Ղարաբաղի նախագահը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի։
«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, կամ որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը», – Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած հանրահավաքին հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին նախօրեին շնորհավորել էր նաև Ղարաբաղի նախագահը։
Ժամեր անց Ստեփանակերտում մեկնարկեց նրա հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ցույցը․ մասնակիցներին, պարզվում է, զայրացրել էին Ղարաբաղի նախագահի՝ Հայաստանի նորընտիր վարչապետին ուղղված շնորհավորանքները։ Հանրահավաքի մասնակիցները փորձել են մտնել կառավարության շենք, ուժայինները այդ փորձերը կասեցրել են։ Բողոքի ցույցերը շարունակվում էին նաև այսօր։