, ձերբակալվեն են:

Դատախազը երեկ միջնորդություններ էր ներկայացրել ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար, որոնք ԿԸՀ-ն բավարարել է:

Այսօր կալանավորվել է նաև դաշինքներից մեկի պատգամավորության թեկնածու Գ.Ս-ն.։

ՀՔԾ հաղորդմամբ՝ պատգամավորի թեկնածուն «երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 դրամի չափով կաշառք’ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»:

Դատարանն այսօր բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Քրգործ է հարուցվել նաև կաշառք տալու և ստանալու մեկ այլ դեպքով։

Վեդի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար 30.000 դրամ կաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Մ.Ս.-ին:

«Վերջինս կաշառքի առարկա հանդիսացող գումարից 20.000 դրամը ծախսել է անձնական կարիքների համար, իսկ հունիսի 19-ին կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը՝ 10.000 դրամը», – ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ա.Ս.-ին և Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: