Home / Բանտ / 17-ամյա երևանցին քֆուրի պատճառով սպանել է 26-ամյա գյումրեցուն․ ՔԿ

17-ամյա երևանցին քֆուրի պատճառով սպանել է 26-ամյա գյումրեցուն․ ՔԿ

Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով։

Ըստ Քննչական կոմիտեի, Երևանի 17-ամյա բնակիչը,  իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն սպանելու նպատակով, 2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան խճուղու շենքերից մեկում տեղակայված մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա վերջինիս լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ: Այնուհետև գնացել է նույն շենքում գտնվող 26-ամյա տղամարդու բնակարան և անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով դուրս կանչել նրան և աստիճանների վրա իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածելով վերջինիս կրծքավանդակի հետին մակերեսի հարողնաշարային հատվածին՝ սպանել նրան:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հայտնում է ՔԿ-ն: