Ես չեմ հավատում Հայաստանի Հանրապետության պետական սիստեմին ոչ մի նշույլ: Ոչ մի նշույլ: Չեմ հավատում նաև Ադրբեջանի Հանրապետություն կոչված միավորի պաշտոնական ապարատին: Բայց ինձ իրավունք եմ վերապահում խոսել Հայաստանի Հանրապետություն սիստեմի մասին, որի քաղաքացի եմ և որտեղ ապրում եմ մինչև հիմա: Իրավունքս բխեցնում եմ մանկությունից ի վեր ՀՀ քաղաքացի լինելու բերումով կրածս զրկանքների, դժբախտությունների, աղետների վերապրողը լինելու հանգամանքից: Ես և Հայաստանի բազմահազար քաղաքացիներ վերապրել և շարունակում ենք վերապրել Հայաստանում գոյություն ունեցող կորզող, շահագործող, սպանող սիստեմի պարտադրած կյանքը մեզ:
Մենք վերապրել և վերապրում ենք սիստեմի ապահոված վատորակ կրթությունը, վատորակ առողջապահությունը, վատորակ հանրային տրանսպորտը և այլն, և այլն: Հայաստանի Հանրապետությունում գոնե վերջին երեսուն տարիներին մեր կյանքը եղել է ունեզրկման, շահագործման, ճնշումների և մահվան մասին: Այս ամենը ապահովել, վերարտադրել, կնքել և մեզ են հրամցրել Հայաստանի պետական սիստեմը, նախարարությունները, հայապահպան միությունները, մշակութային միավորումները, կուսակցությունները, մտավորականները, բոլոր բոլորը, որ ինչ-ինչ կապերով հնարավորություն են ստացել օգտվել սիստեմի փշրանքներից:
Սիստեմ, որ ծառայել է մարդկանց փոքրաթիվ խմբակների հարստացմանը ի հաշիվ մեծ, շատ մեծ թվով մարդկանց կյանքի և բարեկեցության: Այս սիստեմի հանդեպ ես չունեմ վստահություն, ես ատում եմ այս սիստեմը քաղաքականապես: Եւ ոչ մի պրոպագանդա, ոչ մի վախ, ոչ մի փչած փուչիկ վատ ադրբեջանցու կամ թուրքի տեսքով, ոչ մի վերևից ներարկված հերյուրանք չի կարող ինձ ստիպել նույնանալ այս սիստեմի հետ: Ոչ մի պարագայում ես չեմ կարող հավատալ, որ այն սիստեմը, որ իմ իրավունքները ոտնահարում է ամեն օր փողոցում, տանը, գործի տեղը, ինձ ունակ է պաշտպանել կամ ուզում է պաշտպանել «արտաքին թշնամուց»:
Ես չեմ կարող հավատալ, որ բանակը, որտեղ մարդիկ բռնաբարվում, «մահացու վիրավորում են ստանում», «անզգուշությամբ ինքնասպանության են հասցվում» զինվորական վերադասների մասնակցությամբ և/կամ թողտվությամբ, ինձ պաշտպանում է. առհասարակ, ես չեմ հավատում բանակների հանրային նշանակությանը: Վերջապես ես ունեմ հիշողություն. ես հիշում եմ տակավին ոչ վաղ անցյալում գործող ստի և կեղծիքի մեքենան, որ 44 օր տեղեկատվական թմբիրի, էքզիստենցիալ տեռորի մեջ էր պահում մի ամբողջ հասարակություն: Ես հիշում եմ Արծրուն Հովհաննիսյան անունով անարգանքը, Արծրուն Հովհաննիսյան անունով բռնությունը իմ հանդեպ, իմ գոյության, իմ բանականության հանդեպ: Ես շատ բան եմ հիշում ու չեմ մոռանա մինչև մեռնելուս օրը:
