Բանակում տարբեր տարիներին սպանված զինծառայողների մինչ օրս արդարություն չգտած ծնողները, հնարավոր է, վերսկսեն բողոքի ակցիաները։ Վերջնական որոշումը կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այս շաբաթ սպասվող հանդիպման արդյունքներից։
2018-ից հետո քննիչների ու դատավորների աշխատելաոճն առանձնապես չի փոխվել, ժամանակի ձգձգումն ու փաստերի աղավաղումը շարունակվում է, Epress.am-ի հետ զրույցում նկատել է Հովսեփ Մուրադյանը։ Նրա խոսքով՝ գործերից մեկի շրջանակներում 4 ամիս լռությունից հետո որոշակի շարժ կա՝ «կասեցումից հանել, ուղարկել են նոր նախաքննության», ինչը, սակայն, Մուրադյանը կապում է Փաշինյանի հետ սպասվող հանդիպման հետ։ «Իմացան, որ պիտի հանդիպենք, նիստը մի շաբաթ առաջ գցեցին։ Էս դատարանները, քննչականը կրկեսի են նմանվում։ Ուղղակի կրկեսում մարդկանց ուրախացնում են, իսկ դատարաններում մեր վիշտը տասնապատկում»։ Մուրադյանը նկատում է նաև լրատվամիջոցների անտարբերությունը, մինչդեռ, վերջիններիս ներկայությունն ազդում է դատարանների ու այլ կառույցների վարքագծի վրա։
2013 թվականի հուլիսի 30-ին Մարտակերտի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զոհված, իսկ պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպան եղած զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ ծանուցում ստանալով, սեպտեմբերի 13-ի առավոտյան Թալինից եկել է Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Տեղում պարզվել է, որ շփոթմունք է տեղի ունեցել․ նիստը 10 օրից է։
Զինվորի հայրը, հիշեցնենք, տևական ժամանակ է՝ պայքարում է Հատուկ քննչական ծառայության որոշումը չեղարկելու համար, որով կարճվել էր քննիչներ Դերենիկ Իգիթյանի և Սերգեյ Թամրազյանի դեմ հարուցված քրեական գործը։ Մուրադյանը մի շարք ապացույցներ է ներկայացնում, ըստ որոնց, Արմանի գործը քննվել էր կեղծիքներով և բացահայտ խախտումներով։
2013 թվականին շարքային Մուրադյանի մահվան դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործի նկարագրությունում նշվում էր՝ զինծառայողն ինքնասպան է եղել «իրեն ամրակցված զենքով»։ Զենքը, սակայն, ըստ զինգրքույկի, Արմանին ամրակցված չի եղել։ Հրազենի վրա բացակայում են նրա մատնահետքերը։ Քննիչները նախաքննության ողջ ընթացքում անտեսել են այս հանգամանքը։ Ինչպես նաև անտեսվել է այն փաստը, որ զինվորի դին Երևան էր ուղարկվել փոխված հագուստով։ Ավելի վաղ Մուրադյանն ասել էր, որ դեպքից կարճ ժամանակ առաջ Վերնիսաժից նոր համազգեստ էր գնել, սակայն որդուն ստացել է հնամաշ համազգեստով, որը չէր համապատասխանում նույնիսկ մահվան դեպքն արձանագրող քննիչի նկարագրությանը։ Տվյալ փաստը հաստատվել էր նաև փորձաքննությամբ։
Դատարանի բակում նստարաններից մեկի վրա տեղավորվելով, Մուրադյանը վերհիշել է փաստերի բազմաթիվ աղավաղման և կոծկման դեպքերը։
«Մենք առ այսօր պահանջում ենք գործից անհայտացած 182-րդ էջը։ Ասում են․ «Կարևոր չի էղել»։ Շա՛տ կարևոր էր էղել։
Մեր մայր գործի հազար քանի էջից, ինչպես հաստատում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, միայն մի նախադասությունն է ճիշտ, որ բուժկետում զինվորի հագուստով դիակ կա։ Էդ մի նախադասությունն ա։ Ամբողջը սուտ, կեղծիք։
Պետք է և՛ զորամասի հրամանատարը, և՛ զորամասի շտաբի պետը, բոլորը պետք է պատասխան տան։ Այ էդ 182-րդ էջը, որը քննիչը կերել է, պարտակել է, լույս է սփռում էս ամեն ինչի վրա։
ՀՔԾ-ում ես ցուցմունք եմ տվել, անտեսել են։ 8 տարի է՝ բարձրաձայնում ենք, ասում են՝ «եթե անհրաժեշտ լինի․․․»։ Դե, թող տրամադրեն, ո՞ւր ա էդ էջը։
Զորամասի հրամանատարը պետք է պատասխանատվության կանչվեր, որովհետև որդիս ունեցել էր 7 «գ» կետ․ իրավունք չուներ զենք կրելու, մանավանդ որ զենքը գրանցված չէ՛։ Փորձաքննությանն ուղարկված զենքի վրա ոչ մի մատնահետք չէր եղել։ Զինվորները հաստատում են, որ իրենց ներկայությամբ քննիչը սրբել էր զենքը։
Մենք ասում ենք՝ հագուստը փոխված էր, իրանք ասում են՝ շփոթմունք էր էղել․․․
Ցուցմունքները․ նույն զինվորը իրար հակասող ցուցմունքներ է տալիս։
Ականատես զինվորներից մեկն ասում ա․ «Ես տեսա՝ կրակեց, մեջքի վրա ընկավ»։ Մյուսը ասում ա․ «Կրակեց, չոքեց, խռխռացնում էր»։
Կեղծվել էր նաև Արման Մուրադյանի ստորագրությունը․ «Զենքը, որ ստացել էր որդիս, ստորագրությունը մատյանում կեղծված էր, ստորագրությունը ոչ մի տեղ չի համընկնում»։
***
Մինչ հեռանալը Մուրադյանը հիշեց ծնողների՝ տարիներ շարունակ անցկացվող ակցիաները, նկատելով, որ իրենց համար մեկ է՝ ով է իշխանության գլխին, թեպետ մեծ հույսեր էին կապում իշխանափոխության հետ։
«Մեր համար մեկ ա՝ եթե լավ չի, Նիկոլն էլ լավ չի, մենք բարձրաձայնում ենք, որովհետև մենք արդարություն ենք ուզում։ Բայց լրատվամիջոցներ կան, որոնք էղածներից շահ ունեն՝ լուսաբանում են․․․ տեսնեն իշխանության մի մազը՝ կբարձրաձայնեն, իսկ որ նախկին իշխանության անտառն էին տեսնում՝ չէին բարձրաձայնում։ Մենք էդ էլ գիտենք, նկատում ենք»։