հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / «Պահի քեզ քո ցավակցությունները, ա՛յ տղա»․ զինվորի հարազատներին զայրացրել է քննիչի հայտարարությունը

«Պահի քեզ քո ցավակցությունները, ա՛յ տղա»․ զինվորի հարազատներին զայրացրել է քննիչի հայտարարությունը

Առաջին ատյանի դատարանը Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ բավարարել է խաղաղ պայմաններում մահացած Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի բողոքը հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Սաշիկ Ավետիսյանի և Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մուրադյանի որոշումների դեմ։ Համաձայն որոնց՝ գործ չէր հարուցվել «զինծառայողի մահվան հանգամանքները կոծկած» քննիչներ Սերգեյ Թամազյան ևԴերենիկ Իգիթյանի դեմ։

Հովսեփ Մուրադյանը և նրա պաշտպան, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հանգամանալիորեն ներկայացրել են, թե վարույթն իրականացնող մարմինն ինչ կոպիտ թերացումներ է թույլ տվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի կատարել փաստերի շուրջ։ Մասնավորապես, չեն հարցաքննվել դեպքի վայրի զննության մասնակիցները։ Իրեղեն ապացույցները կեղծվել են, ոչնչացվել են փաստաթղթեր։ Ինքնձիգը, որից եղել է «ինքնասպանության» կրակոցը, ամրակցված չի եղել Արման Մուրադյանին։ Զենքի վրա չեն եղել մատնահետքեր։

«Զինվորներին հարց եմ տվել՝ ինչո՞ւ մատնահետքեր չկան զենքի վրա, պատասխանել են, որ քննիչ Իգիթյանն իրենց ներկայությամբ զենքը սրբել է», -պատմել է Հովսեփ Մուրադյանը։

Զենքի գրանցման մատյանում որդու անվան դիմաց երկու զենք է գրանցված եղել, բայց մեկը այլ ձեռագրով հետո են ավելացրել։

Քննիչներն ուշադրություն չեն դարձրել վերը նշված փաստերի վրա։ Ավելին՝ Ավետսիյանը հենվել է միայն Իգիթյանի և Թամազյանի արդարացումների վրա և սյուբեկտիվ կերպով մերժել է քրեական գործի հարուցումը։

«Քննիչ Իգիթյանը հանցագործ է, սա վիրավորանք չէ։ Սա հաղորդում է հանցագործության մասին», -հայտարարություն է արել Ռուբեն Մարտիրոսյանը։

Վերջինս զայրացել և լքել է դատական նիստերի դահլիճը, երբ քննիչ Իգիթյանն իր ելույթի սկզբում ցավակցել է Արման Մուրադյանի հարազատներին․ «Անկախ հանգամանքներից՝ ինձ համար ցավ է ունենալ հայոց բանակի զինվորի կորուստ»։

«Պահի քեզ քո ցավակցությունները, այ տղա։ Դու էիր մնացել պակաս, սպանությունը փակես, հետո ցավակցես», -տեղից զայրացած գոռացել է Ռուբեն Մարտիրոսյանը։ Նա լքել է նիստերի դահլիճը՝ նշելով, որ չի կարող ներկա գտնվել քննիչի ելույթի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։