Հայաստանի քաղաքացին մարդ է, նա ունի հիմնարար իրավունքներ: Պետությունը պետք է լինի դրանց պաշտպանության երաշխավորը: Հայաստանի երրորդ հանրապետության պետական սիստեմը չի եղել այդպիսին հիմնադրման օրվանից: Մենք երեսուն տարի պատանդ ենք եղել կապիտալի մի հանցագործ խունտայի ձեռքին, որ բռնազավթել է պետական համակարգը: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այդ խունտան մինչ օրս էլ տիրապետում է պետական համակարգին, որը աշխատում էր վերջինիս վերադարձի օգտին: Հետևաբար, ես ինձ թույլ եմ տալիս ազատել իմ միտքը այդ սիստեմի տարածած հայտարարություններից, արտանետած նոտաներից և չվստահել դրան:
2018 թվականի ժողովրդական շարժումը և առավել ևս 2021 թվականի արտահերթ պառլամենտական ընտրությունները ցույց տվեցին մարդկանց մերժումն ու անհանդուրժողականությունը գոյություն ունեցող սիստեմի հանդեպ: Առաջին անգամ մահվան սպառնալիքի տակ, երկրորդ անգամ իրենց երեխաների մահվան գնով մարդիկ ո՛չ են ասել կեղեքող, շորթող համակարգին, ո՛չ են ասել օլիգարխիային, բանակին, ԱԳՆ-ին, ո՛չ են ասել մտավորականությանը, հայապահպանությանը և ընտրել են մարդկային կյանքի իրավունքը: Այս հանգամանքը եթե առաջին անգամ չհասկացավ, ապա երկրորդ անգամ պարտավոր է հասկանալ, իրավունք չունի չհասկանալ քաղաքացիների քվեն ստացած քաղաքական ուժը: Այդ քվեն նա չի ստացել հայդուկային արկածախնդրությունը լեգիտիմացնելու և շարունակելու համար, նա քվե չի ստացել պանարմենիան մեսիանականության սին տեսիլները կյանքի կոչելու համառությունն ու անհեռատեսությունը շարունակելու համար:
Քաղաքական ուժը ունի հստակ էլեկտորատ՝ իր տնտեսական, սոցիալական շահերով, որի քաղաքական թարգմանն է պարտավոր լինել պետական կառավարման համակարգում: Որքան էլ Ն. Փաշինյանը և նրա ղեկավարած ուժը մանր, միջին ու մեծ բուրժուազիայի համար աշխատեցին առաջին պաշտոնավարման ընթացքում, կյանքը ցույց տվեց, որ բուրժուազիան նրան չսատարեց պատերազմում կրած պարտությունից հետո, այլ նրա վերարտադրությանը օգնեց աղքատ հասարակախավը: Իհարկե, պետք չէ իլյուզիաների գիրկն ընկնել, թե ՔՊ-ն կփոխի իր քաղքենի նեոլիբերալ ընթացքը, բայց նաև չի կարող օգտագործել և դեն նետել այն մարդկանց ձայնը, որոնց քաղաքական աջակցությամբ է երկրորդ անգամ եկել իշխանության խոշորագույն սխալներից հետո:
Նիկոլ Փաշինյանը, լինելով իշխանության գլուխ, չի օգտագործել ընտրակեղծիքների մեքենան իշխանության մնալու համար: Սա կարևոր հանգամանք է և նրան էականորեն տարբերում է իր նախորդներից: Սակայն սա բավարար չէ նախկին սիստեմը արմատապես փոխելու համար: Անհրաժեշտ է ոչ միայն փոխել օլիգարխիային ծառայող պետական սիստեմը, այլև փոփոխել գաղափարախոսական հենքը, որի վրա կառուցվել է Երրորդ հանրապետությունը: Անհրաժեշտ է փոխել պետության առաջնահերթությունների շրջանակը: Նորից պետք չէ ակնկալել, որ քաղքենական նեոլիբերալ քաղաքական ուժը դուրս է գալու կապիտալիզմի և բուրժուական ազգային պետության սահմաններից և քաղաքական երևակայություն ունենա ուրիշ կացութաձևի մասին, բայց գոնե պետք է հաղթահարել ներսիններին կեղեքող, դրսի դեմ մարտնչող անկլավային քաղաքական սիստեմը: Հարևանների հետ համակեցության ուղիներ են պետք: Պարտադրված խաղաղության թույնը պետք է փոխարինել ցանկալի խաղաղության օրակարգով:
