Առողջապահության նախարարի հրամանով «Ֆարմ Ինդըստրի Քորփորեյշն» ՍՊԸ-ն արտադրական կանեփի արտադրության թույլտվություն է ստացել։
Նույն ընկերությունը նախարարություն էր դիմել նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի համար լիցենզիա ստանալու հայտով․ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով բավարարվել է նաև այս դիմումը։
Դեռևս փետրվարի 4-ին Կառավարության՝ «Տնտեսական արձագանքման ծրագրի» շրջանակում, ազդարարվել էր «արդյունաբերական կանեփի արտադրության» մեկնարկը։ Հատկացվել էր 1 մլրդ դրամ գումար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր՝ թեև «կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում», կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ խոստանում էր, որ կանեփի արտադրությունը էականորեն կակտիվացնի գյուղատնտեսական հողերի օգտագործումը, որոնց մոտ 40 տոկոսը Հայաստանում չի մշակվում։
Մայիս-հունիս ամիսներին էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ․ արդյունաբերական կանեփի արտադրությունն և վաճառքը կանոնակրագվում էր «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով։
— Արտադրական կանեփը սահմանվում էր որպես «կանեփի մշակաբույս, որում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից»։
— Կանեփի արտադրությունը թույլատրվում է բացառապես գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով՝ միայն լիցենզիայի առկայության դեպքում։
— Արդյունաբերական կանեփի արտադրությունը անձնական օգտագործման նպատակով արգելվում է։ Թույլատրվում է միայն մեծածախ վաճառքը։
— Մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմատներում, տնկարաններում, սածիլանոցներում․․․
— Լիցենզիաները տրվում են մինչեւ 10 տարի ժամկետով:
— Լիցենզիա ստանալու համար դիմողը ներկայացնում է բիզնես-ծրագիր՝ հիմնավորումներով հանդերձ, նաև՝ տեղեկություններ ֆինանսական վիճակի, կանոնադրական կապիտալի վերաբերյալ․․․ Պարտադիր է նաև փոխկապակցված բոլոր անձանց և իրական շահառուների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների բացահայտումը:
— Լիցենզիա չեն կարող ստանալ թմրամոլությամբ տառապող կամ թմրամիջոցների/հոգեմետ նյութերի հետ կապված գործերով դատված կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձինք՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից։
— Լիցենզիա ստացածները պատրավոր են ներկայացնել նաև բոլոր աշխատակիցների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, անձնագրային տվյալներ, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություն:
— Լիցենզավորող մարմինը վարում է բոլոր աշխատակիցների ռեեստր: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ:
— Կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առեւտուրը: Լիցենզիաները տրամադրվում են ըստ քվոտաների:
— Վերահսկողությամբ զբաղվում է տեսչական մարմինը, որը, ի թիվս այլի, կարող է իրականացնել նմուշառում և փորձաքննություն՝ արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով: