Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները տարիներ շարունակ պայքարում են, որ բացահայտվեն իրենց որդիների մահվան իրական հանգամանքները։ Երկար պայքարի ընթացքում նրանք արդեն «դարձել են» քննիչ, փաստաբան, իրավապաշտպան։ Այդ տարիներին նրանք հասցրել են հանդիպել Հայաստանի պաշտպանության բոլոր նախարարներին, դատախազներին, գրեթե բոլոր քննիչներին, նախագահներին և վարչապետներին։ Կա՛մ լսել են նրանց, կա՛մ լսել ու մխիթարել են, խոստումներ տվել, հետո՝ մոռացել։
Հեղափոխությունից մի քանի ամիս անց որդեկորույս ծնողները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա խոստացել էր բոլոր գործերը պահել ուշադրության կենտրոնում: Անկեղծ էր գուցե Փաշինյանը՝ ասելով, որ ոչ մի շահագրգռվածություն չունի չբացահայտել գործերը, սակայն ծնողների խոսքով, ըստ էության, գործերի վերաբացումը ձևական բնույթ է կրում, քանի որ դրանք քննում են այն նույն քննիչները, որոնք տարիներ շարունակ փորձել են կոծկել դեպքերի իրական հանգամանքները․ «անիվը պտտվում է»։ Նրանք կարծում են, որ համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն Պաշտպանության նախարարությունում, քննչական մարմնում, դատաիրավական համակարգում։
Epress.am-ի տաղավարում զրուցել ենք 2007 թվականին Վարդենիսի զորամասերից մեկում դեռևս չբացահայտված պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի և 2010 թվականին Հադրութում սպանված Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի հետ։