Այս տարածքում մարդիկ ապրում են, այն պետք է ազատագրել ֆորպոստի կամ պոլիգոնի կարգավիճակից: Շատ մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանում և սփյուռքում կար և կա մարդկանց ազդեցիկ խումբ, որի սոցիալ-տնտեսական ռեսուրսները գոյանում են փակ թշնամական ցանկապատերի մեջ: Եւ եթե չլինեն պատմական կոնֆլիկտներ և թշնամություն, նրանց մտավորականները կստեղծեն դրանք:
Հեղափոխությունից և առավել ևս վերջին ընտրություններից հետո չի երևում այն գիծը, որը գծված է կապիտալը յուրացրած և դրան զոհ գնացած հազարավոր մարդկանց միջև: Հասկանալի է, որ իր թավշյա լոզունգներով Փաշինյանը իր վրա վերցրեց օլիգարխիայի անվտանգության բարձիկի դերը և լիցքաթափեց հանրային զայրույթն ու կատաղությունը հարուստների դեմ ուղղված: Բայց ե՞րբ է նա և իր թիմը ունենալու շարքային քաղաքացու կյանքի պահպանման հանդեպ զգայունություն: Ե՞րբ: Ինչի՞ համար են մարդիկ զոհվում հետպատերազմական իրավիճակում. որովհետև երեսուն տարի անց սեփական սահմանների ճանաչումը և ծավալապաշտությունից հետ կանգնելը ցավո՞տ է, որովհետև հիմա էլ ալիևյան կլանային պետությո՞ւնն է ծավալապաշտ, թե՞ թանկարժեք սանատորիայի վերածված հայաստանյան դիվանագիտական կորպուսը նախկին լեզուն չի կարողանում փոխել, ռազմական էլիտաները չեն հրաժարվում սաբոտաժի քաղաքականությունից: Ամեն ինչ էլ կարող է լինել:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը և իր ուժը չխորշեց թավշյա, ոչ բռնի, անարյուն հեղափոխությունը վարել այնպես, որ մի օլիգարխի հավի քթից էլ արյուն չգա: Բայց խորշում է բեկանել Հայաստանի արտաքին քաղաքական նախկին կուրսը, խորշում է խաղաղությունից, խորշում է երկխոսությունից, պատերազմից հետո մաքսիմում խոսում է մեր ատելությունը կառավարելու մասին, բայց ոչ երբեք դրանից հրաժարվելու մասին: Ի՞նչ ամոթալի բան կա որպես ընտրված իշխանություն հրաժարվել ռազմական ճանապարհով հարցերը լուծելու ճանապարհից և դուրս գալ մաչո-պատրիարխալ ուժի իմիտացիայի ճահճից: Վերջապես ի՞նչն է խանգարում թավշյա հետևողականություն ցուցաբերել և կանխել բանակում ու սահմանին զոհվող քաղաքացիների սպանդը: Այդ ո՞նց եղավ, որ հայ օլիգարխիայի հետ հնարավոր էր պայմանավորվել, դաշինքի գնալ, ո՞նց եղավ, որ ռուսական, իրանական բռնապետական ռեժիմների հետ ՀՀ իշխանությունները չեն խորշում ձեռք սեղմել, բանակցել, իսկ, ահա, թուրքական ու ադրբեջանական ռեժիմների հետ չեն կարող:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ
Գայանեին կարելի է հետևել նաև Տելեգրամում