Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գազային մրցակցության հարցը խիստ ուռճացված և անհիմն քաղաքականացված է՝ El Pais-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով․ «Մեր գազամատակարարումը չի կարող մրցել ռուսականի հետ»։
Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ հարցերը կամ մտահոգությունները, ըստ նրա, Ռուսաստանի նախագահի հետ երբևէ չեն էլ քննարկվել․
«Անկեղծ ասած, մենք երբեք չենք քննարկել այդ հարցը։ Մենք պարբերաբար, տարին մի քանի անգամ հանդիպում ենք, անընդհատ խոսում ենք հեռախոսով․ Ռուսաստանի նախագահը երբեք այդ հարցը չի բարձրացրել»։
Այն, որ եվրոպական շուկայում ադրբեջանական գազն այլևս կարող է մրցել ռուսականի հետ՝ վերջին շաբաթներին պարբերաբար շրջանառվող միտք է։
Առիթը Թուրքմենստանում ստորագրված համաձայնագիրն է․ նոյեմբերի 28-ին Աշխաբադում Իրանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը պայմանավորվել են գազի սվոփային մատակարարման շուրջ։
Ըստ համաձայնագրի՝ Թուրքմենստանից իրանական գազամուղերով Ադրբեջան կմատակարարվի տարեկան 1․5-ից մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ։
Պայմանագիրն անժամկետ է։ Իրագործումը կսկսվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից։
Համաձայնագիրը էական նշանակություն ունի նաև Տրանս-Անատոլիական (TANAP) և Տրանս-Ադրիատիկ (TAP) գազամուղների գործունեության տեսանկյունից։ Տրանս-Ադրիատիկ գազամուղը (TAP) Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի շարունակությունն է։ TANAP-ն Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով ձգվում է Հունաստանի սահման: TAP-ը Հունաստանից Ադրիատիկ ծովի հատակով հասնում է Իտալիա։
2020 թվականի վերջից ադրբեջանական գազը TAP-ով (բաժնետերերի թվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բրիտանական British Petroleum-ը և այլն) արտահանվում է դեպի Եվրոպա։ Այն բավարարում է Հունաստանում գազի պահանջարկի 17%-ը, Իտալիայում՝ 10%-ը և Բուլղարիայում՝ 33%-ը։