Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Կարեն Պողոսյանը անցնում է հուլիսի 14-ին Գորիսում տեղի ունեցած հրաձգության գործով և մեղադրվում սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հուլիսի 22-ին։
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ի գիշերը, ըստ ՔԿ-ի, Գորիսում կրակոցներ էին հնչել․ երկու հոգի (հրազենային և ծակած-կտրած վնասվածքներով) տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, փոխադրելու կամ կրելու, խուլիգանության հոդվածներով։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») ու ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի բարեկամների միջև։
Վիրավորներից մեկը՝ Հ․ Վարդանյանը, ներկա մարզպետի որդու՝ Կարենի ընկերն է, մյուսը՝ Մելիքսեթ Բարսեղյանը, նախկին մարզպետի աներորդին է։ Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում են եղել նաև Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, և Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարենը։