Հովսեփ Մուրադյանն այս անգամ կնոջ հետ էր եկել Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Նրանց էին միացել բանակում որդիներ կորցրած այլ ծնողներ ևս՝ Գոհար Սարգսյանն ու Իրինա Ղազարյանը․ եկել էին 2013 թվականի հուլիսի 30-ին Մարտակերտի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զոհված (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) զինծառայող Արման Մուրադյանի ծնողներին աջակցելու համար։
Ու եթե սեպտեմբերի 13-ի առավոտյան տեղում պարզվել էր, որ զոհված զինվորի հոր ստացված ծանուցման մեջ ամսաթիվը սխալ էր գրված ու նիստը տասը օրից կկայանա, ապա սեպտեմբերի 23-ին ծնողներին սկզբից ասվեց, որ դատավորը խորհրդակցական սենյակում էր, հետո՝ որ նիստը կրկին հետաձգվել է։ Մուրադյանները, հիշեցնենք, Թալինից են Երևան գալիս։
Զինվորի հայրը տևական ժամանակ է՝ պայքարում է չեղարկելու համար Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով կարճվել էր քննիչներ Դերենիկ Իգիթյանի և Սերգեյ Թամրազյանի դեմ հարուցված քրեական գործը։ Մուրադյանը մի շարք ապացույցներ է ներկայացնում, ըստ որոնց, գործը քննվել էր կեղծիքներով և բացահայտ խախտումներով։
Ծնողները ցանկացան խոսել դատավորի, նրա օգնականի կամ դատարանի նախագահի հետ հետ, ինչի պատասխանեցին, որ կարող են զանգահարել ներքին համարներից մեկով։ Դա արդյունք չտվեց․ քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում ծնողները նկատեցին, որ նիստի հետաձգված լինելու մասին շրջանից հասնող մարդկանց կարելի էր նախապես տեղյակ պահել։ Զրուցակիցն ընդամենը ճշտեց՝ ո՞ր նիստի մասին է խոսքը և ե՞րբ էր այն հետաձգվել։
Անվտանգության աշխատակիցներն արգելեցին նկարահանում իրականացնել՝ դատավորի համապատասխան թույլտվության բացակայության պատճառաբանությամբ։ Անվտանգության աշխատակիցն արդարանում էր՝ կիսում է վիշտը, սակայն անձամբ ինքը ոչինչ անել չի կարող։ Դրա հետ մեկտեղ մեղքը բարդեց փաստաբանի վրա, որն էլ, նրա խոսքով, ժամանակին չէր տեղեկացրել նիստը կրկին հետաձգելու մասին։ «Մենք տեղյակ ենք, որ ձեր ներկայացուցիչը իմացել ա, ինձ թվում ա՝ ինքը տեղեկացված էր եղել։ Այսինքն ինքն ա մեղավոր, որ չի ասել ձեզ․․․»։
2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, դատարանի մուտքի մոտ հարցնում էր անվտանգության աշխատակցին՝ այդ դեպքում ինչի՞ համար էր փաստաբանը Վանաձորից հասել մայրաքաղաք․
«Ներկայացուցիչը ճանապարհին էր եղել․․․Զինվորներին սպանել են, մարդասպաններին իրենք քանի տարի է՝ այ սենց պահում են, էս ճանապարհներին էլ զինվորների ծնողների՞ն սպանեն, պրծնեն․․․ Դատական իշխանությունը թող հարգանք ունենա։
Այ էս զինվորների, որ քանի հազար գնաց, զոհվեց [2020 թվականի պատերազմում], ես վիզս կկտրեմ, եթե էս դատավորներից մեկի տղեն պատերազմում եղած լինի։ Դա բացառվում է։ Դրա համար թող հարգանք ունենան գոնե մնացած ծնողների հանդեպ։ Գոնե մի ժամ շուտ կարելի էր զանգահարել, եթե նրանք իսկապես ժամը 9-ին մտել էին խորհրդակցական սենյակ»։
Պարզել, թե, այնուամենայնիվ, ի՞նչ էր քննարկվում խորհրդակցական սենյակում, եթե պաշտպանը նախապես էր իմացել տվյալ որոշման մասին, չհաջողվեց։
Ավելի ուշ փաստաբան Արթուր Սուքիասյանն իր վարկածն առաջ բերեց․ Epress.am-ի հետ զրույցում պաշտպանը հաստատեց, որ ճանապարհին էր, երբ իրեն տեղյակ պահեցին նիստի հետաձգման մասին։ Նաև ասաց՝ տեսականորեն հնարավոր է, որ դատավորն, օրինակ, մեկ այլ գործով նիստի ի հայտ գալու հետ կապված ստիպված լինի գնալ խորհրդակցական սենյակ և տվյալ նիստը հետաձգելու որոշում կայացնել։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատարանի բակում Մուրադյանն ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սպասվող հանդիպման մասին, որը, սակայն, չի կայացել։