Տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարցերը, որ ընկած են Լեռնային Ղարաբաղի հարցի հիմքում, իմպերիալ գաղութային հորինվածք ունեն: Մի կողմից՝ սրանք անհամատեղելի սկզբունքեր են, մյուս կողմից՝ կապիտալիստական ընկալման մեջ սրանք իրար հավասարապես փոխլրացնում են և շարունակում: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը սեղանին դրեց հարցի կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք խարսխված էին տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի վրա: Նրանք չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, այսինքն՝ չճանաչեցին Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկվող սկզբունքներից ոչ մեկը վերջնական կարգավիճակ չէր տալիս Ղարաբաղին, թերևս միայն Ընդհանուր պետության առաջարկն էր վերջնական կարգավիճակ տալիս Ղարաբաղին Ադրբեջանի կազմում:
Այսպիսով, մի կողմից՝ չճանաչելով Ղարաբաղը, մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհի քարտեզի վրա ճանաչելով Ադրբեջանի տարածքը ԽՍՀ Ադրբեջանի սահմաններում՝ ԵԱՀԿ-ն վերահաստատեց ժամանակակից կապիտալիստական կացութաձևի սկզբունքներից մեկը՝ պետությունների տարածքային ամբողջականությունը: Ինքնորոշման իրավունքը հակասում է կապիտալիզմի վերարտադրությանը ծառայող մոնոցենտրիկ պետության գաղափարին:
Այդպիսին են նախևառաջ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որ նոր կոլոնիալիզմի առաջատարներն են և իրենց պետական դիկտատուրայի տակ պահում են բազմաթիվ էթնիկ, կրոնական և այլ հանրույթներ, այդ թվում՝ իրենց պետական սիստեմի մեջ են ներառել հայկական սփյուռքի մեծագույն մասը, որ ենթարկվում են դիսկրիմինացիայի, գետտոյացման, սեգրեգացման և պարզապես զրկված են անգամ ինքնորոշվելու միտք ունենալուց, սոսկ անցնում են միգրանտից տեղացի դառնալու երկար և մի քանի սերունդների միջով անցնող ճանապարհը: Լեռնային Ղարաբաղի ճանաչմամբ այս պետությունները ստեղծելու էին ինցիդենտ սեփական պետական սիստեմներում գոյություն ունեցող հանրույթների առաջ ինքնորոշման կանաչ լույս վառելով: Սա լրջագույն հարված կլիներ սեկուլյար, տիտղոսային ազգերի գոյության հիմքով գործող պետության գաղափարին, որ կապիտալիզմի վերարտադրության հիմնասյուներից մեկն է:
Ղարաբաղի կոնֆլիկտը չհանգուցալուծելով՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խումբը դա ծառայեցրեց իր շահերին: Վերջապես դա մի մեծագույն կոռուպցիա էր և դրամաշորթություն: Ծաղկեց զենքի բիզնեսը. պետք չի մոռանալ, որ հենց կոնֆլիկտի հանգուցալուծմանը ուղղված երկրենրն էին զենքի վաճառքի հիմնական մատակարարները Ադրբեջանին և Հայաստանին: Այս երեսուն տարիների ընթացքում Ղարաբաղի հարցը նրանք հաջողությամբ օգտագործեցին հայ և ադրբեջանցի ժողովուրդների գաղութային կախվածությունը խորացնելու, կյանքի որակը ոչնչացնելու, ունեզրկելու համար: Լավ հայտնի է, թե ինչպես, օրինակ, ռեսուրսները վաճառվեցին ռուսներին՝ ստրատեգիական գլխավոր դաշնակցին, որի գաղութացնող իշխանության տեղական ջատագովությամբ զբաղվել են Հայաստանի բոլոր իշխանությունները: Նրանք շատ լավ հասկացել են Հայաստանի ինքնորոշվելու և ռուսներից պոկվելու գինը, որը կլիներ իրենց իշխանության վերջը կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ իրենց վերջը: Իսկ Ադրբեջանից ինքնորոշվելու համար նրանց և իրենց կլաններին ոչինչ չէր սպառնում, հակառակը՝ նրանք իրագործում էին իրենց վերապահված դերը, այն է՝ քամել պետական բյուջեն բանակի և զենքի վրա, վաճառել ընդերքը և մնացած ռեսուրսները, պահպանել կապիտալիստ կենտրոնացված պետական կարգը:
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը կապիտալիստական նախագիծ է: Այն առաջացել է ազգային կապիտալիստական պետություն ստեղծելու արևածագին, ղեկավարվել ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից: Կապիտալիզմի մեջ ինքնորոշման իրավունքը չի կարող հռչակվել որպես ձախ գաղափար: Ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել էթնիկ զտումների հենքով: Սոցիալ-քաղաքական այն հասարակախավը, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը իրացնելու լծակները իր ձեռքն առավ կապիտալիստների մի խունտա էր: Նրանք «մաքրեցին» Հայաստանը, Ղարաբաղը և հարակից տարածքները ադրբեջանցիներից: Յուրացրին այդ տարածքները որպես իրենց մասնավոր սեփականություն: Նույն պրոցեսները տեղի ունեցան ազգայնական կապիտալիզմի ճանապարհով գնացող Ադրբեջանում: Նրանք էլ Ադրբեջանում ապրող հայերին արտաքսեցին իրենց բնակության վայրերից: Ազգերը միայն կորցրեցին այս շարժումից, իսկ երկու պետություններում իշխանության գլուխ եկած խմբերը շահեցին: Նրանք մեկմեկու շարունակությունն են և նույն կոպեկի երկու երեսը: Այս մարդիկ գլոբալ կապիտալիզմի տեղական դրածոներն են միայն և թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի հասարակությունները, որ աղքատ, գործազուրկ, ճնշված վիճակում են գտնվում, անելիք չունեն այս իշխանությունների հետ: Նրանք չեն կարող հագնել ինքնության այն վերնազգեստները, որ կարում են իշխանությունները իրենց համար, չեն կարող նույնանալ կապիտալիզմի վերարտադրությանը ծառայող իշխանություններին, նրանց տարած քաղաքականություններին, նրանց արած հանցագործություններին: Այս իշխանությունները օգնում են կապիտալիզմի աղացի ատամների տակ գցել և փշրել մարդկային կյանքերը: Սրանց վստահել կյանքը, սրանց բանակներին վստահել երեխաներ, սրանց կրթարաններին՝ ուսանողներ, հիվանդանոցներին՝ հիվանդներ, ոստիկաննեին՝ բանտարկյալներ և այլն, և այլն, հնարավոր չէ, չի կարելի: Ենթարկվել ու ընդունել համակարգի կանոնները անկարելի է:
Նույնը վերաբերում է կոնֆլիկտին: Երկու հասարակությունները պետք է կարողանան հաղթահարել այս բանտի պատնեշները: Նրանք նույն բանտի մեջ են՝ մի պատով բաժանված: Նույն վանդակի կանոններով են վարժեցված: Կապիտալիզմի մեջ չկա պաշտպանություն, կապիտալիզմի մեջ կա պաշտպանության իմիտացիա, որը ստեղծվում է մահվան հաշվին: Այդպես, հազարավոր երեխաներ սպանվեցին պաշտպանության անվան տակ: Եվ սա կանգ չի առնելու, սա ամեն տեղ է առկա: Սա վերարտադրվելու է, եթե չստեղծվեն ալտերնատիվ քաղաքականություններ, չբացվեն կապիտալիզմի և ազգային պետության քննադատության ուտոպիստական տարածքներ: Խաղաղության, ժողովուրդների հաշտության և բարեկամության գաղափարները դիսկրետիդացնող ուժերը հստակ նպատակներ ունեն, և այդ նպատակները նրանց բանկային հաշիվներն են: Պետք է դիմանալ ու դիմադրել այդ հաշիվներում ավելացող զրոների գաղափարախոսությանը:
Գայանե Այվազյան
սկզբնաղբյուր